Երբ «մանր» պետությունը պորտալարով կապված է մեծին


Ստացվում է այնպես, որ վերջին տարիներին աշխարհն անընդհատ պերմանենտ ճգնաժամերի մեջ է հայտնվում: Տնտեսական ճգնաժամը մի կերպ հաղթահարվեց, հիմա էլ սկսվել է համաշխարհային քաղաքական ճգնաժամը:

Եվ կրկին երրորդ աշխարհամարտի ուրվականն է հայտնվել Երկիր մոլորակի երկնակամարում: Իհարկե, դրա հավանականությունը այնքան էլ մեծ չէ, քանզի Արևմուտքը, ի տարբերություն Ռուսաստանի, շատ ավելի է սարսափում գլոբալ պատերազմից և անհրաժեշտ պահին, իհարկե, Ուկրաինայի խնդրում ատամները կրճտացնելով ստիպված կլինի որոշ զիջումների գնալ: Բայց «սառը պատերազմը» արդեն սկսված է և ամենայն հավանականությամբ ավելի կխորանա:

Թեպետ հակամարտությունն ընթանում է մեկ կողմից` Ուկրաինայի և Ռուսաստանի, մյուս կողմից` Ռուսաստանի և Արևմուտքի միջև, բայց Հայաստանի քաղաքական դաշտը այնպես է ալեկոծվել, կարծես ոչ թե Ուկրաինայի ճակատագիրն է որոշվում, այլ` մեր երկրինը: «Մենք ենք մեր սարերը» սիրված ֆիլմում հետաքրքիր դրվագ կա հովիվների խոսակցությունից:

- Էն խեղճ Քենեդիի՞ն ինչու սպանեցին:

- Ցավդ կտրել է,- պատասխանում է զրուցակիցը:

Հիմա մեր «ցավը կտրե՞լ է»: Բազմաթիվ հիմնախնդիրների մեջ թաղված` այնպես ենք ոգևորվում, հիասթափվում ուկրաինական հեղափոխության անցուդարձով, որ քիչ է մնում «ետ դառնաս» ու ասես.

- Թողե´ք, մենք մեր յուղով տապակվենք:

Թեպետ, մյուս կողմից էլ, կարելի է հասկանալ քաղաքական կյանքը «ալեկոծողներին»: Նրանք հիմնականում արևմտամետ ընդդիմադիրներն են, ովքեր Ռուսաստանի շահերը ոտնահարող յուրաքանչյուր իրադարձություն ընկալում են որպես այդ երկրի թուլացման, հետևապես` Հայաստանը Ռուսաստանի «լծից» ազատելու հնարավորութ յան մեծացում:

Այնուամենայնիվ, սխալ կլինի կարծել, թե աշխարհաքաղաքական այս վտանգավոր զարգացումները` թե´ դրական, թե´ բացասական առումով ոչ մի ազդեցություն չեն ունենա մեր երկրի ապագայի համար: Կրկին մեջբերում անենք նույն ֆիլմից.

- Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Մեղքս մեզ է գալիս, մեկ էլ` Ամերիկային: Մանրերը, արանքում, գլուխ են պահում:

Մաքսային Միությանը միանալուց հետո, «մանր» լինելով հանդերձ, «գլուխ պահելը» Հայաստանի համար խիստ դժվար է լինելու` թե´ քաղաքական, թե´ տնտեսական առումով: Քաղաքական տեսանկյունից` այլևս փոխլրացման սկզբունքով առաջնորդվելն անհնար է դառնում: Թեպետ իշխանությունները, մտնելով Մաքսային Միություն, ամեն ջանք թափում են Արևմուտքի վստահությունը չկորցնելու համար, սակայն արդեն իսկ նկատվում է ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների տրամադրվածության փոփոխութ յունը ՀՀ հանդեպ: Այս միտումները դեռ նոր-նոր են սկսվել և կարող են մոտ ապագայում ավելի խորանալ: Դա վտանգավոր է հատկապես Արցախի հիմնախնդրում դիրքորոշումների` ի վնաս մեզ, փոփոխությունների առումով: Արևմուտքում բավական լուրջ քաղաքական ռեսուրս կորցնելու դիմաց, ՀՀ իշխանությունները հույսեր ունեն դրանք փոխհատուցել Ռուսաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական կապերի աննախադեպ ընդլայնումով: Բայց սկսված «սառը պատերազմի» առկայությամբ, երբ Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցները շատ շուտով կարող են կիրառության մեջ մտնել, ՌԴ-ն կարող է հայտնվել ֆինանսատնտեսական կրախի առջև: Խոսքը հիմնականում վերաբերում է առանց այդ էլ շարունակաբար արժեզրկվող ռուբլու «ճակատագրին»: Սանկցիաների կիրառման դեպքում ՌԴ արժույթը, շատ հնարավոր է «թավալգլոր» անկում ունենա: Ավելորդ է ասել, թե դա ինչպիսի ծանր հետևանքներ կունենա ՄՄ անդամ երկրների, հատկապես, մեր երկրի համար: ՌԴ-ից տրանսֆերտները արդեն իսկ սկսել են նվազել: Բացի այդ, շատ կդժվարանա մեր ապրանքների արտահանման խնդիրը: Տնտեսագետների հաշվարկներով մեր ապրանքների արտահանման ծավալները ոչ միայն չեն կրկնապատկվի կամ եռապատկվի, ինչպես նախատեսվում էր Մաքսային Միություն մտնելու որոշում կայացնելիս, այլև զգալիորեն կնվազեն: Փաստորեն, մենք կարող ենք կորցնել ռուսական հսկայական շուկան: Սեպտեմբերի 3-ից ՀՀ-ն արդեն «պորտալարով» կապված է Ռուսաստանին: Այդ երկրի տնտեսական, քաղաքական վիճակի ծայրահեղ վատթարացումը, նույնքան ծայրահեղ արտացոլում է ունենալու Հայաստանում:

Հիմա փորձենք ենթադրել, թե ինչ սցենարով կարող են զարգանալ իրադարձությունները.

ա) Ամենավատ տարբերակը. Արևմուտքը չի խուսափում Ռուսաստանի հետ ռազմական բախումից. Սև ծովում տեղակայված ամերիկյան ռազմական նավատորմը ռազմական գործողություններ է սկսում ՌԴ դեմ: Դրա շարունակությունը կարող է լինել արևմտամետ ցամաքային զորքերի դեսանտը Ուկրաինա: Այս դեպքում կարելի է արձանագրել երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Փառք Աստծո, որ այս տարբերակը շատ քիչ հավանական է, քանզի ո´չ Օբաման, ո´չ Մերկելը չեն կորցրել իրականության զգացողությունը` ի տարբերություն Պուտինի: Հիշենք Մերկելի խոսքերը. «Պուտինը կորցրել է իրականության զգացողությունը»:

բ) Արևմուտքը խիստ սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի դեմ: Կարո՞ղ է արդյոք ՌԴ-ն, առանց լուրջ վնասների, դիմանալ այդ մեկուսացմանը: Դժվար թե: Թեպետ մեր հյուսիսային հարևանը միշտ էլ եղել է անկանխատեսելի: Եթե Իրանը այսքան երկար ժամանակ դիմացել է, ապա ռուսներն էլ կարող են դիմանալ: Խնդիրը միայն այն է, թե վնասների ծավալները ինչքան կլինեն:

գ) Ռուսաստանը դարձյալ «պլստում» է և մնում անպատիժ` Ղրիմը «իրենով» անելուց հետո: Չէ՞ որ նախադեպը կա: 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Օսիայի և Աբխազիայի անկախությունը ՌԴ-ն ճանաչեց:

Այդ ժամանակ էլ Արևմուտքը մատ թափ տվեց. տնտեսական և քաղաքական սանկցիաներ կիրառելու սպառնալիքներ տեղաց: Հետո աստիճանաբար հաշտվեց կատարված իրողություններին, և ամեն ինչ մտավ բնականոն հուն:

Ռուսամետ լինենք, թե Արևմտամետ` պետք է ցանկանք այս երրորդ տարբերակը, քանզի, հակառակ դեպքում խիստ վտանգվելու է մեր երկրի ապագան:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ