Հայելու առեղծվածը


 

Մի փոքր մտածելու դեպքում յուրաքանչյուրը կարող է մտաբերել հայելիների մասին պատմող տասնյակ առեղծվածային պատմություններ ու հավատալիքներ: Կենցաղում մեր ամենօրյա ուղեկիցն առաջին հերթին գրավում է իր անբացատրելիությամբ, փիլիսոփայական երկիմաստությամբ` մի կողմից նյութական, շոշափելի առարկա, մյուս կողմից` արտացոլանք:

Անհիշելի ժամանակներում հայելու նախատիպը ջրի շերտն էր, իսկ մարդու կողմից ստեղծված առաջին օրինակը ողորկված մակերեսով սովորական մետաղյա թիթեղ էր: Հետաքրքիր է այն փաստը, որ յուրաքանչյուր ոք դրանից օգտվելու իրավունք չուներ, դրա կիրառումն արգելված էր կենցաղում: Պատճառը պարզ է` հայելին համարվել է աստվածների և դիցերի զենքը:

Տարածված էին հայելիների տասնյակ տեսակներ, որոնք կիրառվում էին տարբեր մոգական գործողությունների ժամանակ: Ինկվիզիցիայի ժամանակաշրջանում հայելի պատրաստող վարպետների թիվը կրճատվել էր, ուստի կախարդները գուշակության նպատակով սկսեցին կիրառել գնդաձև բյուրեղապակի, քանի որ հարթ մակերեսը քիչ արդյունավետ էր:

Հին Հռոմում ոչ մեծ հայելիներ էին տեղադրում ջրի շերտի տակ` կանխագուշակելով հիվանդների ճակատագիրը:

Բոլոր ժամանակներում հայելիներով գուշակությունն ու ծիսական գործողություններն ամենաանկանխատեսելին ու բնականաբար ամենավտանգավորն են եղել: Քանի որ մեծ է եղել իրադարձությունների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու հավանականությունը: Ոչ փորձառու կախարդները կարող էին վնասել թե´ իրենց, թե´ շրջապատին:

Մեծ տարածում ունեն պատմություններն այն մասին, որ հայելին ունակ է բացասական էներգիան կլանել, ապա և արձակել, հիշողություն ունի ու պահպանում է բոլոր ժամանակներում իր մեջ արտացոլված մարդկանց մասին տեղեկատվություն: Իսկ եթե մարդը չար է կամ դժբախտ, ապա հայելին կկրի իր մեջ նրանցից փոխանցված չարությունն ու ցավը` մինչև ջարդվելը: Այդ պատճառով հայելի ընտրելիս պետք է հնարավորինս զգուշավոր լինել, երբեք հին հայելիներ չպահել տանը: