ՆՈՐ ՀՈՒԶՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ


 

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարության այրված շենքը քանդվելու է, իսկ նրա տեղում կառուցվելու է մի հսկայական շենք, որտեղ տեղակայվելու են Արդարադատության, Արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարությունները:

Եթե Արդարադատության նախարարության դեպքում հասկանալի է ամեն ինչ, ապա տարակուսելին այն է, որ մյուս նախարարություններն ապահովված են. դրանք զբաղեցնում են կառավարության երկրորդ մասնաշենքը: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունն արդեն ներքին պայմանավորվածություններ ունի այս հոյաշեն կառույցի վաճառքի մասին: Այդ շենքում լինելու է հյուրանոց, իսկ գնորդն էլ կառուցելու է նոր շենքը...

Հավանաբար, ընտրություններից առաջ մեր որոշ պաշտոնյաներ մտադրվել են հերթական սկանդալային իրավիճակը հրահրել և մարդկանց դուրս բերել փողոցներ` ազգային արժեքը պահպանելու համար: Իսկ երկրորդ մասնաշենքն իսկապես ազգային արժեք է: Ավելին, երկրի գլխավոր հրապարակում չորրորդ հյուրանոցի կառուցումն ինքնին փաստում է, որ ոմանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում պետություն: