Հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ


Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Ուկրաինայում առկա իրադարձություններով հետաքրքրվում է մեր բնակչության զգալի հատվածը: Այդ հետխորհրդային երկրում կատարվողի շուրջ է զրույցը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ

Սարո ՍԱՐՈՅԱՆԻ հետ:

Այսօր շատերն են քաջատեղյակ ուկրաինական իրադարձություններից և նրանց թերևս հետաքրքրում է` արդյոք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի չստորագրո՞ւմն էր այդ երկրում կատարվողի պատճառը, թե՞ կա ավելի լուրջ, խորքային պատճառ:

- Աշխարհաքաղաքական շատ խաղացողներ, կարծում եմ` շոկային վիճակում են ուկրաինական իրադարձություններին Ռուսաստանի նման կարգի արձագանքից: Անսպասելի էր Ռուսաստանի կողմից աշխարհակարգի խաթարումը: Հելսինկյան եզրափակիչ ակտի արդյունքում Վարշավյան պայմանագրի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները երկուստեք հանձնառություն էին ստանձնել` չմիջամտելու միմյանց բլոկների անդամ երկրների ներքին գործերին: Այդ փաստաթղթի ողջ արժեքն այն էր, որ դրանով երաշխավորվեց, որ պետությունների միջև առկա մրցակցությունը որոշակի օրինաչափությունների, խաղի հաստատված կանոնների շրջանակում կընթանա: Իսկ մրցակցության արդյունքում ԽՍՀՄ փլուզմանը հաջորդեց աշխարհի միաբևեռայնության և բազմաբևեռայնության սկզբունքների վեճը: Այդ հակադիր սկզբունքների հիմնական կրողներն, ինչպես գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են: Իսկ Ուկրաինայի դեպքերը բոլորովին նոր փուլի մեկնարկ ազդարարեցին: Երեք-չորս տարի առաջ աշխարհի թեժ կետերում` Մերձավոր Արևելք, Սիրիա, Իրան, տարածաշրջանի փոխատեղում կատարվեց դեպի Սև ծովի ավազան: Սակայն ուկրաինական զարգացումներն էականորեն տարբերվում են արաբական գարուններից ու գունավոր հեղափոխություններից: Ուկրաինայում ընթացող հեղափոխական գործընթացների հիմքում ոչ միայն բռնապետական վարչակարգի տապալման, սոցիալական անարդարությունները հաղթահարելու, այլ նաև պետական ինքնիշխանության հասնելու խնդիր է առկա:

- Կարծիք կա, որ Ուկրաինան պայքարի է ելել Ռուսաստանից եկող գաղութացման վտանգի դեմ:

- Ոչ միայն: Ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանության և սոցիալական խնդիրների լուծման արդյունքում ի հայտ եկավ նաև աշխարհակարգի կառուցման խաղի կանոնների խնդիրը: Հելսինկյան եզրափակիչ ակտից հետո դրված վերոհիշյալ կանոնները սկսեցին չգործել: 1994թ. Բուդապեշտում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ը և Ուկրաինան կնքել են մեմորանդում, որի համաձայն Ուկրաինան հրաժարվել է իր միջուկային արսենալից` իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը հիշյալ մյուս երեք պետությունների երաշխավոր դառնալու դիմաց: Իսկ այսօր այդ երեքից մեկը` Ռուսաստանը, խախտել է նշված պայմանագիրը, ինչը խախտում է ողջ աշխարհակարգի հավասարակշռությունը:

Այս հարցում արդյո՞ք դեր չի խաղացել որպես Եվրամիությանը մրցակից` Մաքսային, իսկ հետագայում էլ Եվրասիական Միություն ստեղծելու Վ. Պուտինի մտադրությունը: Իսկ առանց Ուկրաինայի ներգրավման այդ ծրագիրը եթե ոչ անիմաստ, ապա առնվազն թերի է ստացվում:

- Անշուշտ` դա կա: Ըստ էության, Ռուսաստանն այսօր խաթարել է աշխարհակարգի ռազմաքաղաքական հիմքերը: Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դարձել է անգործունակ մի մարմին. Ուկրաինայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության արդյունքում այլևս ոչ մի պետություն չի կարող վստահ լինել, որ իր անվտանգությանը վերաբերող իր կնքած միջազգային պայմանագրերը կարող են երաշխիք լինել իր կենսագործունեության համար: Մեր զրույցի սկզբում ասածս աշխարհի շոկային վիճակի պատճառն այս խնդիրն է: Պետությունները չեն կարողանում հասկանալ, թե այս գործընթացը ինչի կարող է հանգեցնել. անըմբռնելի է ոտնձգություն կատարելը սրբության սրբոցի` աշխարհակարգի կառուցման, տասնամյակներով ձևավորված կանոնների դեմ: Բայց միևնույն ժամանակ առկա գործընթացները հիմք են տալիս մտածելու, թե այդ ամենը նախնական պայմանավորվածությունների արդյունքում է ի հայտ եկել: Կասկածներ կան, թե արդյո՞ք ծրագրավորված չի այս ամենը: Ակնհայտ է, որ եվրոպական շատ պետություններ այն քայլերին չեն դիմում, որ կդիմեին մեկ այլ դեպքում. այսինքն, այնքան էլ շահագրգռություն չեն ցուցաբերում Ռուսաստանին զսպելու: Անգամ ԱՄՆ-ը ինչ-որ առումով չի նախաձեռնում քայլեր, որ կանխատեսելի պետք է լինեին:

Գուցե պարզապես խուսափո՞ւմ է երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումից:

- Դա սկզբում նշածս առաջին տարբերակն է` անակնկալը, շոկային վիճակը: Իսկ պայմանավորվածության արդյունք լինելու առումով փաստենք, որ աշխարհը վերջին 60-70 տարվա ընթացքում անընդհատ մասնատվել է, առաջացել են նոր պետություններ, այսօր էլ ի հայտ են գալիս նոր պետական կազմավորումներ: Եվ Ղրիմը դրա արտահայտություններից մեկը կարող է լինել: Իսկ այդ մասնատումը չի կարող կատարվել առանց աշխարհակարգի հիմքերի փոփոխության հագեցնող ռադիկալ քայլերի: Ի դեպ, առաջիկայում մենք կարող ենք ականատես լինել բոլորովին անկանխատեսելի իրադարձությունների և դրանց մեջ նաև Ռուսաստանի փլուզմանը: Ոչ միայն Եվրասիական Միության ծրագրի ձախողումը կարող է լինել, այլև իր` Ռուսաստանի փլուզումը:

- Շատերը Ուկրաինայում կատարվածի ազդեցությունը փորձում են դիտարկել Ղարաբաղի վրա:

- Այսօր Հայաստանը կանգնած է ճիշտ կողմնորոշման անհրաժեշտության խնդրի առաջ: Հայաստանը որդեգրել է միաբևեռ կողմնորոշման ճանապարհ: Խոսքը Ռուսաստանի, Մաքսային Միության ընտրության մասին է: Սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ Հայաստանը իրեն դրեց խոցելի իրավիճակում: Մյուս բևեռի գործողությունները կարող են կործանարար լինել Հայաստանի համար: Ասացինք` Ռուսաստանն ինքը կարող է փլուզվել, և նրա փլատակների տակ կարող է մնալ Հայաստանը, որովհետև հրաժարվել է կոմպլեմենտար քաղաքականությունից:

Բայց ԵԺԿ համագումարում Ս. Սարգսյանն ասաց, որ Հայաստանը տուրք չի տալիս բաժանարար գծերի առաջացմանը և շարունակում է համագործակ ցությունը նաև Եվրամիության հետ:

- Դա զուտ հայտարարություն չէր ընկալվի, եթե նույնը ասեին եվրոպական երկրները, ԱՄՆ-ը: Եվ` ասելը մի բան է, անելն` այլ բան: Սեպտեմբերի 3-ին արդեն այլ բան է արվել:

-Ինչևէ: Շնորհակալ եմ զրույցի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ