ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ


Այսօր, հետպատերազմյան 20-ամյա բարձունքից վերարժևորելով այլևս անբեկանելի ու անեղծելի պատմություն դարձած դարակազմիկ իրադարձությունները, նորովի են վերհառնում 90-ականների սերնդի հերոսագործություններով լի տարիները, կամավորականների ու նախորդ հազարավոր սերունդների կամքի խտացված թանձրացում անկախության պայքարում իրենց խիզախ մահով դաժան կյանքը հեգնածների սխրանքների լուսավոր փառքը:

Բազում սերունդների բաղձալի երազանք Ազատ ու Անկախ պետականության կերտման ու հարատևման պայքարի ջահակիրների կյանքի ուղին իր օրգանական զարգացումն ունեցավ և ունի նաև արցախյան հաղթական պատերազմից հետո: Ասել է թե` ռազմի դաշտի վառոդահոտ բոցերում ծնունդ առած Ազգային բանակը, 1994-ի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո, թևակոխեց իր զարգացման ու շարունակական կատարելագործման նոր` բանակաշինության խաղաղ ու որակական բարեփոխում ների փուլ:

Այդպես էր կերտվում նաև արդեն 20-ամյա տարեգրությունը Սիսական զորագնդի, որի սկզբնական կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի տասնամյա համառոտ տարեգրությունն է արտացոլված վերջերս կյանքի ուղեգիր ստացած «Երրորդ գումարտակը» փաստավավերագրական գրքում:

Արժանին մատուցելով մյուս ստորաբաժանումներին ու դրանց անձնակազմերին, գիրքը հեղինակած, քաղաքացիական կյանքի ու մարտական ծառայության մեծ ուղի անցած և վերջինս ակտիվորեն շարունակող Աշոտ Գրիգորյանը իրավացիորեն նշում է.

- Խնդիրն այստեղ «Երրորդի» վերաբերյալ եղած բավականաչափ վավերագիր նյութերով շարադրվող մարտական ուղու պատմությունը հանրության սեփականությունը դարձնելն է: Սույնով մեկ անգամ ևս փորձել մասնակցի ակտիվ դերակատարմամբ, որոշումներ ընդունելու և իրականացնելու համար պատասխանատվություն կրող հրամանատարի աչքերով վերարժևորել անհերքելի անցյալ դարձած հերոսապատման օրերն ու տարիները, հայոց բանակաշինության երրորդ փուլի բարեբեր ժամանակաշր ջանը: Իսկ դա այնքան անհրաժեշտ է հետպատերազմյան սերնդի հայեցի ու հայրենասիրական ոգով դաստիարակության գործընթացում:

Գրքում մի ամբողջ գլուխ է հատկացվել պատերազմի դաշտում բազում անգամներ այլևս չգոյության ակնթարթներ ապրած կամավորականներին: Այդ նրանց մի փոքրաթիվ խմբի անսպառ ջանքերի միավորումով ու համառ և քրտնաջան ծառայությամբ կերտվեց պատմությունը ավագ սերնդի հիշողության մեջ «Երրորդ գումարտակ» անվամբ մնացած ստորաբաժանման:

Բազում էջեր են նվիրված և նրանց, ովքեր հետագայում, տարբեր կարգավիճակներով, համալրել են արժանապատիվ նվիրյալների շարքերն ու իրենց նպաստը բերել մարտական տարեգրության հյուսմանն ու վերջինիս զարգացմանը:

Անհնար է չհամաձայնվել հեղինակի հետ, որ

- … Վերջ չկա բանական հիշողությանը: Վերհանելու, վերաարժեքավորելու անցյալը, կատարվածը, մոռացվածը: Մեր չհիշածը, մոռացվածը ի զորու են վերականգնելու, լրացնելու այլոք վաղը, մյուս օրը, հետագայում ...

Դա մեր բոլորիս պարտքն է, սուրբ պարտականությունը:

Մարատ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ