Պետականության 600-ամյա բացակայությունը


Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի խնդիրների շուրջ է զրույցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Պետականության

600-ամյա բացակայությունը

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը երիտասարդության մեծ մասի ընդվզումն առաջացրեց. «Դեմ եմ» շարժումը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում, ու դրանք շարունակական լինելու միտում ունեն: Ինչո՞վ կամ ինչպե՞ս բացատրել այս հարցում իշխանություն ների անզիջողականությունը:

- Իսկապես, կենսաթոշակային ռեֆորմները չափազանց ծանր ռեֆորմներ են բոլոր երկրներում: Պատճառները մի քանիսն են, և առաջինն այն է, որ այդ ռեֆորմի վերջնական արդյունքը տեսանելի է դառնում տևական ժամանակ` 30-40 տարի հետո:

- Մանավանդ, որ ֆինանսական երկարաժամկետ գործընթացները սովորաբար այնքան էլ կանխատեսելի չեն:

- Այո. դա էլ հաջորդ պատճառն է: Սակայն եթե այդ բարդ ռեֆորմից մենք հիմա հրաժարվենք, կնշանակի, որ այդ նույն գիտակից երիտասարդության համար լուրջ խնդիրներ ենք նախապատրաստում իրենց թոշակի տարիքի ժամանակ: Հիմնավորեմ. սովորաբար մարդկանց տարիքի հետ նրանց քանակը նվազում է: Ծերացող հասարակության մեջ դեմոգրաֆիկական և այլ խնդիրներ են առաջանում: Կենսաթոշակային այն համակարգը, որ գործում էր ԽՍՀՄ-ում, խոսքը սերունդների համերաշխության սկզբունքի մասին է, սկսում է առաջվա պես հաջողությամբ չգործել, երբ հասարակությունը սկսում է ծերանալ: Նախկին համակարգը նորմալ է գործում, երբ մեկ տարիքավոր մարդու թոշակի ապահովումը դնում եք երեք աշխատող մարդու վրա: Իսկ հասարակության ծերացման դեպքում արդեն մեկ թոշակառուի ապահովումն ընկնում է երկու աշխատողի ուսերին` լրջագույն խնդիրներ առաջացնելով: Աշխատող մարդն այլևս չի կարողանում իր աշխատանքով արժանավայել կերպով ապահովել և´ իր ընտանիքին, և´ թոշակառուի թոշակը: Եվրոպական երկրները այս խնդրին այլ լուծում գտան, որը մեզ համար անթույլատրելի է. նրանք բացեցին իրենց սահմանները, և երիտասարդ աշխատուժը տվյալ երկրից հորդեց այլ երկիր` փոխելով երկրի դեմոգրաֆիկ պատկերը: Ինչպես այլ դեպքերում եմ ասել, Ֆրանսիան այլևս ֆրանսիական չի լինի, Անգլիան անգլիական չի լինի… Եվրոպան էլ եվրոպական չի լինի: Ահա թե ծերացման խնդրի նկատմամբ ոչ ճիշտ մոտեցումը ինչպիսի պրոբլեմների կարող է հանգեցնել: Ծերացումից փախչել չենք կարող, իսկ ծերացման խնդրի միակ լուծումը կարծես թե այն է, որ քաղաքացին իր աշխատանքի ընթացքում ինքն ապահովի այն գումարը, որ պետք է օգտագործի, երբ անցնի թոշակի: Բայց այս դեպքում պետության վրա մնալու է կենսաթոշակի այն չափը, որն այսօր տալիս է բոլորին: Սակայն այդ չափը չի բավականացնի թոշակառուի բարեկեցությանը, դրա համար քաղաքացին ինքն էլ պետք է ժամանակին ներդրում կատարի: Սա է հիմնական խնդիրը: Ասում եք` բողոքում են: Այո´, բողոքում են, որովհետև որևէ իշխանության այս բարեփոխումները դիվիդենտներ չեն բերի: Բայց կան խնդիրներ, որոնց ճիշտ, հասարակության համար օգտակար լուծման համար իշխանությունները ստիպված են դիմել ոչ միանգամից ընկալելի ռեֆորմների: Այդպես էր նաև ԱՊՊԱ-ի մասին օրենքի ներդրման դեպքում: Պահանջվեց մի քանի տարի, որպեսզի դժվար ընկալվող այդ բարեփոխումը մեր քաղաքացիների համար դառնա շատ բնական: Այդպիսին է, կարծում եմ, նաև այս օրենքը:

- Բայց 30-40 տարի հետո…

- Շատ շնորհակալ եմ, լավ դիտարկում արեցիք: Այս օրենքը հիմնական նպատակ ունենալով ապահովել մեր բարեկեցիկ ծերությունը, ունի այլ դրսևորումներ ևս, որոնք նկատելի կլինեն 3-4 տարի հետո: Եվ կարևորներից մեկը` այսպես կոչված, երկար և էժան փողերի առկայությունը կլինի: Գիտեք, որ մեր խնդիրներից մեկն այն է, որ վարկերը մեզանում բարձր տոկոսներ ունեն: Նաև մեր տնտեսության համար խնդիր են կարճ վարկերը: Մարդիկ պահանջ ունեն երկարաժամկետ վարկերի: Իսկ կեսաթոշակային պարտադիր կուտակային հիմնադրամների ծառայություններից մեկն էլ այն է, որ հիմնադրամում կուտակված գումարները կարող են աշխատել և տոկոսներ բերել` նաև էժան ու երկարաժամկետ վարկեր ապահովելով: Իսկ այս հանգամանքն էլ, իր հերթին, կհանգեցնի տնտեսության աշխուժացման, նոր աշխատատեղերի ստեղծման: Այսինքն, 3-4 տարի անց մենք հասարակության մեջ կունենանք այս բարեփոխման դրական ընկալումը:

Բայց չենք կարող հաշվի չառնել այն հսկայական արտագաղթը, որ ունենք այսօր: Ընդորում, արտագաղթողների մեջ մեծ է ստեղծագործ, աշխատունակ երիտասարդների տեսակարար կշիռը: Այսինքն, պակասում են կուտակային հիմնադրամներում գումար ներդնողները: Սա խնդիր չէ՞ արդյոք:

- Արտագաղթը ինքնին մեծ խնդիր է: Բայց մյուս կողմից էլ վերը նշածս երկարաժամկետ վարկերը, տնտեսության աշխուժացումն արդեն կնպաստեն արտագաղթի նվազմանը: Արտագաղթի պատճառներից առաջնայինը սոցիալականն է, աշխատատեղերի պակասը: Եթե այդ խնդիրը լուծվում է, արտագաղթն էլ կպակասի:

Համաձայնելով Ձեզ հետ, այնուամենայնիվ, պետք է հարցնեմ. իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացին ներդրում կատարի որևէ այլ երկրի տնտեսության մեջ: Չէ՞ որ այդ հիմնադրամի կառավարիչները, որքան էլ հեղինակավոր ու վստահելի, բայց Հայաստանի քաղաքացու գումարներն աշխատեցնելու են այլ երկրներում, այսինքն, հսկայական գումարներ են հանվելու Հայաստանից:

- Որպեսզի խուսափեք փողերի վայրիվերումներից, գումարի մի մասը պետք է պահեք մի արժույթով, կեսն էլ այլ արժույթով: Որոշված է, որ գումարի 60 տոկոսը պետք է պահվի դրամով, 40 տոկոսն էլ արտարժույթով: Ցավոք` մեր դրամն այլ երկրներում ազատ շրջանառություն չունի: Այսպիսով, հավաքված գումարների 60 տոկոսը պետք է ներդրվի Հայաստանում: Մեր բազմաթիվ ընկերություններ կարողանում են դրսից գումարներ ներգրավել վարկային ձևերով: Եվ եթե մեր հիմնադրամը կարողանա նույն պայմաններով այդ ընկերություններին վարկավորել, ապա այդ տնտեսվարողները ոչ թե այլ երկրներից վարկեր կբերեն, այլ նշյալ 40 տոկոսից վարկեր կստանան: Ստացվում է, որ դարձյալ մեր գումարներն օգտագործվելու են Հայաստանում:

Լավ, բայց ինչո՞ւ հրաժարվել հասարակությանը բացատրելու, համոզելու մեթոդից և դիմել պարտադրանքին, ինչո՞ւ ասել` դուք չեք հասկանում, մենք ենք հասկանում:

- Շատ դժվար է երկխոսել ընդդիմախոսի հետ, եթե ինքը պատրաստ չի ողջ ժամանակաշրջանի մեջ դիտարկել տվյալ երևույթը: «Այսօր և հիմա» սկզբունքը հայ ազգի մոտ օբյեկտիվորեն արմատավորված է: Մենք չենք ունեցել երկարաժամկետ ծրագրեր, որովհետև հաճախակի հարձակումների ենք ենթարկվել: Եվ դա դարձել է հոգեկերտ վածք: Հայը վախենում է երկարաժամկետ ծրագրերից: Եվ այդպիսի հասարակության կեցվածքը պետության համար բավական բարդ է:

Բայց կա նաև վստահության պակասի խնդիրը: Մարդիկ ասում են, որ այս կառավարությանը չեն վստահում:

- Ռեֆորմը տևելու է 30-40 տարի: Այդ ընթացքում բազմաթիվ իշխանություններ, բազմաթիվ կառավարություններ են լինելու: Այսինքն, խնդիրն այսօրվա կառավարութ յունը չի, կա շատ ավելի լուրջ փաստարկ. մարդիկ պետությանը չեն հավատում, իսկ պետությունը դեռ տվյալ կառավարությունը կամ իշխանությունը չի: Իսկ այս հանգամանքը ազգի աշխարհայացքի խնդիր է, մենք 600 տարի պետականություն չենք ունեցել, և այստեղից էլ պետության նկատմամբ անվստահության հարցն է առաջացել: Հուսով եմ` բացատրությունս հասկանալի և ընդունելի է:

- Միանգամայն: Շնորհակալ եմ զրույցի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ