Շնորհակալ եմ Աստծո տված պարգևից


(եղելություն) Պարույր Աթանեսյանը թեև ծեր էր արդեն, քայլում էր ձեռնափայտով, բայց շարունակում էր աշխատել Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում£ Այնտեղ էր աշխատում նաև համալսարանական ընկերուհիս` Վարդուհի Գաբանջյանը£ Նրա միջոցով էլ ճանաչում էի գրադարանի գրեթե բոլոր աշխատակիցներին, որոնց թվում նաև Պարույրին£ Ապրում էր նա մեր «Ավանգարդ» թերթի խմբագրության տարածքում, որը նախկինում գտնվում էր Պուշկինի թիվ 1 հասցեում£ Փողոց նայող պատուհանից նրան հաճախ էի տեսնում` կնոջը թևանցուկ անցնելիս£ Երիտասարդական փայլը դեռ չէր մարել այդ տարեց կնոջ վարդագույն դեմքից£ Նա գեղեցիկ էր, ժպտերես ու այնքան երջանիկ, որ դա չէր վրիպում անգամ անցորդների հայացքներից£ Նրանցից շատերն անգամ շրջվում ու ներքին ուրախությամբ նայում էին հեռացող զույգին` չիմանալով, որ նրանք նորապսակներ են£ Ինձ հետաքրքրում էր նրանց ամուսնության պատմությունը. ի՞նչն էր ստիպել կյանքի մայրամուտին հասած ծերուկին նման որոշում կայացնել£ Մեկ օր նրան խմբագրություն հրավիրեցի£ Պարզվեց, որ հետաքրքիր զրուցակից էր£ - Գեղեցիկ կին ունեք,¬ ասացի£ - Հա, նա միշտ էլ գեղեցիկ է եղել£ Բա որ երիտասարդ տարիքում տեսնեիք£ Ես գիմնազիայի ուսանող էի, երբ ծանոթացանք ու սիրահարվեցինք£ Թվում էր, թե մեր սերը հավերժ էր£ Ես չգիտեի, որ նա գեներալի աղջիկ է, հարուստ. իսկ ես` չքավոր մի ուսանող£ Մեր սիրո մասին իմացավ հայրը, և ամեն ինչ փշրեց£ Կամքին հակառակ աղջկան ամուսնացրեց£ Գիմնազիան ավարտելուց հետո, երբ այլևս չքավոր ուսանող չէի, ես էլ առանց սիրո ամուսնացա£ Դա իմ կյանքում սոսկ պարտականություն էր, ուրիշ ոչինչ£ Տասնյակ տարիներ անցան£ Ծերությունը թակեց նաև իմ դուռը£ Ես մնացի միայնակ£ Ձեռնափայտս դարձավ ինձ հետ քայլող հավատարիմ ընկերս£ Ասում են` Աստված մարդուն երբեմն անակնկալներ է մատուցում, անսպասելի անակնկալներ£ Մեկ օր Երևանում, բոլորովին անսպասելի, պատահաբար հանդիպեցի նրան£ Կանգնել էինք դեմ առ դեմ` կաշկանդված£ Մեռած լռության մեջ զարթոնք էին ապրում կուտակված կարոտը, չմարած սերը£ Սեր, որ տասնյակ տարիներ վերածվել էր երազանքների£ Կորցրած երջանկությունից հետո, կյանքի մայրամուտին երկուսս էլ մնացել էինք միայնակ£ Մեզ այլևս խանգարող չկար£ Չկար գեներալը£ Ես էլ այն չքավոր ուսանողը չէի£ Առաջին համարձակ քայլը ես արեցի, նրան հրավիրեցի իմ տուն£ Քննարկելու շատ հարցեր չառաջացան£ Այսպես մենք ամուսնացանք£ Նա դաշնակահարուհի է£ Օրերս նրա համար դաշնամուր գնեցի, որ առանց երաժշտության չմնա, չտխրի£ Նա ամեն օր նվագում է, երաժշտությամբ լրացնում մեր կորցրած սիրո տարիների բացը£ Կարևորը` որ մենք երջանիկ ենք ու շնորհակալ Աստծուն` մեզ պարգևած ճակատագրի համար£ Շուտով խմբագրությունը տեղափոխվեց մամուլի տուն£ Ընկերուհիս` Վարդուհին, հեռացավ Հայաստանից£ Աթանեսյան զույգին այլևս չհանդիպեցի£ Շատ տարիներ են անցել£ Անշուշտ` Երևանի գերեզմանոցներից մեկում երկու անհայտ շիրմաթումբ կա, որոնց տակ հանգչում է սիրող զույգի մեծ սերը£

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ