Խճճված տեսիլքը` անորոշ հեռանկարով


Վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքում հիմնական քննարկման թեմա էին մնում Մաքսային Միությանը միանալու հնարավոր հետևանքները և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունը: Բայց ահա Մարտի 1-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը այնպիսի «քար» նետեց, որ քաղաքականությունից աղոտ գաղափարներ ունեցողներից մինչև պրոֆեսիոնալ քաղաքագետները մինչ այսօր վերլուծում են ու վելուծում, բայց «քարը» գտնել չեն կարողանում:

Փաստորեն, ՀՀ 1-ին նախագահը, առանց ավելորդ մեսիջների, մեր հասարակությանը և քաղաքական ուժերին առաջարկեց որպես երկրի վարչապետի «ամենահար մար» թեկնածու ընդունել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Առանց այդ էլ չափից դուրս պղտոր մեր ներքաղաքական կյանքը է´լ ավելի պղտորելու մեկ այլ տարբերակ դժվար էր գտնել: Ամեն ինչ խառնվեց իրար: Այն աստիճանի, ինչպես հայտնի ֆիլմում էր` «Ով ում բարեկամն է, թող կանգնի մի կողմի վրա»: Բոլորն են հիշում, թե 2008-ին ինչպես էր Տեր-Պետրոսյանը վարկաբեկում ու վիրավորում Գ. Ծառուկյանին` մեջբերելով վերջինիս մականունը և համարելով նրան «ռեժիմի» հենարան: Որ Ծառուկյանը երբեք արևմտամետ չի եղել` բոլորը գիտեն: Ընդհակառակը` նա լայն կապեր ունի Ռուսաստանի քաղաքական էլիտայի որոշակի հատվածի, ինչպես նաև Բելառուսի «Եվրոպայի վերջին բռնապետ» նախագահ Լուկաշենկոյի հետ:

Այդ երբվանի՞ց երբեմնի մոլի արևմտամետ Տեր-Պետրոսյանը այդքան խորը «սիրահարվեց» Ռուսաստանին` դառնալով, ինչպես ընդունված է ասել, Պապից ավելի կաթոլիկ: Ինչն է Գ. Ծառուկյանին առաջ մղելու և վարչապետի աթոռին տեսնելու նրա ցանկության իրական պատճառը:

Մի՞թե որևէ մեկը տրամաբանություն է գտնում նրա այն պատճառաբանության մեջ, որ Ծառուկյանի վարչապետ դառնալը կհանդիսանա իշխանափոխության առաջին փուլ: Եթե Հայաստանը լիներ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր, թերևս տրամաբանության նշույլներ կարելի էր գտնել Տեր-Պետրոսյանի ասածի մեջ: Իսկ մեր իրողությունում, այն պարզապես աբսուրդ է: Վարչապետ նշանակողը երկրի Նախագահն է, և նրա նշանակած վարչապետն էլ բնականաբար և սահմանադրորեն պետք է ենթարկվի Նախագահի որոշումներին: Ուրեմն առաջին նախագահը բոլորովին այլ նպատակներ և դրդապատճառներ ունի, որ ստանձնում է ԲՀԿ առաջնորդի համար «ճանապարհ հարթելու» գործը: Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Ծառուկյան-Քոչարյան կապը, որքան էլ թուլացած լինի, լիովին չի կարող վերացած լինել, ապա բավական խճճված և դժվար վերծանելի պատկեր է հառնում վերլուծաբանների առջև: Չլիներ Տեր-Պետրոսյանը ինտելեկտուալ, հեռագնաց հաշվարկների, ինտրիգային «կոմբինացիաների» մասնագետ, թերևս նրա խոսքերը այդքան քննարկումների տեղիք չտային: Ինչպես, օրինակ, Տիգրան Կարապետիչի պարագայում. ի՞նչ արտառոց բան էլ ասեր, վերլուծության չէր արժանանում: Հիշենք նաև, որ առաջին նախագահը քննադատության չենթարկեց ՀՀ իշխանությունների` Մաքսային Միություն մտնելու որոշումը` հերթական անգամ հիասթափեցնելով իր արևմտամետ գործընկերներին: Իսկ որտե՞ղ է, այնուհանդերձ, «թաղված շան գլուխը»: Սխալվելու հավանականությունը վերապահելով մեզ, անենք հետևյալ ենթադրությունը. չի բացառվում, որ Պուտին-Քոչարյան, «տանդեմը» Տեր-Պետրոսյանին որոշակի դեր է «հատկացրել» Հայաստանի ապագա իշխանական համակարգում: Բնականաբար, մատնանշել, թե ում միջոցով պետք է նախանշված սցենարը կյանքի կոչել: Բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք Գ. Ծառուկյանին նախապես ծանուցանվել է բուն «խաղի» և դրա «կանոնների» մասին: Եթե ոչ, ապա հնարավոր է, որ ԲՀԿ առաջնորդը խոհեմորեն հրաժարվի «գործիք» դառնալու առաջարկից:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ