Բեն Լադենին դավաճանել է կռվարար կինը


 

Պակիստանի Զինված ուժերի պահեստազորի գեներալ Շուքաթ Քադիրը, ով նաև զբաղվում է Ուսամա բեն Լադենի կյանքի վերջին օրերի հետաքննությամբ, հայտարարել է, որ թիվ 1 ահաբեկչին դավաճանել և «հանձնել» է նրա կռվարար կինը: Նա ամբողջացրել է հետախուզության սպաների, գաղտնի գործակալների` տարբեր ժամանակներում տված հարցազրույցների, և ահաբեկչի կանանցից մեկի` Ամալ Ահմեդ Աբդել-Ֆաթահել էլ- Սադայի հարցաքննության պատառիկները: Գեներալը համոզված է, որ ահաբեկչի ընտանեկան ջերմությունն ու խաղաղությունը խաթարվեց այն պահին, երբ հայտնվեց նրա երրորդ և ամենաավագ կինը` Հարիյի Սաբերը:

- Նախքան կնոջ գալը` նրանք համերաշխ ու խաղաղ էին: Սակայն նա ամեն ինչ արեց ընտանեկան անդորրը խախտելու համար: Ուսաման փորձում էր անհոգ ու անտարբեր ձևանալ, սակայն ընտանիքն իսկապես խառնաշփոթի մեջ էր,- պատմել է Քադիրը:

Խառնակիչ կինը բացահայտ հայտարարել էր, որ դեռ մի վերջին պարտք ունի` ամուսնու առաջ կատարելու: Այս խոսքերը խուճապահար են արել բեն Լադենի հարազատներին, սակայն ահաբեկիչը չափազանց հանգիստ է արձագանքել, ասելով` եթե նա մտադիր է այդպես վարվել, թող այդպես էլ վարվի, կնոջ պարտականությունը ամուսնու հոգսերը թեթևացնելն է: Ապա մյուս կանանց և երեխաներին հորդորել է հեռանալ ավելի ապահով վայր. նրանք սակայն հրաժարվել են լքել իրենց առաջնորդին:

Քադիրի` ճշմարտանման թվացող այս վարկածը, սակայն հակասում է ամերիկյան պաշտոնական վարկածին, ըստ որի բեն Լադենի գտնվելու վայրը հնարավոր է եղել հայտնաբերել` հետապնդելով նրա սուրհանդակներից մեկին: