«ՔԻՐՎԱՅԱԿԱՆ ԽԱՂԵՐ»` ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի


 

Վստահ ենք, որ «Նախիջևանյան հայտարարությունը» դառնալու է բուռն քննարկումների առարկա, առաջիկայում որոշ ուժեր ելնելու են դրա դեմ: Սակայն հիշենք, որ կարճ ժամանակ առաջ է կայացել Էրդողանի և Օբամայի հանդիպումը, որի ավարտից հետո ԱՄՆ նախագահն իր համակրանքն է հայտնել Էրդողանի հանդեպ:… Պետք է ենթադրել, որ գործ ունենք «բազմաքայլ պարտիայի» հետ, որը չի կարող երկար ժամանակ գաղտնի մնալ:

Օրերս Նախիջևանում ստորագրված միջազգային հայտարարությունը հետայսու պատմության մեջ կմտնի որպես «Նախիջևանյան հայտարարություն»: Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն իրենց հավատարմությունն են հայտնել «մշակութային ժառանգության, երեք երկրների պատմական արմատների և հոգևոր արժեքների ընդհանրությունն ու նվիրվածությունը բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին»:

Արտաքուստ արտառոց ոչինչ չկա. երեք հարևան երկիր, որոնք ունեն նաև կրոնական ընդհանրություններ, նման հայտարարությամբ առավել ամրապնդում են իրենց բարեկամական հարաբերությունները: Այս հայտարարության մեջ, արդեն որերորդ անգամ, երեքն էլ իրենց դիրքորոշումն են ամրապնդում Ղարաբաղյան խնդրի առնչությամբ` հանգուցալուծումը տեսնելով «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված պետական սահմանները հարգելու սկզբունքների հիման վրա»: Այստեղ էլ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ այս երկրները այլ, մանավանդ` ազգերի ինքնորոշման սկզբունքը չեն ընդունում և կառչած են տարածքային ամբողջականության դրույթին: Առավել տարօրինակն ու զարմանալին այն է, որ հայտարարության մեջ կարդում ենք այսպիսի պարբերություն. «իրենց տարածքը ոչ մի հանգամանքների պարագայում չեն տրամադրի իրար դեմ թշնամական գործողությունների ծավալման համար»:

Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ ենթատեքստեր ունի: Իրանի դեմ պատերազմական գործողություններ նախապատրաստող Միացյալ Նահանգների համար, բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան պիտի ապահովեն օդային և ծովային ճանապարհներ, այս երկրները պիտի դառնան յուրատեսակ «պոլիգոններ»: Եվ ԱՄՆ-ը հենց այսկերպ է ձևավորում իր ուժերի տեղաբաշխումն ու հարձակումների պլանը: Եվ հիմա Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են Իրանին սատարելու, իրենց տարածքները թշնամական գործողությունների համար չտրամադրելու մասին: Արդյո՞ք սա թուրքական դեմարշ է, որին միանում է նաև Ադրբեջանը:

Թուրքիան Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ է, իսկ դաշինքի «ուղեղային կենտրոնը» Միացյալ Նահանգներն է: Թուրքիայի բոլոր ռազմական քայլերը պայմանավորված են ԱՄՆ թելադրանքներով և հուշումներով: Ավելին, վերջին շրջանում Թուրքիան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ` հատկապես իրանական հարցում հաջողությունների հասնելու համար: Ադրբեջանն էլ տարածքային հավակնություններ ունի Իրանի հանդեպ: Ի՞նչ է ստացվում. ամեն ինչ փոխվել կամ էլ գլխիվա՞յր է դարձել...

«Նախիջևանյան հայտարարության» տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան և Ադրբեջանը փակելու են իրենց դռները ԱՄՆ-ի առջև, ավելին` պաշտպանելու են Իրանին: Սա արդեն բոլորովին նոր իրավիճակ է, որը, մեր համոզմամբ, դառնալու է ՆԱՏՕ-ի և այլ ուժերի քննարկման առարկան: Իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել նոր իրավիճակների, գուցեև ԱՄՆ-ին պարտադրելու` փոխել իր մարտավարությունը և հրաժարվել Թուրքիայի աջակցությունից: Դեռ օրեր առաջ անհնար էր պատկերացնել, թե նման հայտարարություն կարող էր ընդունվել, կամ էլ Թուրքիան կարող էր կանգնել Իրանի կողքին: Հիմա արդեն սա իրականություն է դառնում: ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից դեռևս արձագանքներ չկան, իսկ սա պարտադրում է մտածել, որ այս ամենի խորքում ինչ-որ անմաքուր խաղեր կան, որոնց բացահայտմամբ կարող են լինել նոր ընթացակարգեր և զարգացումներ: Առայժմ չենք կարող որոշակիորեն ասել, թե ինչ վերաբերմունք կունենա Միացյալ Նահանգները, սակայն եթե Վաշինգտոնը լռություն պահպանի, կնշանակի, որ այս հայտարարությունն էլ հղացվել է այնտեղ` այսպես, գուցե, ծուղակ նախապատրաստելով Իրանի համար: Պատմությունը շատ հաճախ կրկնվում է, ուստի հիշենք Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը:

Հայտարարության մի կետ ևս զարմացնում է. կողմերը պաշտպանել են Մերձավոր Արևելքում «միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ազատ գոտու» ստեղծման գաղափարը: Սա, իհարկե, բավական վտանգավոր հետևանքներ առաջացնող նախաձեռնություն է: Բայց առավել զարմանալին այն է, որ երեք երկիրը պաշտպանում են միջուկային և զանգվածային ոչնչացման զենքերի գոտի ստեղծելու գաղափարը, մինչդեռ Իրանի դեմ պատերազմ սկսելու ամերիկյան գլխավոր հաղթաթուղթը հենվում է հենց միջուկային զենք ստեղծելու իրանյան ջանքերին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ