ՊԱՏՄԱՀԵՆՈՒԹՅՈՒՆ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ. հերթականը


 

Մենք, ծաղրալից վերաբերմունք ունենալով ադրբեջանական այս տխմարությունների հանդեպ, այնուհանդերձ արդեն իսկ պետք է միջազգային հանրության քննարկման նյութը դարձնենք Բաքվի կեցվածքը, որը վտանգներով է հղի և կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանի երկրներին: Գիտենալով, որ ադրբեջանական բանակը օրուգիշեր զինվում է`մենք տևական ժամանակ մտածել ենք, թե սպառազինությունների մրցավազքն ուղղված է միայն Լեռնային Ղարաբաղին, մինչդեռ այսօր պարզ է դառնում, որ Ադրբեջանն ունի հեռահար նպատակներ, որոնց թիկունքին կանգնած է նաև Թուրքիան…

Գիտենք, իհարկե, որ ադրբեջանական պատմագիտությունը կառուցված է ստի ու կեղծիքի վրա: Այս երկրում կեղծարարների մի խումբ «պատմություն» է մոգոնում` իբր ապացուցելու, թե գործ ունենք հնագույն պատմություն ունեցող երկրի հետ: Ասվածի վկայություններից մեկն էլ Թուրքմենչայի պայմանագրի հերթական տարելիցի հանդիսավոր նշումն էր: Այս պայմանագիրն իր բովանդակությամբ որևէ կապ չունի Ադրբեջանի հետ: Դրանով ամրագրվել է պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրումը և միավորումը Ռուսաստանին: Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, Պարսկաստանը պաշտոնապես ճանաչել էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին ու պարտավորվել վճարել 20 մլն ռուբլի ռազմատուգանք: Այս պայմանագրում որևէ նշում չկա Ադրբեջանի մասին. 1828 թվականի փետրվարի 10-ին նման պետություն գոյություն չի ունեցել: Նախիջևանի գավառը Հայաստանի մաս էր կազմում:

Ուրեմն, ի՞նչն է այդպես խանդավառել մեր հարևաններին, որ արդեն որերորդ անգամ նշում են այս պայմանագրի տարելիցները: Ըստ ադրբեջանական «պատմագիտության»` Պարսկաստանի կառավարիչները եղել են ադրբեջանցիներ, հետևաբար այս պայմանագրով վերջ է տրվել Ադրբեջանի մասնատմանը: Մեծ երևակայություն է պետք ունենալ` այս տխմարությանը մեկնաբանություն տալու համար: Պատերազմել են Ռուսաստանն ու Պարսկաստանը, իսկ, ըստ ադրբեջանական պատմաբանների, սկիզբ է դրվել իրենց երկրի մասնատմանը: Ստացվում է, որ Պարսկաստանը հենց Ադրբեջանն է, կամ էլ` Պարսկաստանի մի զգալի մասը պատկանում է այս ինքնաստեղծ երկրին:

Այս մոտեցումը խորքային հավակնություններ և նկրտումներ է պարունակում: Իրանի շուրջ այսօր ստեղծվել է լարված իրավիճակ. այս երկիրը նշանակետ է դարձել, որի վրա ամեն պահ կարող են հարձակումներ իրականացվել: Եվ Ադրբեջանն արդեն իր հաշվարկներն է անում` ցնծությամբ սպասելով նոր իրանական պատերազմի: Ինչպես գիտենք, ադրբեջանական մեջլիսում արդեն առաջարկություններ են հնչել` իրենց երկիրը «Հյուսիսային Ադրբեջան» անվանելու: Այսինքն, Թուրքմենչայի պայմանագրով երկիրը մասնատվել է երեք մասի` Հարավային, Հյուսիսային և Արևելյան: Ուրեմն, վերամիավորման խնդիր կա: Իսկ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կամենում է իր օգուտները քաղել և պատերազմական վիճակից օգտվելով` իր տարածքին միավորել Իրանական Ադրբեջանը, որի պատմական անվանումը Ատրպատական է: Սրան էլ գումարենք այն, որ իբր Ադրբեջանի երրորդ մասնատված հատված է դիտարկվում Իրիվանի խանությունը` Լեռնային Ղարաբաղով և Հայաստանով: Ադրբեջանում արդեն շրջանառության մեջ է դրվել երկրի նոր քարտեզը, որում երկիրը ներկայացված է նշված այդ սկզբունքով:

Բայց սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանի տարածքային նկրտումների թիրախ են դարձել նաև Ռուսաստանն ու Վրաստանը, քանի որ Ադրբեջանի քարտեզի մեջ ներառվել են նաև Հարավային Դաղստանը, Նախկին Բորչալուի գավառը` ներկայիս Ախալքալաք, Ախալցխե շրջաններով: Վրաստանի տարածքը փոքրացվել է`այդ երկրին բաժին թողնելով մայրաքաղաք Թբիլիսին և Մցխեթիի շրջանը: Սա ադրբեջանական վաղեմի երազանքի արտահայտությունն է, որը հիմա այդ երկրի համար արդիական է դարձել:

Ադրբեջանում անհամբերությամբ սպասում են Իրանի ռմբահարումներին, որպեսզի, օգտվելով առիթից, սկսեն պատերազմական գործողություններ Վրաստանի և Հայաստանի դեմ, թիրախ դարձնեն նաև Դերբենտն իր շրջակայքով և հասնեն իրենց երազանքների իրականացմանը: Պատմությունը նման փաստեր հիշում է, երբ, օգտվելով միջազգային զարգացումներից և իրադարձություններից, Ադրբեջանը փորձել է «իր բաժինը» ստանալ: 1944-45 թվականներին Իրանի հյուսիսում, խորհրդային զորքերի աջակցությամբ, հռչակվեց «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը», որը, բարեբախտաբար, երկար կյանք չունեցավ: Իսկ 1989 թվականին էլ ադրբեջանցիները Նախիջևանում հարձակում գործեցին և ավերեցին մոտ 700 կմ ձգվող Իրանի պետական սահմանը` փորձելով ռազմական գործողություններ իրականացնել այստեղ և զավթել Իրանի տարածքի մի մասը: Այսինքն, այս երկիրը մշտապես հավակնություններ է ունեցել Իրանի նկատմամբ, իսկ Թբիլիսին և Երևանն էլ համարում է ադրբեջանական մշակույթի կենտրոններ, նշում Երևանի բերդի 500-ամյակը` այսպես հայտարարելով, թե Երևանը եղել է ադրբեջանական բերդաքաղաք...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ