Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ


 

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ

Բանաստեղծությունը մարդու հոգու հայելին է, նրա ապրումների արտացոլանքն է: Ես շատ երկար տարիներ իմ օրը սկսում եմ բանաստեղծությամբ և նրանով էլ ավարտում: Աղոթք է դարձել ինձ համար բանաստեղծությունը: Երևի առանց նրա չկարողանամ ապրել գեթ մեկ օր: Ուզում եմ, որ բոլորն էլ ապրեն բանաստեղծության հետ, բանաստեղծության նման լինի նրանց կյանքը: Ուրեմն, Նոր տարում մաղթում եմ հավատարմություն բանաստեղծությանը: Երբ բանաստեղծություն ես կարդում` վերանում ես գորշությունից, մռայլութ յունից և ավելի ես գալիս դեպի քեզ, ավելի ես ճանաչում անձդ:

Ուզում եմ, որ ամեն մեկս մեզ լավ ճանաչենք, որպեսզի հեշտ լինի ապրելը: 2013-ը թող ամեն մեկիս հոգում բանաստեղծության տարի լինի` անպաշտոն, անհրամանագիր բանաստեղծության տարի: Մենք հռչակենք այդ տարին ու ապրենք նրա պարգևող հրաշքների մեջ: Հատկապես շատ եմ ուզում, որ մենք ապրենք հայ բանաստեղծությամբ: Մերը լինելով, մեր հոգուն հարազատ լինելով` մենք քիչ գիտենք այն: Հիմա կարծես մոռացության ենք տալիս ոչ միայն մեծերից մեծերին, այլև Հովհաննես Շիրազին ու Սիլվա Կապուտիկյանին, Վահագն Դավթյանին ու Համո Սահյանին, Հրաչյա Հովհաննիսյանին ու Մարո Մարգարյանին… Բոլորին, բոլոր նրանց, ովքեր մեր հոգու տաճարները կառուցեցին: Իսկ երբ մոռացանք` սկսեցինք ապրել առանց այդ տաճարների: Նոր տարում վերականգնենք այդ տաճարներն ու ապրենք նրանց մեջ: Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը, մաղթում եմ այն ամենը, ինչը կմաղթեր հայ կինը հայ մանուկներին, հայ աղջիկներին ու հայ մայրերին: Երջանի´կ լինենք, հպա´րտ լինենք, ընդունենք ժամանակի մարտահրավերները և հաղթենք բանաստեղծությամբ: