Օգո՞ւտն է շատ,  թե՞ վնասը


Այս օրերին հայրենի տնտեսագետները մտահոգ տեսքով փաստում են, թե ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը ծանր հետևանքներ է ունենալու այս երկրից ահռելի քանակությամբ տրանսֆերտներ ստացող մեր ազգաբնակչության սոցիալական վիճակի վրա:

Այն, որ դեռ ոչ վաղ անցյալում ռուսական ռուբլին 12 դրամին մոտ արժեր, իսկ հիմա 11 դրամից մի փոքր ավել գնով է ընդունվում փոխանակման կետերում, իհարկե, ցանկալի չէ: Բայցև մի քանի տասնյակ կոպեկի տարբերությունն այդքան շոշափելի չէ, որ զգալիորեն հարվածի մեր հայրենակիցների գրպաններին: Ավելի էական է, որ փողի շուկայում առկա ցնցումները Ռուսաստանում աշխատատեղերի կրճատման չեն հանգեցնում, ու նույնիսկ չի բացառվում, որ արժեզրկումը գործատուների կողմից աշխատավարձերի վերանայման հանգեցնի, ինչից մեր հայրենակիցները միմիայն կշահեն:

Ավելին, չնայած լրատվամիջոցները փաստում են, թե ռուսական բանկերի փոխանակման կետերում օրվա որոշակի ժամերի դոլարի պահանջարկն այնքան է աճում, որ նույնիսկ հնարավոր չի լինում այն գնել, այսուհանդերձ հայկական աշխատուժն իր խնայողությունները հետայսու կարող է նաև ամերիկյան արժույթով կուտակել ու հայրենիք ուղարկել:

Ի վերջո, ռուսական ռուբլին գահավիժում է հենց դոլարի արժևորման ֆոնին, ու ամերիկյան արժույթի կուրսը բարձրանում է ամենուր:

Ռուսական ֆինանսական բորսաների վրա ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը, իհարկե, հավանականներից կարելի է համարել: Այսուհանդերձ, դրանց ալիքը Հայաստան հաստա´տ չի հասնի կամ էլ աննկատ լինելու չափ աննշան կլինի: Ուկրաինան և Հայաստանը առևտրաշրջանառություն գրեթե չունեն, ու անգամ վիճակագրական տվյալների չտիրապետող ցանկացած հայաստանցի կարող է փաստել, որ տեղական շուկայում ուկրաինական ապրանքներ հազվադեպ են հանդիպում:

Հակառակ սրան` ռուսական շուկայի պարագայում պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալները տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի առևտրային հարաբերությունների մասին են նշում: Ռուբլու արժեզրկումը, անկասկած, հյուսիսային անծայրածիր երկրով մեկ հանգեցնելու է ամեն ինչի (այդ թվում նաև մեր երկրից արտահանվող տարատեսակ ապրանքների) թանկացման: Երևույթ, որ հայրենի արտադրողին հնարավորություն կարող է ընձեռել փոքր-ինչ ավելի բարձր գնով իր արտադրանքը ռուսական շուկային հրամցնել:

Գնաճը սովորաբար միմիայն վնասներ է բերում, բայց նշվածն այն բացառիկ դեպքերից է, երբ հայրենի արտադրողը (ով նաև գործատու է) շահեկան վիճակում կարող է հայտնվել: Արժե հավելել, որ կախատեսումների գերակշիռ մասը հանգում է մի եզրակացության. հյուսիսային երկրում դոլարն այլևս չի էժանանա: Ավելին, դրա նախկին գինն այլևս պատմություն դարձած կարելի է համարել: Այնպես որ, տրանսֆերտային ռուբլիների աննշան արժեզրկումից թեև փոքր-ինչ մեր հարենակիցները կտուժեն, բայց տեղական արտադրության խթանման լրջագույն հիմքեր կստեղծվեն: