«Բոլորի մասնակցությունը կկանխի ընտրակեղծիքները».


 

համոզված է ԱԺ` ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնություն ունենալով օրենսդիրում, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, քաղաքական կոալիցիա կազմեց, չնայած` ակնառու էր, որ ի վիճակի էր ցանկացած որոշում միայնակ էլ ընդունել խորհրդարանում: Առաջիկա ընտրություններում մտադի՞ր է, արդյոք, ՀՀԿ-ն` բեռնաթափել նախորդ ընտրություններից հետո ստանձնած պատասխանատվությունը, որպեսզի հնարավոր նոր կոալիցիայի կազմումը իսկապես բխի քաղաքական անհրաժեշտությունից, ինչը կարող է նպաստել ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը և նրա ավելի մնայուն լինելուն :

- Ցանկացած քաղաքական թիմի համար պատասխանատվության բեռը ընտրությունների միջոցով որոշում է ժողովուրդը: Իսկ առաջիկա ընտրությունները պետք է ավելի լավ, բարձր որակի լինեն: Եվ ոչ այն պատճառով, թե Եվրամիությունը տնտեսական առումով` ինչ կտա մեզ, այլ որովհետև բարձրացել է հայ ժողովրդի և Հայաստանի ճանաչվածությունն ամբողջ աշխարհում: Ու ինչքան ժողովրդավարական չափանիշերին համապատասխան անցնեն ընտրություններն, աշխարհի մասշտաբով մեր քաղաքական օրակարգն ավելի ընդունելի և ընկալելի կլինի: Խնդիրը վերաբերում է և´ Ղարաբաղի հիմնահարցին, և´ Ցեղասպանությանը, և´ հայ-թուրքական սահմանի բացմանը: Մենք այդ կշիռը ունենք, բայց դա չենք վերագրում «Հանրապետականի» գործունեությանը: Դա ողջ հայ ժողովրդի, քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների ձեռքբերումն է: Այս ընտրություն ներում խնդիր է դրված` պահպանել այդ ձեռքբերումները: Իսկ պահպանման հիմնական արձանագրումը լավ ընտրությունները կլինեն: Իսկ ընտրությունների հասարակական վերահսկողությունը տրամաբանորեն ամենաանհրաժեշտ գործիքն է լինելու ընտրությունների ողջ ընթացքում: Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձի ավելի շատ շփվել ժողովրդի հետ և իր ծրագրերը ներկայացնի հասարակությանը: Այս պահին մենք իրավիճակը գնահատում ենք ակտիվ և կայուն: Այս ամիսների ընթացքում քաղաքական ուժերի որոշակի մասը հարվածում է իրեն մրցակից համարվող ուժին` այդպիսով իբրև թե սրբացնելով իր գործունեությունը:

Ինչ վերաբերում է բեռնաթափմանը, ասեմ` մենք բեռնաթափվելու խնդիր ընդհանրապես ունենք, բայց ոչ` կուսակցական մակարդակով: Կուսակցությունն ընդամենը միջոց է որոշակի նպատակներ իրագործելու համար: Իսկ նպատակների տերն ու տնօրենն ինքը` ժողովուրդն է: Ձեր ասած բեռնաթափումն ընտրություններից հետո կարելի է վերլուծել, որովհետև դա կախված է լինելու ժողովրդի քվեներից` թե ո՞ր քաղաքական ուժին կվստահի: Ընտրական օրենսգիրքը բավական լավ հնարավորություններ է տալիս, որպեսզի հասարակական վերահսկողությունն ավելի բարձր լինի: Դա, մասնավորապես, վստահված անձերի գործունեությունն է: Կարծում եմ` քաղաքական ուժերը որքան ավելի ակտիվ, բանիմաց մարդիկ ներգրավեն` հենց տեղամասերում վերահսկողությունն ապահովելու` այնքան լավ: Իրենք` կուսակցությունները պետք է չաղճատեն ընտրությունները, օրենքի շրջանակներում համագործակցության մեխանիզմներ գտնեն, որպեսզի վերահսկելի դարձնեն և´ իրենց, և´ իրենց թիմերի գործունեությունը:

- Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե արտակարգ դրության մասին օրենք ընդունելու փոխարեն, օրենսդրորեն ամրագրվեր ընտրությունների հասարակական վերահսկողության անհրաժեշտությունը:

- Ամբողջովին ընտրական օրենսգիրքը հասարակական վերահսկողության մեխանիզմ է ենթադրում: Առավել ևս, ես այն կարծիքին եմ, որ երբեմն ավանդույթներն ավելի բարձր արժեք ունեն, քան օրենքները: Մենք պետք է կարողանանք թեկուզ կարճ ժամանակահատվածում որոշակի ավանդական քաղաքականություն վարել հանրության լայն շրջանակներում: Ամենակարևորն այն է, որ ձեր ասած` հասարակական վերահսկողությունը նպաստի, որպեսզի ժողովուրդը գնա ընտրությունների, բոլորը մասնակցեն: Սա հիմնականում կկանխի ընտրախախտումները:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է` մոտ ժամանակներս կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվի: Դա ի՞նչ նպատակ կարող է հետապնդել:

- Նոր հուշագրի քննարկումներ մենք չունենք: Այս պահին եթե լինի էլ, դա ավելի շատ տեխնիկական, կազմակերպչական փաստաթուղթ կլինի: Մենք համաձայնեցված առաջնորդվում ենք նախորդ տարվա փետրվարի 17-ի հուշագրով:

Վերջերս սկսել են բարձրաձայնել խիստ մտահոգիչ մի երևույթի մասին: Այն է` աղանդավորական կազմակերպությունները բանակցությունների մեջ են մտել ազդեցիկ կուսակցությունների հետ` նրանց ցուցակներում իրենց ներկայացուցիչներին անցողիկ տեղերում ընդգրկելու շուրջ: Սրա դեմն ինչպե՞ս կարելի է առնել:

- Որպես անհատ, որպես անձ ասեմ, որ աղանդներն ինձ համար ընդհանրապես մերժելի են: Եվ ավելի վտանգավոր են, քան մնացած բոլոր վտանգավոր երևույթները, որ կարող են պատուհասել հայ ժողովրդին: Աղանդները պետք է իսպառ վերացվեն: Ժողովրդավարական չափորոշիչները կոնկրետ վիճակներ չեն մատնանշում, բայց մենք պետք է կարողանանք ներքին մեր հոգեբանական, բարոյական արժեքներով այնպես անել, որ ընդհանրապես աղանդներ չլինեն: Սակայն` եթե քաղաքացի է, ուրեմն ընտրություններին պետք է մասնակցի: Եթե աղանդավորները կուսակցություն են դառնում, ցուցակ են ներկայացնում, կամ մասնակցում են մեծամասնական ընտրություններին, դա իրենց իրավունքն է: Համենայն դեպս, մենք աղանդավորությանը զարկ տվող չենք, այդ առումով հակառակ ու կոշտ կուսակցություն ենք:

Հրազդանի ընտրությունները կարո՞ղ է նախադեպ լինել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար:

- 39 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել և իհարկե կանխազգում եմ, որ բամբասանքներ կլինեն: Բայց 39 տեղերում որևէ լարվածություն չի արձանագրվել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ