ՄԱՅՐ ԲԵՄԻ ԱՌԱՋՆՈՒՀԻՆԵՐԸ.

Օլգա ԳՈՒԼԱԶՅԱՆ


«Ստեղծագործող դերասանին նույնքան անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ, որքան և շնորհք ու տաղանդ:  Սովետական թատրոնում աշխատանքիս երեսունվեց տարիներն ինձ նոր ուժ, նոր եռանդ տվին ու սպիացրին հին վերքերս: Արվեստագետի համար չկա այլ երջանկություն, քան անձնվեր նվիրվածությունն իր գործին:Իմ արվեստը  իմ կյանքի նպատակն է, իմ նշանաբանը, իմ երջանկությունը»:  
Օլգա Գուլազյան 



«Իմ ամպլուան հայտնաբերվեց վոդևիլներ խաղալով»

 Հնամենի բարքերի բերումով, առանց իրար ճանաչելու ամուսնացած հայրն ու վրացախոս մայրը, բարեբախտաբար,  հաշտ ու անբաժան ապրել են մինչ խորը ծերություն։ Ունեցել են  9 երեխա, որոնցից  2-ական աղջիկն ու տղան են կենդանի մնացել: Վերջինը` Օլինկան, ծնվել  է 1886-ին, երբ հայրը մոտ 60 տարեկան է եղել:Չարաճճի, խենթ ու խելառ մանկությունն անցել է Թբիլիսիի  ամենաբարձրադիր, ամենաարհամարհված` Խարփուխի թաղում:«Գուլազենց Օլինկայի»առաջին «թատերական ներկայացումը»նոր-նոր դպրոց գնացող եղբոր` Մնացականի կարդացած պատմություններից մեկի սյուժեով հորինված «սատանայի խաղն» է եղել: 8 տարեկանում Օլինկան  ոտք է դրել  Խարփուխի թաղի սուրբ Սարգսի ծխական 3 պատրաստական ունեցող դպրոցը: Կրոնի դասերից ձանձրույթը հորից ծածուկ, ճրագի աղոտ լույսի տակ,փարատել  է եղբոր կարդացած գրքերիգիշերային ընթերցանությամբ: «Հայուհյաց բարեգործական կար ու ձևի» դպրոցում ամենասիրելի վարժուհին`հետագայում հայտնի երաժշտուհի Մարգարիտ Բաբայանն է բացահայտելգրելու ձիրքն ու վառ երևակայությունը:

Հավլաբարի «Կազարմաների» թաղում ներսիսյանցիների կազմակերպած սովորական երեկույթը` պար, երգ, արտասանություն, ֆանտ խաղալ – արտասովոր է դարձել  «Խեչոյի թուզ» վոդևիլի խաղարկմամբ, որը հաջորդ օրը աշակերտուհիները ներկայացրել են դպրոցում: Չազդվելով «Ձեր երեսների քողը պատռվել է, ի՜նչ խայտառակ աղջիկներ պիտի դառնաք դուք ապագայում»նախատինքից` Խեչո-Օլգան ու Մնևոն Քյալփաջյան-Կատյուշան ներկայացում են կազմակերպել  իրենց ծնողների համար: Գրաշար Ալեքսին, ում շալվարը փոխ էին առել Խեչոյի համար, մարգարեացել  է. «Տես, Օլինկա, ժամանակին քու անունը կգրվի իսկական թատրոնական աֆիշաներում»: Հենց ինքը` Ալեքսին էլ շուտովշարել է այդ ազդագրերը...

Իրական թատրոնական փորձի  մասնակցել է, երբ Մացակ եղբայրը սիրողների խմբով իրենց տանը Սունդուկյանի «Էլի մեկ զոհն» է պատրաստել  հին դերասան Գեորգի Պարոն-Սարգսյանի ռեժիսորությամբ: Ուշի-ուշով հետևելով` յուրացրել  է Նատոյի դերն ու մի լավ փորձով ընդգրկվել  ներկայացման մեջ: Հարբեցող «ռեժիսորին» շուտով փոխարինել  են Ամո Խարազյանով, ով  լրջորեն  գործի գլուխ անցնելով` խաղացել  է նաև Միքայելի դերը: Օլինկան ստանձնել  է նաև Սալոմեի դերը: Միքայելյան փողոցում գտնվող «Էրմիտաժ» ամառային թատրոնում, գլխավոր փորձին անսպասելի հայտնվել է ինքը` Սունդուկյանը: Շատ հավանելով Նատոն` էական ցուցումներ է տվել  Սալոմեի համար և անկեղծորեն զարմացել, որ առաջին անգամ է բեմ դուրս գալիս:

Օստրովսկու «Եկամտավոր պաշտոն»-ում Ժադով-Խարազյանի հետ Յուլինկա խաղալիս նկատվել է դերասան Մաթևոս Աղայանի կողմից ևներգրավվել Սիրանույշի Բաքու ուղևորվող հյուրախաղային խմբում: Բաքվում դեբյուտը  եղելէ  «Հայրենական տուն» պիեսում  Մագդա-Սիրանույշի մորաքրոջ` 50 տարեկան հիստերիկ ու զավեշտալի  Ֆրանցիսկայի դերը, քանի որ ուրիշ դերակատար չունեին խմբում: Հենց միայն նրամանկական տեսքը հանդիսասրահի բուռն ծիծաղն է առաջացրել նաև  Սեդրակ Թառայանի պիեսում Սիրանույշի սկեսրոջ դերում հայտնվելիս: Ամենասրտակից օգնականը Փառանձեմն է լինում Բաքվի առաջին տարում, ով կարծես թե Թբիլիսիում Գևորգ Չմշկյանի տանը մնացած իր Երանյակ դստեր կարոտն էր առնում Օլգային գուրգուրելիս։ Հայ բեմում առաջին անգամ ներկայացված «Դավաճանությունը» պիեսը մեծ հաջողություն է ունենում Սիրանույշի Զեյնաբով, Աբելյանի Օթար-բեգով, Պետրոսյանի Անանիա Գլախայով, Իսահակ Ալիխանյանի Էրեկլեով, Մայսուրյանի Ռուքայայով: Այս դերասանախմբում լիովին բացված Գուլազյանը Գայանեով հաստատում է սուբրետի իր ամպլուան:Երկրորդը Գայանեի հակապատկեր Օլգայի դերն էր Յուժին-Սումբատովի «Շղթաներ» պիեսում, որտեղ, վերջապես, Սիրանույշն է նրա մոր դերում... 

 Ամենատխուրն ու բովանդակազուրկն են եղել ամուսնական կյանքի  7 տարիները: Ամուսինը, ումստիպմամբ ազդագրերում Նոնիկյան է գրվել, արգելել  է  առանց իրեն ճամփորդել խմբերի հետ։Նրա հետ շրջագայելիս ունեցած փողը չի  բավականացրել բուֆետներում խմած ոգելիցի պարտքերը փակելուն: Վերջապես իրենում ուժ է գտել ազատվելու ստրկությունից և կրկին ապրել մորից անբաժան, հանգիստ ու խաղաղ։ Հարստացնելով  մտավոր պաշարը՝ էապես  լցրել է  ստեղծագործական «հարկադիր պարապուրդի» 7-ամյա անդունդը: Մայրը հավանել է  միայն աղջկա կենսուրախ դերերը. «Միր դարդը միզ հերիք չի, վուր թիատրումն էլ լաց ըլինք»: Երկար  ընդդիմացել է Շիրվանզադեի «Չար ոգու»  «օձի կծած»  Ջավահիրին:

 Սև ռեակցիայի օրերին երբ Գուլազյանը ցանկություն է հայտնել հարբեցող կոշկակար Ալյոշկայի դերը (Գորկի, «Հատակում»)  խաղալու, ռեժիսոր Ստեփան Քափանակյանը սկզբում շատ է զարմացել: Առաջին իսկ մուտքով հետաքրքիր է ներկայացելԱլյոշկա-Գուլազյանը.   հարբած գարմոշկա նվագելով, անսանձ աղմկարարությամբ, կատվի խաղ-մկան մահ է  պատկերել, ապա, քրքջալով փախչելով,  ծաղրել  իրեն  հալածող ցարական ոստիկան-խրտվիլակ  Մեդվեդևի անզորությունը... Թավշյա բազկաթոռների մեջ ընկղմված բուրժուաների դեմքերին ժպիտը սառչել է...

     Աբելյանի գլխավորությամբ հաճախ ճամփորդելիս ամեն գարնան եղել են նաև Երևանում:   1911-ին  ուժեղ դերասանական կազմով մեկնել  են Մոսկվա, ապա Պետերբուրգ՝ «Դավաճանությունը» խաղալով  օվացիաներով, մարդահասակ շուշաններով...1916-17-ի ձմռանն աշխատելեն Թբիլիսիում, դրամատիկ ընկերությունից անջատ, ապա մի շարք ներկայացումներ Կարսում  տալիս դիմավորել ցարի տապալման լուրը: 1919-ին Գուլազյանը լրացնում էդերասան Հովսեփ Ոսկանյանի երաժշտադրամատիկական խմբի  կազմը` Արուս Ոսկանյան, Արուս Ասրյան, Աստղիկ Երեմյան, Հասմիկ, Զաբել... Ամուսինը լծում էր ճանաչում գտած  ու հանդիսատես բերող Արուսին այնպես, որ ոչ մի գիշեր ազատ չէր մնում: Երբեմն Արուսը խնդրում էր  Օլգային փոխարինել իրեն: Վրացական աննախընթաց հաջողությունից քաջալերված` Մարջանիշվիլու միզանսցեններով ու ձևավորմամբ Արտիստականում ներկայացնում են Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուրը»: Հայ բեմում առաջին Լաուրենսիան անվախ իսպանուհու  վրեժի ու ցասման հուզառատ  կրքով կատարում է Օլգա Գուլազյանը: Սուբրետների, անմեղ ու չարաճճի երեխաների, պառավների, դրամատիկ ու խարակտերային, թբիլիսյան կենցաղային տիպերի դերերից հետո 20-ից ավելի տարիների փորձառություն ունեցող արտիստուհին խաղում է իր առաջին հերոսական դերը: Հայ թատրոնը Թբիլիսիում «հուսահատ ու լքված լուսնոտի նման»   գոյատևում է մինչև 1921 թիվը։ 

- Իմ ամպլուան հայտնաբերվեց վոդևիլներ խաղալով` զարգացնելով բեմական տեխնիկան, շարժունությունը, ճկունությունը,-1945-ինգրում է համաժողովրդական սեր վայելող արտիստուհին:- Բեմական առաջին անփորձ քայլերը բախտ եմ ունեցել սկսելու Գաբրիել Սունդուկյանի անմիջական ցուցումներով, ...խաղալով  կանացի թե ծեր, թե երիտասարդ գրեթե բոլոր դերերը: Իսկ 1926-ից երբ վերջնականապես տեղափոխվեցի Երևան, կանգ առա միայն 4-ի վրա` «Պեպո»-ի Էփեմիան, «Խաթաբալա»-ի Նատալիան, «Քանդած օջախի» և «Էլի մեկ զոհի» Սալոմեն: Ավելի բազմերանգ է «Էլի մեկ զոհի» Սալոմեն... Էփեմիան ես խաղում եմ բուռն թրթիռով: Սա Նատալիա չէ, կյանքի մութ կողմերին լա՜վ տեղյակ «հանած-վարած» տիպ է: Սունդուկյանի ցուցումով` չեմ թաքցնում, որ ինձ դուր է գալիս լակեյս` 18-ամյա  Սամսոնը, ում, ի ցույց ամենքի,  զուգում-զարդարում եմ: Մասիսյանցին պատահելու  Նատալիայի վախի զգացումը հատուկ շեշտված խաղալիս Զամբախով-Ավետ Ավետիսյանի հետ դրվագում ես ճշմարիտ արվեստի մեծ հոգեկան հաճույքն եմ ապրում

Երեք հարյուրից ավելի դեր է խաղացել ՀԽՍՀ և ԽՍՀՄ  պետական մրցանակների դափնեկիր ժողովրդական արտիստուհին՝ հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից պիեսներում։ Խորհրդային հեղինակներից առաջին իսկ ընթերցմամբ նրան սիրելի են  դարձել` Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա» պիեսի անձնվեր էնտուզիաստ  Ագրիպինա Սեմյոնովնան. Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետի» հիվանդանոցային տարեց բուժքույր Խրիստինա Արխիպովնան:Ընտանիքում «խելքի պակասությամբ»  ավելորդ իր, կահկարասի դարձած տանտիկնոջ՝Քսենիայիողբերգազավեշտական դրությունը  յուրահմա է շեշտել Վաղարշ Վաղարշյան-Բուլիչովի հետ զուգախաղում (Գորկի, «Եգոր Բուլիչովը և ուրիշները»)։ Մարդկային  խոր զգացմունքներով հարուստ մի կերպարէր Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»  տրագիկոմեդիայի Գուլազյան-տատիկը։Ստեղծագործական վերջին փոթորկուն թրթիռն էլ  Բրոուդիի տատիկն էր  (Ա.Կրոնին, «Բրոուդիի ամրոցը», 1963թ.)։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ