ՀԻՄԱ ԷԼ` ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ


 

Զարմանալի բաներ են կատարվում ՕԵԿ-ում: Ասենք`չէ˜, զարմանալի ոչինչ չկա. պարզապես Արթուր Բաղդասարյանը վերադառնում է իր խաղաոճին և ընտրություններից առաջ արդեն սկսել է հետաքրքիր «առևտուրը»: Բոլորին է հայտնի, թե այս կուսակցությունում ինչպես են ընդգրկվում համամասնական ցուցակ, ինչպես են վաստակում Արթուր Բաղդասարյանի համակրանքը… Մի առիթով այս կուսակցությունից հեռացած մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանն ասաց.

- Այդ մարդն աշխատեցնում է իր համար, իսկ հետո փոխում գործընկերներին` հիմա էլ ուրիշներից շահեր ակնկալելով:

Հիմա Արթուր Բաղդասարանը, մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` խիստ նեղացրել է իր մեծագույն գովերգուներից մեկին` գյումրեցի Մարգարյան Հովհաննեսին, ով կուսակցության առաջնորդի «պատկերը կախած ուներ իր սնարին»: Ամենուրեք ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին փառաբանող, իր ամեն մի ելույթը «թանկագին Արթուր Բաղդասարյան»-ով սկսող Մարգարյան Հովհաննեսին ընդգրկել են համամասնական ցուցակի ոչ անցողիկ տեղում և առաջարկել են ընտրություն ներին մասնակցել մեծամասնականով: Այսինքն, դու էլ մեզ պետք չես, քո փոխարեն երևի մի շատ փող ունեցող է հայտնվել… Եվ իրականում էլ հայտնվել են: Հենց այս հայտնվածների համար էլ Հեղինե Բիշարյանի ջանքերով կուսակցությունից հեռացվեց Գագիկ Բաղդասարյանը: Հավանաբար, առաջիկայում էլի մարդկանց կնեղացնեն` դրան զուգահեռ բարձրացնելով համամասնականի գները: