Դելիֆիններն անձինք են


Անշուշտ` սոսկ զգացմունքներով չեն առաջնորդվել Հնդկաստանում` դելֆիններին այսպիսի կարգավիճակ շնորհելով ու ամրագրելով, որ նրանք (դե, անձի մասին արդեն չես կարող գրել «դրանք») «պետք է ունենան իրենց հատուկ իրավունքները»:

Այս ձևակերպումը նաև մի հավելում ունի` «մարդկային տեսակին չառնչվող»: Այդպիսով Հնդկաստանը դարձել է առաջին երկիրը, որ կառավարության մակարդակով ու պաշտոնպես ճանաչել է կետանման ջրային կաթնասունների այս դասի ներկայացուցիչների եզակի մտավոր և ինքնուրույն մտածելու ունակությունները (տեղեկացրել է thePo.st կայքը):

Գործադիրի որոշումը հնչեցրել է երկրի շրջակա միջավայրի և անտառային տնտեսության ղեկավարը:

Այսուհետ այնտեղ արգելվում է նաև անազատության մեջ գտնվող դելֆիններին օգտագործել ներկայացումներում` դելֆինարիումներում, ակվարիումներում և այլն: Նախարարության հրահանգով, անձանց շարքում այս «նորակոչիկները» պետք է հատուկ իրավունքներ ունենան:

Հիշեցնենք. առժամանակ առաջ գիտնականները նոր ապացույցներ էին գտել, որ դելֆինները միմյանց կանչում են «անուններով»: Հետազոտությունները փաստել էին, որ ծովային այս կաթնասունները յուրահատուկ սուլոցներ են արձակում` իրենց ցեղակիցներին կանչելիս: Ընդ որում` յուրաքանչյուր ցեղակցի համար առանձին սուլոց են հնչեցնում: