Բավականաչափ զգոն պետք է լինենք


Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառների, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքների շուրջ է զրույցը Շուշիի առանձնակի գնդի նախկին հրամանատար Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆԻ հետ:

Ձեր կարծիքով, ինչի՞ հետևանք էին հայ-ադրբեջանական սահմանին այս վերջին սրացումները, ինչի՞ էր ձգտում Ադրբեջանը, ի՞նչ էինք սպասում Սոչիի հանդիպումից, և ի՞նչ տեղի ունեցավ իրականում :

- Սահմանային լարվածությունը մեծ հաշվով նոր բան չի: Այս անգամվա աննախադեպն այն էր, որ կարճ ժամանակաընթացքում այդքան շատ գործողություններ կատարվեցին: Նկատի ունեմ և´ կրակոցները, և´ դիվերսիաները: Ես այդ ամենը կապում եմ սեպտեմբերի 3-ին հաջորդած աշխարհաքաղաքական գործընթացների, ինչպես նաև ուկրաինական զարգացումների հետ: Կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակից: Ուկրաինայի դեպքերից հետո Մինսկի խմբի մասին խոսել ըստ էության ճիշտ չի, որովհետև ուկրաինական դեպքերից հետո Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները առնվազն նմանվում են սառը պատերազմի ժամանակաշրջանին: Որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է, որ Հայաստանում մեծանա արտագաղթը: Կարծում եմ` սահմանային լարվածութ յան նախաձեռնողը Ադրբեջանն է եղել: Բայց նաև Ռուսաստանը մատը մատին չտվեց` լինելով բիշկեքյան հրադադարի մասին պայմանագրի երաշխավորը: Ուստի, կարող ենք ենթադրել, որ նրան ձեռնտու էր այս վիճակը այն առումով, որ ինչքան լարվածությունն ավելանա, և ինչքան խաղաղության հեռանկարը բարդանա, այնքան իր դերակատարությունը կբարձրանա: Այս հանգամանքը Ռուսաստանին հնարավորություն կտա խաղաղապահներ տեղակայել հայ-ադրբեջանական շփման գծում: Կարծում եմ` սա է Ռուսաստանի հաշվարկը: Այս վտանգը կար Սոչիի հանդիպումից առաջ: Սակայն բարեբախտաբար, կարծես նրա համար հեշտ չի լինի իրականացնելու Հարավային Կովկասում իր մտադրությունները, քանի որ մեծ հաշվով Ռուսաստանի դիրքերը աշխարհաքաղաքական իմաստով այսօր թուլանում են:

- Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք աշխարհաքաղաքական դիրքերի թուլացում ասելով: Խոսքը ուկրաինական զարգացումների մասի՞ն է:

- Այո: Ռուսաստանը չի կարողանում հարկ եղած ձևով դիմակայել: Ըստ էության, իր կատարած քայլերի արդյունքում հենց ինքն է վնասվում: Քիչ առաջ խոսեցի հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական զորքերի տեղակայման մասին: Դրա նպատակը նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա հավանական էներգակիրների գծի շրջափակումն է: Այդ քայլով, կարծում եմ` Ռուսաստանն ուզում է ասել, թե ինքը թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա: Նույն` նախիջևանյան ճակատի տաքացումը, որ 20 տարիների ընթացքում աննախադեպ էր, ինձ հուշում է, որ այն մեսիջ էր և´ Իրանին, և´ Եվրոպային առ այն, որ Ռուսաստանը կշրջափակի վերը հիշատակված էներգետիկ նախագիծը:

- Հեռուստատեսությամբ հարցազրույցներից մեկում Դուք ասել եք, որ Արցախում ռուսական զորքի տեղակայումը կնշանակի 200 տարով հետ գնալ:

- Այո, մեծ հաշվով, դա այդպես է: Մենք միշտ ասել ենք, և հիմա էլ կրկնում եմ` դա հայկական շահերին խիստ հակասում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա կանխենք և կարծում եմ` մեզ կհաջողվի այդ անել:

- Սոչիում Պուտինն ասաց, թե Ռուսաստանը կօգտագործի միջազգայնորեն ընդունված բոլոր ձևաչափերը` ծագած խնդիրները կարգավորելու համար: Բայց ի՞նչ ձևաչափերի մասին է խոսքը, երբ միայն Մինսկի խումբը ունի ՄԱԿ-ի կողմից Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու իրեն վերապահված ձևաչափ: Սա արդյո՞ք չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է ազատվել Մինսկի խմբից, ինչը նաև Ադրբեջանի ցանկությունն է:

- Հետևելով ՌԴ քաղաքական ղեկավարության արտահայտություններին, տեսնում ենք, որ պարբերաբար իրենք իրենց հակասում են: Սոչիի հանդիպումից մեկ-երկու օր առաջ Լավրովը խոսք ասաց, և ես նկատեցի` նա այնքան էր շողոքորթում Մինսկի խմբի համանախագահներին, որ տպավորություն ստեղծվեց, թե Ուկրաինայի պատճառով Արևմուտքի հետ հարաբերությունները խզվել են: Բացի այդ, Հարավային Կովկասում ռուսները չեն ուզում, որ խզում տեղի ունենա Մինսկի խմբի հետ: Այս իմաստով, բավական խառնաշփոթ վիճակ է այսօր ՌԴ վերնախավում: Այնտեղ ինչ-ինչ խլրտումներ կան, և այսպես երկար չի շարունակվի: Նկատելի է, որ այնտեղ տրամաբանությունից դուրս քայլեր կատարվել և կատարվելու են, ինչը վտանգավոր է մեզ համար: Ռուսաստանը թուլանում է, բայց դա չի նշանակում, որ այս ընթացքում մենք չենք կարող վնասվել: Բավականաչափ զգոն պետք է լինենք:

Հայ ժողովրդի պայքարն այս օրերին ինքնիշխան պետություն ստեղծելն է:

Այս ընթացքում ես, կարծում եմ` Դուք էլ նկատեցիք, որ ժողովրդի մեջ հայրենասիրական մեծ ալիք բարձրացավ: Ղարաբաղյան պատերազմի վետերանները համախմբվեցին և գնացին սահմանները պահող ջահելության թիկունքին կանգնելու: Դուք չե՞ք զգացել, որ չնայած դժվար ժամանակներ են, բայց մարդիկ, այնուամենայնիվ, մի պահ կարծես մոռացան դժվարությունների մասին ու գնացին ռազմի դաշտ, ինչպես 88-90 -ականներին էր:

- Այո: Երբ ասում ենք` այս ընթացքը որ շարունակվի, մենք վերջանում ենք, դա փաստ է: Սակայն չի նշանակում, թե ներուժ չունենք դիմակայելու Ադրբեջանին: Կարծում եմ, որ մեզ հաջողվելու է կանխել մեզ համար մեր հակառակորդների կանխատեսած ընթացքը և անիվը հակառակ ուղղությամբ պտտեցնել: Անշուշտ ուրախացնող է կամավորների պատրաստակամությունը: Մենք ողջունել ենք և մենք նույնպես պատրաստ ենք միանալ: Հանուն թեկուզ մի քանի երիտասարդ զինվորի կյանք փրկելու` արժի, որ պատերազմի մասնակիցների այդ ակտիվությունը շարունակվի: Սակայն անիմաստ է փնտրել այն լուծումը, որ սահմանում նմանատիպ բաները չկրկնվեն, որովհետև այդ խնդիրը զուտ զինվորական, պաշտպանական տիրույթում չի գտնվում: Լուծումը գտնվում է քաղաքական տիրույթում: Իսկ քաղաքական տիրույթում տեսնում ենք, թե ինչով են զբաղված այս տարիներին: Գուցե ճիշտ էր այն երևույթը, որին վերջին շաբաթներում ականատես եղանք. կարծես պաշտպանության նախարարն ինքն էր ստանձնել երկրի քաղաքականության վարումը: Սա ապացուցում է, որ քաղաքական ճյուղը վերցրած մարդիկ ամբողջությամբ ձախողվել են: Օր առաջ Բանակը` երկրի ղեկը վերցնելով իր ձեռքը, գործակցելով առողջ շրջանակների հետ պետք է բռնի այն ուղին, որը տանելու է դեպի ինքնիշխան պետություն: Եթե այս հորդորը տեղ հասնի, դա կլինի ամենաանց նցում փոփոխությունը, որը մենք պատրաստվում ենք անել:

- Շնորհակալ եմ զրույցի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ