Չկրկնել ղրղզների խելահեղությունը


Աշխարհի բոլոր լրատվական գործակալությունները անցյալ շաբաթ հեղեղված էին Ղրղզստանում բռնկված հերթական հեղափոխության կամ ավելի ճիշտ կլինի ասել` պետական հեղաշրջման մասին տեղեկություններով: Հաղթանակած ընդդիմությունը, որը ցանկանում է ամբողջ աշխարհին հավատացնել, թե կատարվածը ժողովրդական զանգվածների զայրույթի տարերային բռնկում էր, ոչ թե նախապես մշակված պետական հեղաշրջման արտահայտություն, տևականորեն չէր կարողանում կանգնեցնել ջարդերը, հրկիզումները, մեծ ու փոքր խանութների համատարած կողոպուտը: Այդ անկարգությունների հետևանքով զոհվեց 75 մարդ, վիրավորվեցին 1000-ից ավելին: Ուղղակի քստմնելի տեսարաններ էին ցուցադրվում հեռուստատեսային զանազան ծրագրերով: Անմարդկային ծեծուջարդի էր ենթարկվել տապալված կառավարության ոստիկանապետը, որի արյունոտ և ուռած դեմքի վրա նույնիսկ աչքերը չէին երևում: Ամբոխը տակնուվրա էր արել նախագահի ու վարչապետի տները, կառավարական հիմնարկները, ամբողջովին այրել էր դատախազության շենքը, արյան ծարավով որոնում էր նախագահի եղբորը` լինչի դատաստանի ենթարկելու համար: Նախագահ Կուրմանբեկ Բակիևը, ով 5 տարի առաջ իշխանությունը բռնազավթեց ճիշտ նույն հեղափոխական ճանապարհով, փախել է իր ծննդավայր Ջալալաբադ: Ինտերնետում նա զետեղել է մի հայտարարություն, որում նշել է, թե հրաժարական չի տվել և չի պատրաստվում հրաժարական տալ: Ըստ տեղեկությունների, նա մտադիր է Ջալալաբադը դարձնել իր կողմնակիցների համախմբման հավաքատեղի և պայքար սկսել խռովարարների դեմ: Ինքն իրեն ժամանակավոր կառավարության վարչապետ է հռչակել Ռոզա Օթունբաևան, ով, ի դեպ, 5 տարի առաջ Ասկար Ակաևի դեմ կազմակերպված խռովության ժամանակ Կուրմանբեկ Բակիևի աջ ձեռքն էր, նրա կազմած առաջին կառավարության արտգործնախարարը: Բակիևը որոշ ժամանակ անց նրան պաշտոնանկ արեց, ինչից հետո տիկինը, բոլոր նախկին «խռովածների» նման, անցավ ընդդիմության շարքերն ու իբրև թե հանուն ժողովրդի: Իսկ իրականում` հանուն իր անձնական չբավարարված հավակնությունների` գլխավորեց Բակիևին տապալելու համար սկսված ժողովրդական շարժումը: Այժմ տիկինը մտահոգություն է հայտնում երկրի հնարավոր մասնատման առթիվ, դրանից խուսափելու համար Բակիևին հրավիրելով բանակցությունների: Սակայն ընդգծում է, թե «բանակցությունները կարող են լինել միայն մեկ հարցի` նախագահի հրաժարականի շուրջ»: Ընդամենը 5 տարի առաջ գահընկեց արված Ասկար Ակաևին ճիշտ այդպիսի բանակցություններ էր առաջարկում նաև Կուրմանբեկ Բակիևը: Այսինքն, Ղրղզստանի նախագահը հնձում է այն դառը պտուղները, որը հենց ինքն է ցանել` զավթելով իշխանությունը իր նախորդից և ստիպված նստելով այն ցցի վրա, որ 5 տարի առաջ հենց ինքն է սրել: Հինգ տարի առաջ Բակիևը ժողովրդին մեծ-մեծ խոստումներ էր տալիս, դատափետում էր Ակաևին` նրա կառավարման տարիներին երկրում ծաղկում ապրած կոռուպցիայի, հովանավորչության, իր բոլոր բարեկամներին պաշտոնների նշանակելու, ժողովրդական զանգվածների կենսամակարդակի բարձրացման մասին ամենևին չմտածելու համար: Հիմա այդ նույն մեղադրանքները հասցեագրվում են հենց իրեն: Ժողովրդական զանգվածների դժգոհությունը Բակիևից` չափազանց մեծ է: Օթունբաևան, որն արդեն ցրել է խորհրդարանը, կառավարությունը, նախագահի քարտուղարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը երկրում, խոստանում է առաջիկա 6 ամսվա ընթացքում հանրաքվեի դնել նոր Սահմանադրություն, անցկացնել նախագահի և Խորհրդարանի նոր, ժողովրդավարական ընտրություններ: Խոստանում է նաև կատարել անաչառ հետաքննություն և սպանությունների ու բռնարարքների համար բոլոր մեղավորներին ենթարկել խստագույն պատասխանատվության: Սակայն հատկանշական է, որ Օթունբաևան բոլոր սպանությունների, հրկիզումների, թալանի ու բռնությունների պատասխանատվությունը արդեն նախապես դնում է բացառապես տապալված իշխանությունների վրա: Նրա վարքագծում սեփական մեղքի գիտակցման նշույլ անգամ չկա: Նա, ցավոք, չի հասկանում (կամ ձևացնում է, թե չի հասկանում), որ այն քաղաքական ուժը, այն գործիչը, ով մարդկանց զանգվածաբար փողոցներն է հանում և հեղափոխության է մղում, նույնիսկ իր կամքից անկախ, իր սուբյեկտիվ ցանկությանը հակառակ` նպաստում է, որ հասարակության մեջ առկա բոլոր թափթփուկները, քրեական տարրերը, նախրային մակարդակի իջածները լիովին ազատություն տան իրենց կենդանական բնազդներին: Ցանկացած երկրում զանգվածային անկարգությունները մեծագույն դժբախտություն են: Իսկ հեղափոխությունները, արյունոտ, թե անարյուն, հանցագործություն են նախ և առաջ սեփական ժողովրդի դեմ: Մենք, իհարկե, խորապես ցավակցում ենք ղրղզ ժողովրդին` բազմաթիվ զոհերի, հարյուրավոր վիրավորների, երկրին պատճառված հսկայական նյութական վնասի համար: Սակայն մեր բարոյական պարտքն ենք համարում նաև կրկին ու կրկին ընդգծել, որ հեղափոխական բռնության ճանապարհով գնացած աշխարհի և ոչ մի ժողովուրդ դեռ երբեք ոչինչ չի շահել: Ղրղզական նոր հեղափոխությամբ ոգևորվածներին կուզենայինք հարցնել` այն 75 զոհերի հարազատները արդյո՞ք կիսում են իրենց հորթային հրճվանքը նոր հեղափոխության հաղթանակի առթիվ: Որևէ որդեկորույս մայր, որևէ անհայր մնացած երեխա կցանկանա՞ր, որ հանուն ատելի վարչակարգի տապալման` զոհվեր կոնկրետ իր զավակը, իր հայրը... Հին իմաստությունը վկայում է, թե հիմարը սովորում է սեփական սխալների, իսկ խելացին` ուրիշի սխալների վրա: Ղրղզստանի իրադարձությունները մեզ պետք է հուշեն, թե որքա¯ն կործանարար է ատելության էներգիան, իշխանությունը բռնի փոխելու ցանկացած փորձ: Եվ մեզ պետք է ետ պահեն ղրղզների խելահեղությունը կրկնելու գայթակղությունից...

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ