Նիկոլայ ՂԱԶԱՐՅԱՆ


 

Նիկոլայ ՂԱԶԱՐՅԱՆ. ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր

ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ

Հին հռոմեացիներն իրար հանդիպելիս` չէին բարևում, այլ մեկը մյուսին մարտական տրամադրություն էր մաղթում: Տարիներ շարունակ մարզաշխարհի մարդիկս էլ իրար այդ ենք մաղթել: Երևի սա է եղել կարևորը: Հիմա էլ, Նոր տարվա շեմին, առաջին հերթին մարզաշխարհի մարդկանց մարտական տրամադրություն եմ մաղթում, ուզում եմ, որ գալիք տարում մարտականությունն ու հաղթելու կամքը որևէ մարզիկի չլքի:

Արարատցիներիս համար հոբելյանական է լինելու 2013-ը, որովհետև լրանում է մեր պատմական հաղթանակների 40 տարին: 40 տարի առաջ մենք դարձանք ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, երկրին ապացուցեցինք, որ կա հայկական հզոր ֆուտբոլ: Ուզում եմ, որ հոբելյանը առիթ դառնա մեր հավաքականի համար` գրանցելու հայկական ֆուտբոլի նոր վերելքը: Մենք վաղուց ենք սպասում նոր ու մեծ հաղթանակների: Նաև նշեմ, որ մեզ մեկ տարի կբաժանի ձմեռային օլիմպիադայից, ուստի շատ եմ կամենում, որ գոնե ձմեռային խաղերի ժամանակ չեմպիոններ ունենանք: Մի խոսքով, բոլոր մարզիկների Նոր տարին եմ շնորհավորում: Շնորհավորում եմ նաև բոլոր մարզասերներին: Այսինքն` բոլոր հայերին, որովհետև չկա մի հայ, որ գոնե մեկ մարզաձևի երկրպագու չլինի: Ուզում եմ, որ գալիք տարում Հայաստանի դրոշը բազմաթիվ տեղերում բարձրանա: Ախր շատերը չգիտեն, թե ի˜նչ երջանկություն է, երբ քո երկրի դրոշն է բարձրանում: Դա է ամենամեծ հաղթանակը...