«Երկրորդ ժամկետի» նախագահների պատճառով


Պարզվում է, որ կտրուկ նվազում է վերընտրված ղեկավարների օգտակար գործունեության գործակիցը: Համենայն դեպս` ամերիկացի նախագահների փորձով նման համոզմունք է հրապարակել The FinΖnciΖl TiΗes-ը, որի հեղինակը Միացյալ Նահանգների նախկին նախարար Լորենս Սամերսն է:

- ԱՄՆ-ում երկրորդ ժամկետն ընդհանրապես շատ դժվար ժամանակահատված է նախագահի ու նրա թիմի համար,- գրում է Սամերսը և հիշեցնում Ջորջ Բուշ-կրտսերի, Քլինթոնի, Ռեյգանի, Նիքսոնի, Էյզենհաուերի վերանախագահումները:

Երբեմնի թիվ 1 ֆինանսիստի խոսքերով` այդ նախագահների բոլոր կամ գրեթե բոլոր կարևորագույն քայլերը ձեռնարկվել են պաշտոնավարման առաջին ժամկետում, իսկ երկրորդը հաճախ նշանավորվել է սկանդալներով: Իսկ 4 անգամ երկրի ղեկն իր ձեռքում պահած Ֆրանկլին Ռուզվելտի պարագայում ամենաանհաջողը դարձյալ երկրորդ ժամկետն է եղել:

Փոքր-ինչ պարզունակ, բայց տրամաբանական հաշվարկ է. առաջին անգամ պետության գլուխը դառնալով, նախագահները ջանքեր չեն խնայում` երկրորդ անգամ նորից գահին մնալու: Տրամաբանական է և Սամերսի առաջարկը` միայն մեկ ժամկետով: Բարեփոխման այս առաջարկի օգտին է խոսում նաև պատմության փորձը:

Սամերսը հետաքրքիր մի հաշվարկ է կատարել.

- 20-րդ դարում վերընտրված նախագահները մեզ ղեկավարել են գրեթե 40 տարի: Վաղուց բարեփոխման ժամանակն է:

Այսինքն, եթե երկրորդ ժամկետն անարդյունավետ է, ուրեմն 20-րդ հարյուրամյակում Ամերիկան կորցրել է 40 տարի:

Իսկ գուցե մյուս երկրնե՞րն էլ փորձեն նմանատիպ հաշվարկ կատարել. հետաքրքիր է, եզրահանգումը նո՞ւյնը կլինի: