Ահնիձորյան ասքն անավարտ մնաց


 

Քսաներորդ դարի հայ արձակի մեծագույն դեմքերից մեկի` Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր փետրվարի 12-ը: Այդ օրն իր ահնիձորյան ասքը հյուսած գրողը կդառնար 77 տարեկան: Չդարձավ… Մահը արվեստագետների մեծության հետ հաշվի չի նստում` չհասկանալով-չըմբռնելով, որ նրանք ազգային արժեք են, ազգային գիտակցության կրողներ, որ նրանց հեռացմամբ երկիրն ու հայրենիքը աղքատանում են: Հրանտ Մաթևոսյանի հեռացմամբ աղքատացան Երկիրն ու Հայրենիքը, աղքատացան մարդկանց շարքերը, իսկ գրականությունն իր գրկի մեջ առավ նրա անսովոր-ինքնատիպ աշխարհի արձագանքները, որոնք սկիզբ էին առնում գրողի երևակայությունից, նրա ներպարփակ զգացողություններից, միջավայրից եկող տպավորություններից և հասնում մինչև տիեզերական հեռուները:

Հրանտ Մաթևոսյանի գրականության հերոսը դեպի տիեզերք միտվող, տիեզերական գաղտնիքների և առեղծվածների մեջ ապրող անհատն էր` մեծագույն արտերևույթը:

Հրանտ Մաթևոսյանի գրականության ճշմարիտ բնութագրիչներն ի մի եկան, հավաքվեցին «Տերը» կինովիպակում, որը գրողի վերջին ստեղծագործական ճիչերից մեկն էր, մեր գրականության այն բարձրակետերից, որով կարելի է ազգ և գրականություն ճանաչել: Գրողն իր հերոսի ծննդի մեջ իսկապես միթոլոգիական սկիզբ էր դրել` նրան դարձնելով բնության ստեղծած, բնության անկապտելի մասնիկ, որը սերում է մեր ազգային արքետիպերից, դառնում Սասնա ծռերից մեկը: Եվ հենց բնության ու անտառի անունից Ռոստոմը կռվում էր դաժանության ու անարդարության դեմ` ձգտելով վերականգնել այն հրաշալի ներդաշնակությունը, որը խաթարվել էր մարդու մեղքով:

Եթե Սոփոկլեսը մարդուն համարում էր աշխարհի մեծագույն հրաշքը, ապա Մաթևոսյանի համար հրաշքն ինքը բնությունն էր, որը ծնում էր մարդուն, ձևավորում նրա աշխարհայացքը, պարգևում ապրելու իրավունքն ու երջանկությունը: Սակայն մարդը ելնում է իրեն ծնած բնության դեմ, աղարտում ու այլանդակում այն, զրկում իրեն գեղեցկությունից` այլանդակելով իր իսկ հոգին, այնտեղ բնակեցնելով չարության ու վայրագության դրսևորումները:

Աշխարհավերման, աշխարհստեղծման իրողությունները քսաներորդ դարում փոթորկի նման եկան ու իրենց մեջ առան մարդկության նոր պատմությունը, այդ պատմությանն ընթացքն ու նրա փիլիսոփայությունը: Ամեն մի գրող ու արվեստագետ յուրովսանն արձագանքեց այդ ամենին, սրդողած նայեց Երկիր մոլորակի ապագային: Հրանտ Մաթևոսյանն էլ Ռոստոմ Սարգսյան-Մամիկոնյանի ահարկու-աժդահա կերպարով ելավ սարսուռների ու տագնապների դեմ` այս կերպարը դարձնելով մեր նորոգ պատմության մի նոր Տորք Անգեղ ու Փոքր Մհեր: Փոքր Մհեր, որովհետև գրողը մշտապես գնում էր դեպի գեղարվեստական մտածողության և միթոլոգիայի նույնականացմանը, դեպի մարդկային մտածողության մետաֆիզիկական կառույցի ընդարձակումը: Փոքր Մհերը պահվեց Ագռավաքարում, որովհետև խեղդում-նեղում էր շրջապատում ամեն ինչ, որովհետև անարդարությունը որոմի նման տարածվել էր շուրջբոլորը, ու ազնիվ հոգին պիտի մեկուսանար, փակվեր, հեռանար… Ռոստոմ Մամիկոնյանի համար այլևս Ագռավաքար չկար, որովհետև անբարոյական մտածողությամբ ու կեցվածքով մարդ կոչվածները նաև ավերել-ոչնչացրել էին միակ փրկությունը` Ագռավաքարը: Նրանք պիտի սպանեին Ռոստոմին` այսպես փրկելով նրան այլասերվա ծության վազող-շտապող հորձանքից…

Երկրին Ռոստոմ Մամիկոնյան էր պետք, ու նա այլևս չկա… Ռոստոմը միթոլոգիական-տիեզերականի ներկայությունն էր ապրվող իրականության մեջ, ով, Քրիստոսի նման, եկել էր հաստատելու և վերականգնելու ամենաբարձր բարոյականը, մշտնջենականը… Նա պարտվեց իր պայքարի ու առաքելության մեջ, որովհետև նրա մեջ աստվածային անգիտակցականությունն ու մարդկային գիտակցությունը հեռու էին իրականության գորշությունից, միապաղաղ-գետնաքարշ ես-ից: Նա «մենք»-ի կրողն էր, իսկ «ես»-ն առավել հզոր էր իր անբարոյական պոռթկմամբ…