Պետությունը պետք է թելադրի և իրականացնի ժողովրդաշահ քաղաքականություն


 

Ի սկզբանե մեզանում քաղաքական արատավոր ավանդույթ ձևավորվեց. քվե տալ անձանց (մանավանդ` նախընտրական նվերներով դուռդ եկող), այլ ոչ թե գաղափարներին: Հետո, երբ նվիրատու-թեկնածուներն օրենսդիր մարմին մտան և սկսեցին իրենց գրպանն ուռճացնող օրենքներ ընդունել (ավելի ճիշտ` օրենքներում իրենց բիզնեսին նպաստող խուսանավումների սողանցքներ թողնել), «սիրելի ընտրողը» ոչ թե սթափվեց, այլ հիասթափվեց, ապա հուսահատվեց: Բայց շարունակեց նախընտրական նվերների սպասել` մոռանալով, որ ինքը գաղափարների, իրեն օգտակար ծրագրերի ընտրություն պետք է կատարի: Արդյունքում` հաղթանակած երկրում ահագնացավ արտագաղթը: Ասել է թե` ստվարացավ դժգոհների, սեփական հայրենիքում աշխատանք ու վաստակ չգտնողների բանակը: Ընդվզողներն էլ ոչ թե համակարգի, այլ անձնավորված` իշխանավորների, փոփոխություն են պահանջում:

Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը տարիներ շարունակ մատնանշում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը: Քաղաքական այս ուժն արդեն երկու տասնամյակ հիմնավորումներ է ներկայացնում, որոնց իրագործմամբ էապես կարող է փոխվել մեր ընթացքը:

Համակարգային այդ փոփոխությունների, ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին է զրույցը ՀԴԿ առաջնորդ, Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Պետությունը պետք է թելադրի և իրականացնի ժողովրդաշահ քաղաքականություն

- Օտար պետություններում տեղի ունեցող ընտրություններում կարևորվում է նաև աշխարհասփյուռ մեր հայրենակիցների դիրքորոշումը: Վկա` ՌԴ-ում կայացած վերջին ընտրությունը: Բայց երևի ժամանակն է` նպատակաուղղել նրանց, որպեսզի մեր երկրի շահերից բխող կողմնորոշումներով առաջնորդվեն: Այդ ուղղությամբ արվո՞ւմ են քայլեր:

- Եթե կոնկրետ Ռուսաստանի մասին է խոսքը, ապա Ռուսաստանի հայերի միության գործունեությունն այդ առումով բավական արդյունավետ է: Լուրջ աշխատանքներ են տարվում համայնքը, հայի ինքնությունը պահպանելու ուղղությամբ:

Ամեն ինչ արվում է, որպեսզի այնտեղ ապրող, ՌԴ քաղաքացի դարձած հայը լիարժեք քաղաքացի լինի: Դա պայմաններից մեկն է, որպեսզի հայ համայնքը դառնա կազմակերպված, կարողանա ճիշտ օգտագործել իր հնարավորությունները և համապատասխան աջակցություն ստանա պետական մարմիններից: Այդ առումով եզակի ու կարևոր էր Արա Աբրահամյանի նման ձեռնարկումը. նա ձևավորեց Ռուսաստանի հայերի միությունը, ապա նախաձեռնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծումը: Բնականաբար` դա ինքնանպատակ չէր, և արդյունքներն այստեղ էլ տեսանելի են: Պատահական չէր, որ նույն` ՌԴ նախագահի ընտրություններից առաջ հայ համայնքի անդամները հանդիպեցին բոլոր թեկնածուների հետ: Ասեմ, որ մեծամասնության համակրանքը Պուտինի հանդեպ էր, որովհետև գնահատում են նրա վարած քաղաքականությունը հատկապես Հայաստանի նկատմամբ: Ռուսական ձեռնարկությունները, մասնավոր ընկերություններն այստեղ մասնաճյուղեր ունեն, որոնք աշխատատեղեր են ապահովում հայաստանաբնակների համար: Օրինակ, Հարավկովկասյան երկաթուղին, վերագործարկված «Մարս» գործարանը, որի արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում: Նույնը` էներգետիկայի ոլորտում: Այս ամենը փաստում են, որ Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա: Իսկ դա արտագաղթը մեղմելու, կանխելու, բարեկեցության երաշխիք է: Գործնական այդ ձեռնարկումների հեղինակը Վլադիմիր Պուտինն է, և ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը գիտակցաբար աջակցեց նրան:

- Աջակցեց` Հայաստանի շահերից բխող ճիշտ հաշվարկի արդյունքո՞ւմ:

- Այո, դա ճիշտ հաշվարկ է, որովհետև ռազմավարական մեր գործընկերությունը զարգանալու է: Իսկ դրա հիմքում Հայաստանի ազգային անվտանգության խնդիրն է: Ի վերջո, մենք պետք է հաշվի առնենք մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական բուռն գործընթացները, որոնց էպիկենտրոնում նաև Հայաստանն է: Մենք միայնակ ի վիճակի չենք ինքնուրույն ապահովել մեր ազգային անվտանգությունը, ուրեմն պետք է ամրապնդենք հարաբերությունները ռազմավարական վստահելի գործընկերոջ հետ: Եվ ընդհանրապես, մենք պետք է հստակեցնենք առաջնահերթությունները: Հայաստանը վերջապես պետք է որոշակիացնի իր ռազմավարական զարգացման ծրագիրը: Ի՞նչ տեսակի պետություն ենք կառուցում, 10, 20, 40 տարիների ընթացքում զարգացման ի՞նչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն… Ըստ դրանց էլ պետք է ընտրվեն գործընկեր պետությունները, և առաջնությունը պետք է տրվի այն գործընկերոջը, որն ավելի շատ ներդրումներ է կատարում քո երկրում: Այդպիսին այսօր Ռուսաստանն է:

- Դուք շատ ցավոտ ու խիստ հրատապ հարցի անդրադարձաք` ոչ թե փոշիացվող ֆինանսական հատկացումներ, այլ ներդրումներ, որոնց շնորհիվ աշխատատեղեր կստեղծվեն: Մեզանում, չգիտես ինչու` պետական ձեռնարկություններ չեն ստեղծվում: Տարօրինակ է. իր քաղաքացիների բարեկեցությունը պետությունը պետք է հոգա, բայց կարևորագույն այդ խնդիրն անտեսվում է: Ավելին, սոցիալական վիճակից դժգոհող մարդիկ քարկոծում են իշխանություններին, գնաճը մեզանում դուրս է տրամաբանության շրջանակներից, բայց պետությունը շարունակում է ձեռնպահ մնալ` մասնավոր ձեռնարկատերերի ախորժակը չզսպելով պետական արտադրության մրցակցությամբ:

- Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ստեղծման օրից ներկայացրել է իր այդ ծրագիրը: Մենք գտնում ենք, որ ռազմավարական ոլորտները (ազգային անվտանգության մարմիններ, բանակ և այլն) պետք է լինեն ամբողջովին պետական: Ինչ վերաբերում է տնտեսությանը` մենք խառը համակարգի կողմնակից ենք: Ռազմավարական նշանակության օբյեկտների, դիցուք` ընդերքի, առնվազն 50 տոկոսի սեփականատերը պետությունը պետք է լինի և թելադրի ու իրականացնի այն քաղաքականությունը, որը երկրի, ժողովրդի, նաև սերունդների շահերից է բխում: Դեռևս 20 տարի առաջ մեր առաջարկած գործնական մեխանիզմներից մեկն ինչ-որ ձևով հիմա փորձում են իրականացնել: Խոսքս Համահայկական բանկ ձևավորելու մասին է: Նպատակը պարզից էլ պարզ է` կենտրոնացնել հայկական կապիտալը: Այսինքն, որպեսզի իր կապիտալը տարբեր բանկերին պահ տվող հայը նախընտրի համահայկականը` գիտակցելով, որ այդ կերպ օգնում է հայրենիքին: Ավելին, որ նրան գործելու որոշակի արտոնություններ կամ հնարավորություն տրվի: Այդ բանկը պետք է համագործակցի ՀՀ կառավարության հետ, որն այդ գումարով պետական ծրագրեր կիրականացնի: Պետական ծրագրերի պատասխանատուն կառավարությունն է և պետք է կարողանա ապահովել այդ բանկում ներդրված կապիտալի շահութաբերությունը: Անհրաժեշտ է հատուկ պետական ծրագիր մշակել` երկրի զարգացման առաջնահերթությունները նշելով: Այդ դեպքում միայն կորոշակիացվի, թե տվյալ պահին արդյունաբերական ո՞ր ոլորտը պետք է զարգացվի, գիտական ո՞ր ճյուղը պետք է նպաստի այդ զարգացմանը: Եվ նշածս բանկը տրամադրում է անհրաժեշտ միջոցները` վարկի տեսքով: Այդպիսով պետությունը դառնում է այդպիսի ծրագրերի իրականացման մասնակիցը: Մասնավոր ընկերություններն ու անհատները ևս կարող են մասնակից դառնալ:

- Բայց` պետական ծրագիրն իրականացնելով:

- Այո: Ու նաև` պետության հովանավորությամբ: Պետությունն առաջ է մղում իր ծրագիրը, որի իրականացման մասնակիցների համար երաշխավորում է համապատասխան արդյունք: Ինչ վերաբերում է արհեստական գնաճին, շուկայում մենաշնորհ ունեցողների կամայականություններին, ապա այդ հարցը ևս պետությունը պետք է կարգավորի: Ոչ թե այդ խավին շնորհազրկելով, այլ կոնկրետ մեխանիզմներով: Մենք, օրինակ, առաջարկում ենք հարաճուն (պոգրեսիվ) հարկման եղանակը` ավելի մեծ ու չարդարացված շահույթ ստացողների համար: Այդ դեպքում օրինական ճանապարհով կզսպվի մենաշնորհը, և շուկայում իրական մրցակցություն կստեղծվի` կանխելով արհեստական գնաճը: Իսկ ձեր նկատառումը, թե պետությունը չի ուզում մասնակից լինել, մասամբ ճիշտ է. Հայաստանում կիրառվող պետական կառավարման տեսակն ուղղված է ընդամենը 10-15 տոկոսի շահերի պաշտպանությանը:

- Դա ակնհայտ է, և զարմանալին այն է, որ սոցիալական վիճակից դժգոհ զանգվածներին նույն պետության դեմ հրահրողները տնտեսական քաղաքականության, համակարգային փոփոխությունների հստակ ծրագրեր չեն առաջարկում: Մարդկանց բաց վերքը մատնահարելով` ճոռոմաբանությունից այն կողմ չեն անցնում: Եվ ձևավորվել է մի մթնոլորտ` ասես այս կամ այն իշխանավորի գահընկեցությամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Ի դեպ, բազմաթիվ մարդիկ արդեն ասում են, որ առաջիկա ընտրություններում ձայն կտան քաղաքական այն ուժին, որը պետական ձեռնարկություններ հիմնելու ծրագիր կառաջարկի: Այսինքն` մենաշնորհված մասնավորներում աշխատելու դառնահամն էլ են զգացել:

- Առավել ևս. ուրեմն հասունացել է պահը, և համակարգը պետք է փոխվի, որպեսզի իրականությունն էլ փոխվի: Մեր գաղափարախոսությունը դրան է ուղղված, և ծրագրերն էլ հիմնավոր են: Ի՞նչ է նշանակում ազատ շուկայական հարաբերություններ:

- Մեզանում առկա է շուկայականը, բայց ոչ թե ազատ, այլ «ուրագային» տարբերակով:

- Եթե պետությունը չի ստանձնում կամ չի իրականացնում իր կարգավորիչ դերը, ապա ավելին ակնկալել չի կարելի: Եթե մեկը կամ փոքրիկ մի խումբ արտոնյալ է դառնում և միլիոններ, միլիարդներ դիզում, ժողովրդի ճնշող մեծամասնությունն աղքատանում է: Միջին խավի չձևավորման հիմնական պատճառն այդ բևեռացումն է: Մենք դեմ չենք շուկայական հարաբերությունների զարգացմանը, բայց կարևորում ենք և պետական կարգավորման անհրաժեշտությունը:

- Պետական և մասնավոր հատվածների առողջ մրցակցության դեպքում կարծում եմ, այդ կարգավորումն ինքնաբերաբար կստացվի:

- Հիշո՞ւմ եք, թե ժամանակին ինչ ասաց Ռոբերտ Քոչարյանը: Ասաց պետությունը վատ մենեջեր է: Ինչպե՞ս կարող է պետությունը վատ մենեջեր լինել, եթե ուզում է զարգանալ, ժողովրդի բարեկեցությունն ապահովել: Վատ մենեջերը նրանք են, ովքեր թույլ են տալիս ստվերի զարգացումը: Այս դեպքում, ինչ խոսք, չի կարող զարգանալ փոքր ու միջին բիզնեսը, չի կարող միջին խավ ձևավորվել, որը հասարակության ողնաշարն է:

- Չե՞ք կարծում, որ բարեգործությունը ևս պետության հուշումներով ավելի նպատակային կդառնա: Իրակա´ն բարեգործության մասին է խոսքս, այլ ոչ թե շահադիտական նպատակներով ընտրակաշառքների:

- Բարեգործությունը բարոյական նորմերից բխող գործունեություն է, որի մասին ամեն փողոցում չպետք է գոռգոռալ: Բարեգործը պարտավոր է նախ իր հարկային պարտավորությունները կատարել, դուրս գալ ստվերից, ստացած շահույթներից նույնպես հարկ վճարել, հետո միայն նվերներ բաժանել: Այդ դեպքում պետությունն ինքը կկարողանա նպաստներն ու կենսաթոշակները հասցնել գոնե կենսապահովման զամբյուղի մակարդակին, կմտածի երիտասարդ ընտանիքներին աջակցելու, մարդկանց աշխատանքով ապահովելու մասին:

- Մեր քաղաքական ուժերն ընտրությունից-ընտրություն խոստումներ են շռայլում, բայց պետության հանդեպ հարգանք, պետության կարևորության շեշտադրում երբեք չի հնչում. բացառությամբ, իհարկե` իշխող կուսակցության:

- Մեր կուսակցության բոլոր ծրագրերը պետության զարգացմանը, հիմքերի ամրապնդմանն են ուղղված: Եթե օրենսդիր մարմինը ձևավորվի զուտ գաղափարական մրցակցության հիմքերով, այդ դեպքում դրա աշխատանքներն իսկապես օգտակար կլինեն: Ընտրողը պետք է վերջապես գաղափարի´, իր կյանքը բարելավող ծրագրերի´ ընտրություն կատարի և ոչ թե գեղեցիկ բառերով կամ նախընտրական «նվերներով» կաշառվի: Մասնագետները փաստում են, երիտասարդացել են սրտանոթային հիվանդությունները: Պատճառը պարզ չէ՞. երիտասարդն աշխատանքի, ասել է թե` հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություն չունի: Նյարդերը կդիմանա՞ն:

Ծերերը մենակ են մնացել, երեխաները անհոգ մանկություն չեն ապրում... Այս ամենը պետական մակարդակով լուծելիք խնդիրներ են: Թե չէ այլ պետությունից վերցված վարկով դիցուք մեկ ճանապարհ վերանորոգելը դեռ գործունեության ցուցանիշ չէ:

- ՀԴԿ-ն չարատավորված կուսակցություն է, աղմկարարությունը չի դարձրել ինքնածանուցման միջոց: Ի՞նչ եք կարծում, ընտրողների քվեն ստանալու դեպքում կհաջողվի՞ իրականացնել ձեր ծրագրերը:

- Բնականաբա´ր: Պիտի ասեմ, որ մեր ծրագիրն իր սկզբունքային հարցադրումներով չի նմանվում որևէ այլ կուսակցության ծրագրի: Դիցուք, ոչ թե սոսկ պիտի խոստանանք աշխատատեղեր ստեղծել, այլ կոնկրետ մեխանիզմներ ենք ներկայացնելու` հիմնավորելով, որ այս համակարգի գոյությամբ նման ծրագրեր հնարավոր չէ կյանքի կոչել: Ուզում եմ ընդգծել` համակարգի´ փոփոխություն, այլ ոչ թե` համակարգային, ինչպես հիմա ասում են շատերը: Ես հեղափոխությունների կողմնակիցը չեմ, բայց կրիայի քայլերով էվոլյուցիայի համար էլ ժամանակ չունենք. հարաշարժ, հարաճուն զարգացում պետք է ապահովել: Մենք չենք մտածում, թե միակ կարող ուժն ենք: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են մեր տեսակետներն ու մտահոգությունը:

- Միավորվել հանուն նպատակի: Այդ կերպ նաև կմիավորվի պառակտված մեր հասարակությունը, որը բզկտվեց կուսակցական խաղերի արդյունքում:

- Պատճառը ոչ թե կուսակցությունները, այլ առանձին խմբավորումներն էին, որոնք իշխանության եկան` իրենց խմբերի շահերը սպասարկելու: Նույնը ՀՀՇ-ն սկզբում ներկայանում էր սոցիալ-դեմոկրատական: Հետո հանկարծ հասկացան, որ այդ գաղափարա խոսությունը թույլ չի տա թալանել և դարձան այսպես կոչված լիբերալներ: Մենք շեշտում ենք. նրանց իրականացրած անօրինական սեփականաշնորհման արդյունքում բնակչությունը բախվեց ամենամեծ անարդարությանը, և այդ ժամանակից ամեն ինչ խեղվեց:

- Դեմոկրատիա նշանակում է ժողովրդի իշխանություն: Իսկ ժողովուրդն իշխանություն չի իրականացնում. սպասում է նախընտրական նվերների, հետո տեսադաշտից «կորցնում» է «ընտրյալներին»: Ունե՞ք մեխանիզմ, որպեսզի միջընտրական տարիների ընթացքում պատգամավորը նաև հաշվետու լինի ընտրողին:

- Դա լուրջ հարց է, և մենք այդ մեխանիզմն էլ ունենք: Նախ, ժողովրդի իշխանություն չի կարող լինել այնտեղ, ուր հասարակությունը պառակտված է և բևեռացված: Ժողովուրդը պետք է տեսնի և հավատա, որ դրական փոփոխություններ կատարվում են: Բնական է` ակնկալված վերջնարդյունքը միանգամից չի լինի, բայց մարդկանց համար պետք է շոշափելի դառնան պետության իրականացրած բարեփոխումները: Այդ դեպքում նրանք կհավատան, կզգան և կհասկանան, որ դժվարությունները համատեղ ենք հաղթահարում, որ ինքն էլ մասնակից է դրան: Հատկապես վերջին տարիներին հաճախ եմ հիշում Սալտիկով-Շչեդրինի «Գլուպովո քաղաքի բնակիչները» երկը, ուր գրել է. «Նրանց թվում էր, թե իրենք ապստամբում են, բայց նրանք մնում էին ծնկաչոք»: Այսօր նույն վիճակում է մեր ժողովուրդը:

- Շատ դիպուկ համեմատություն է:

- Մարդկանց թվում է, թե իրենք ըմբոստանում են, վիրավորական խոսքեր են հնչեցնում, բայց իրականում չեն կարողանում ոտքի կանգնել:

- Դարձել ենք ամեն ինչ ու ամենքին մերժող:

- Նման հոգեբանությունն էլ պետք է հաղթահարենք: Հարցրեցիք հաշվետու լինելու մեխանիզմների մասին: Աշխատող մարդը, խումբը, կուսակցությունը չեն կարող հաշվետու չլինել. ո՞վ չի ցանկանա իր աշխատանքը ներկայացնել: Բայց մյուս կողմից էլ` եթե գործունեությունդ լիարժեք է, ապա դրա ընթացքն արդեն նկատելի է դառնում: Դա լավագույն հաշվետվությունն է` գործի արդյունքով, այլ ոչ թե գեղեցիկ բառերով:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ