Հակամոսկովյան սառո՞ւյցն է հալչում


Իսկ գուցե ցուրտ է սպառնում գերմանա-ամերիկյան հարաբերություններին

Այսպես թե այնպես, արևմտյան պատժամիջոցները չարդարացրին դրանք կիրառողների հույսերը: Համենայն դեպս, Ռուսաստանը շա˜տ է սիրում Ուկրաինան ու դրանից ձեռք քաշելու մտադրություն չի ցուցաբերում: Մինչդեռ Արևմուտքում, մասնավորապես Գերմանիայում, կարծես այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներ են հայտնվում:

Կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի անում` ԱՄՆ-ի կոչերին հետևելով: Այսպիսի հայտարարությամբ գերմանական հեռուստաալիքներից մեկի եթերում հանդես է եկել բունդեսթագի ձախ խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզին: Նրա խոսքերով` Եվրոպան չպետք է պատժամիջոցներ կիրառեր Մոսկվայի նկատմամբ: Ընդհակառակը, Եվրամիությանն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ զարգացնել տնտեսական և քաղաքական հարաբերությունները և չնայել Վաշինգտոնին:

- Մերկելի սխալն այն է, որ նա ենթարկվում է Բարաք Օբամային,- Գիզիի խոսքը մեջբերել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:- Ամերիկյան նախագահը մշտապես խոսում է տնտեսական պատժամիջոցների մասին, սակայն Ռուսաստանի պատասխան միջոցառումները հարվածում են մեզ, այլ ոչ թե ԱՄՆ-ին: Ինչո՞ւ մենք չենք կարող պատժամիջոցների փոխարեն պարզապես քաղաքական, տնտեսական և քաղաքացիական սերտ հարաբերություններ կառուցել: Եթե մենք մեկուսացնենք Ռուսաստանը, ապա մեր ազդեցությունը կհավասարվի զրոյի:

ՌԴ հետ հարաբերությունները չլարելու, չսառեցնելու կոչեր վերջին օրերին հնչում են նաև եվրոպական այլ երկրներում: