Հակընդդեմ պահանջ` Ժիրինովսկուց


Ի՞ր, թե՞ Ռուսաստանի Դաշնության անունից (չէ՞ որ այս գործիչը կարող է իրեն թույլ տալ` նաև պետության անունից խոսել) Վլադիմիր Ժիրինովսկին էլ կարծում է, որ հարկավոր է G8-ից (Մեծ ութնյակից) վտարել ԱՄՆ-ը:

- Ո՞վ է իրավունք տվել սպառնալ` մեզ G8-ից վտարելու: Նույն հաջողությամբ մենք պետք է ԱՄՆ-ի վտարումը պահանջենք` Կոսովոն, Իրաքը, Լիբիան գնդակոծելու համար,- Պետդումայում ասել է նա լրագրողներին:

Ռուսաստանյան թիվ 1 լիբերալ-դեմոկրատին շատ է անհանգստացրել իր հայրենիքի դեմ հնարավոր պատժամիջոցները և խոսքի ենթատեքստով փորձում է միջազգային կառույցների աջակցությունը հայցել.

- Դա անթույլատրելի է. պատժամիջոցներ կիրառվում են միջազգային մարմինների որոշմամբ և որևէ սարսափելի դեպքերի կապակցությամբ: Իսկ փորձել պատժամիջոցների դիմել, երբ խոսքը վերաբերում է ազգաբնակչության պաշտպանությանը` միայն բարբարոսները կարող են այդպես խոսել: Այս ամենը դեռևս սառը պատերազմի մնացորդներն են:

Ստացվում է, որ Վլադիմիր Վոլֆովիչը տեղյակ չէ կամ չի ընդունում, որ վերջին շրջանում մեղմված ԱՄՆ-ՌԴ սառը պատերազմը վերստին բորբոքվել է:

- Ոչ մի պատժամիջոց հնարավոր չէ. դա պետք է ընդունել որպես վիրավորանք: Մենք քոթակվելու տղաներ չենք,- հայտարարել է Ժիրինովսկին ու սպառնացել.

- Այդ նրանք են մեր միջոցով Աֆղանստանից զորքերը դուրս բերում. կփակենք երկինքն ու վերջ...

Ժիրինովսկին Ժիրինովսկի չէր լինի` առանց հուզականության: Արդեն լիակազմ նիստում նա հայտարարել է, թե հարկավոր է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային պաշտոնանկ անել.

- Հարկավոր է պաշտոնաթող հայտարարել Օբամային` Ուկրաինայում ծայրահեղական արմատական խմբավորումներին ֆինանսավորելու համար: Նրան պետք է վռնդել, ամերիկացիները դա կանեն:

Ի ԴԵՊ. Վլ. Ժիրինովսկին նաև ինքնատիպ մեկ այլ պահանջով է հանդես եկել. առաջարկել է ռուսական այբուբենից վերացնել «Ы» տառը.

- Վերացնել այդ զզվելի տառը. դա հետամնացություն է, մեզ դրա պատճառով չեն սիրում Եվրոպայում... Դա մոնղոլներից է մեզ մոտ եկել. եվրոպական ոչ մի լեզվում «Ы» տառ չկա: Կոկորդային հնչյուն է. գազաններն են այդպես խոսում` «Ы-Ы»: «Ի» և վերջ, բավական է: