ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՈՒԴՍԱՅԴԵՐՆԵՐԸ


Հնում մարտից առաջ բանակները մեկը մյուսին զգուշացնում էին, որ հարձակվում են, իսկ աղմուկի համար առաջ էին մղում ամենաանմարտունակներին` թմբկահարներին: Մեր օրերում այս ազնիվ մշակույթը մոռացվել է, բայց քաղաքական պայքարի դաշտում, ինչպես թատրոնի բեմում, հիմա էլ առաջինը հայտնվում են ներկայացման ամենաերկրորդական մասնակիցները: Խորհրդա րանական, ապա գրեթե անմիջապես հաջորդող նախագահական ընտրությունների նախապատրաստությունների պաշտոնական մեկնարկն անցյալ շաբաթ օրը նշանավորեց ամենասակավանդամ խորհրդարանական «Ժառանգություն» կուսակցությունը` հրավիրելով արտահերթ համագումար: Եթե հաշվի առնենք, որ պատվիրակների ավելի քան քառորդ մասը չէին մասնակցում կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի համառ ջանքերով արտահերթորեն հրավիրված համագումարին, ապա կարելի է պնդել, որ հենց այս հատվածը պետք է պայքարեր` «Ժառանգությունը» ՀԱԿ-ին անդամակցելու համար: Պայքարը, սակայն, անիմաստ էր դարձել, քանի որ հիմնադիր -կազմակերպիչը ոչ միայն որոշակի «ապահովական» միջոցառումներ էր ձեռնարկել դեռ մինչև համագումարի օրը ճշտելը, ապա նաև շրջահայացորեն չէր կրկնել կործանարար սխալը ու համագումարին չէր հրավիրել Լևոն Տեր¬Պետրոսյանին կամ քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող որևէ մեկին: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրություններից անմիջապես առաջ տեղի ունեցած «Ժառանգության» համագումարի ժամանակ պատվիրակները Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունեցին մոտ մեկ րոպե տևած ծափերով, իսկ ԼՏՊ-ի մուտքը նշանավորվեց ավելի քան հինգ րոպե շարունակվող օվացիայով: Այս անգամ ակնհայտ խայտառակությունից Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, խուսափեց, բայց նաև ներքին կուսակցական «չիստկա» կատարեց, ու օվացիա անողները այլևս չդարձան վարչության անդամներ: Իր հիմնադրած կուսակցությունը իր վերահսկողության ներքո վերադարձնելուց բացի, Րաֆֆի Հովհաննիսյանը հստակեցրեց նաև առաջիկա քաղաքական ուղենիշերը` առայժմ հռչակագրի տեսքով. սակայն բուն բովանդակությունն այդպես էլ չգաղտնազերծեց: Եթե հանգամանորեն քննենք տասը հոգիանոց նոր վարչության կազմը, ապա հեշտորեն կհամոզվենք, որ քաղաքական հակասություններ նա կարող է ունենալ միայն իր հավակնոտությամբ հայտնի նորընտիր փոխնախագահի` Ռուբեն Հակոբյանի հետ: Բայց այս գործոնն էլ, կարծում եմ, հաշվարկված է, քանզի «Ժառանգության» հիմնադիրն արդեն իսկ չի թաքցրել, որ միայն դաշինքով կուսակցությունը կկարողանա մուտք գործել խորհրդարան: ԼՏՊ-ի կամ ՀԱԿ-ի հետ դաշինքի հեռանկարը հիմնավորապես ու անմիջականորեն էլ բացառվել է: Փրկարար կարող է լինել դաշինքը Սիվիլիդասի, կամ որ նույնն է` Վարդան Օսկանյանի հետ: Իսկ սա նշանակում է երկու կարևոր հանգամանքի հաստատագրում. նախ ապագա խորհրդարանում ԱՄՆ-ը կունենա իր շահերը սպասարկող խմբակցություն և այս կերպ կհրաժարվի «գունավոր հեղափոխական» պրոյեկտներից, ապա նաև այդ խմբակցությունը բավական ներկայացուցչական կլինի, քանի որ «կհաղթահարի» սահմանված նվազագույն 7%-ի շեմը: Առաջիկա շաբաթ օրն իր համագումարը հրավիրող ՀՀՇ-ն, իհարկե, նման նկրտումներ չի կարող ունենալ: Զուրաբյան-Քոքոբելյան զույգի հրաժարականից հետո ՀՀՇ-ում իրավիճակն արտառոց ու խայտառակության աստիճան զավեշտալի է: Համագումարի 600 պատվիրակների թվակազմն ապահովելու համար հավաքագրում են բոլոր մարզերում բոլորին` միայն թե կարողանան լցնել Կառավարության նիստերի դահլիճը: Լևոն Տեր¬Պետրոսյանը հո դատարկ դահլիճում չի արտասանելու իր ծրագրային ճառը: Թեև բոլորին է հայտնի, որ ՀՀՇ-ն այսուհետ իրականում ղեկավարելու է ԼՏՊ-ի միակ վստահելի անձը` խնամի Դավիթ Շահնազարյանը, սակայն ձևականորեն կընտրվի մեկ ուրիշը: ՀՀՇ-ն այս պրակտիկան ունի: Հիշեցնենք, որ այս կուսակցության ամենածաղկուն շրջանում ձևական ղեկավար էր կարգվել Տեր Հուսիկ Լազարյանը` մարդ, ով ոչ քաղաքական, ոչ կազմակերպական, ոչ էլ որևէ այլ առումով իրենից ոչինչ չէր ներկայացնում: Նման տեղապահների պակաս հիմա էլ, իբր, չկա: Առնվազն հինգ անուն է շրջանառվում, տպավորություն ստեղծելու համար, թե ՀՀՇ-ն կադրերի պակաս չունի ու վարչության նախագահի լայն ընտրություն կարող է կատարել: Սակայն այս կեղծ պերճանքի թշվառությունն առավել քան ակներև է : Բաբկեն Արարքցյանն ու Արա Սահակյանն այնքան անլուրջ չեն, որ հուլիսի 17-ին նշանակված ներկայացմանը համաձայնեն մասնակցել որպես «գլխավոր» դերակատար: Խրտվիլակի դերում չի ցանկանա հայտնվել նաև Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Երջանիկ Աբգարյանի համար պահանջվող ջանքերն անհաղթահարելի կլինեն: Այնպես որ, այո, Վահան Փափազյանը կարող է լինել այն վարչության նախագահը, որի օրոք ՀԱԿ-ը ՀՀՇ-ի հետ կարող է անել այն` ինչ ցանկանա: Բայց ԼՏՊ-ի այս ծրագիրը կարող է նաև ձախողվել, եթե Արարատ Զուրաբյանը որոշի պայքարի մեջ մտնել ու կուսակցությունը փրկել: Լևոն Տեր¬Պետրոսյանն իրոք ՀՀՇ-ի հետ հարաբերություններում դժվար հաղթահարելի խնդիրներ ունի: Իր «անհերքելի հեղինակությունը» հաստատելու համար նա անգամ չխորշեց Վանո Սիրադեղյանի անունից նամակ հղել իբր Արարատ Զուրաբյանին` դրանով բոլորին փորձելով համոզել, թե ինքն է ՀՀՇ-ն: ԼՏՊ-ն, իհարկե, սպառնացել է Արարատին, որ եթե բացահայտի կեղծիքը` թե Վանոն ոչ մի նամակ էլ չի գրել, ինքն էլ Ինտերպոլին կբացահայտի Վանոյի ճշգրիտ հասցեն էմիրաթներում: Սակայն այս քայլով ու հնարված նամակի «չգիտե՞ք, որ ՀՀՇ-ի հավերժ նախագահը Լևոնն է» հատվածով ԼՏՊ-ն մեկ այլ շատ կարևոր բացահայտում է կատարել: Նա նախ հաստատել է, որ Վանոն հիմա ավելի մեծ հեղինակություն է, քան ինքը, ապա նաև խոստովանել է, որ ցանկանում է լինել արմատական ծայրահեղականների միակ կուռքը ու ՀՀՇ-ն վերածել ՀԱԿ-ի ստորաբաժանման: Հետևաբար, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀՇ-ն ռեալ հնարավորություն ուներ` կուսակցական ընտրացանկով ու իրատեսական ծրագրով ժողովրդին ներկայանալու դեպքում ստանալ 5%-ը գերազանցող քվե, ապա ՀԱԿ-ի ծայրահեղականների դաշինքը ոչ մի շանս չունի 7%-ի արգելանքը հաղթահարելու համար: Ուրեմն, ՀԱԿ-ը և ԼՏՊ-ն բոլորովին այլ քաղաքական ծրագրեր ունեն ու չեն էլ պատրաստվում մասնակցել խորհրդարանական ու նախագահական ընտրություններին` մրցակցելու և քվեներ շահելու նպատակով: Քաղաքական տեսանելի զարգացումների պարագայում նրանք ավելիի, առավել ևս ` իշխանության գալու ոչ մի ռեսուրս չունեն: Նման հնարավորություն կարող է առաջանալ միայն ֆորսթմաժորային զարգացումների դեպքում: Տարածաշր ջանում, նման իրավիճակներ այլևս բացառվում են, և դա վերջին մեկ ամսվա ընթացքում հաստատվեց արդեն երկու անգամ` Սանկտ-Պետերբուրգում Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Երևան կատարած այցի ընթացքում: Ստացվում է, որ ԼՏՊ-ն կամ ինքնակործանման է պատրաստվում, կամ մտադիր է վերջնականորեն, բայց աղմուկով լքել քաղաքական ասպարեզը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ