ՍՈՉԻԻ ԴԱՍԵՐԸ


Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ավարտվեց Սոչիում Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ` Ռուսաստանի-Հայաստանի-Ադրբեջանի նախագահների հանդիպումով, և այժմ ԶԼՄ-ները զբաղված են դրա արդյունքների վերլուծությամբ:

Առաջինը, որ միանգամից աչքի է ընկնում, այն է, որ այս եռակողմը չավարտվեց երեք մասնակիցների միասնական հայտարարությամբ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում: Սա քաղաքագիտական-վերլուծական` թվով ոչ քիչ շրջանակների մտածելու տեղիք տվեց, որ երեք երկրների նախագահներն այնուամենայնիվ ինչ-ինչ կարևոր հարցերում համաձայնության չեն եկել, ինչի արդյունքում սահմանային արյունոտ միջադեպերը կարող են և ավարտված չհամարվել: Միաժամանակ հաստատվեց նախապես արտահայտված կարծիքները, թե Սոչիի հանդիպումը առավել կարևոր էր Ռուսաստանի համար` ուկրաինական զարգացումների հետևանքով միջազգային ասպարեզում իր դեմքը պարզ անելու համար. որպեսզի ցույց տա, որ երբեմնի կայսրության հսկա տարածքի գոնե մի փոքր հատվածում` Հարավային Կովկասում, հարցեր լուծողը դեռևս ինքն է:

Այս առումով հատկանշական է, որ Փարիզը չհաջողեց հակամարտող կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Նույն բախտին արժանացավ նաև ՄԱԿ-ում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու մասին խոսակցությունը: Այս ամենին հաջորդեցին հայ-ադրբեջանական շփման գծում արյունոտ բախումներն ու Սոչիում Ռուսաստանի հովանու ներքո եռակողմը: Թերևս այլ կերպ հնարավոր էլ չէ վերլուծել այս ընթացքը. արյունոտ միջադեպերի հրահրողը Ռուսաստանն է եղել, որպեսզի, ինչպես վերևում նշվեց, վերականգնի իր կշիռը, և, որ ոչ պակաս կարևոր է` շարունակի զենքի նոր խմբաքանակի վաճառքը Ադրբեջանին: Հետաքրքիր է, որ Սոչիի հանդիպման նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը դարձյալ հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, թե իր երկիրը շահագրգռված է խաղաղ Ղարաբաղով, որպես Եվրոպայով: Այսինքն, Ուորլիքն ակնարկեց, որ Արցախը դիտարկում է իբրև Եվրոպայի մաս:

Ամենահետաքրքրականը, սակայն, սկսվում է եռակողմից հետո, երբ հանդիպմանը չմասնակցած Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ողջունել է Ռուսաստանի հովանու ներքո կայացած հանդիպումը, իսկ Ֆրանսիան ծպտուն անգամ չի հանել: Երևի վերջինս վիրավորվել է, որ ԱՄՆ-ը հարկ եղածը չի արել Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպման կայացման համար: Սա էլ իր հերթին ստիպում է ենթադրել, թե Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լուռ համաձայնություն է կայացել Արցախի հարցում: Կարելի է կարծել, թե պաշտոնական Վաշինգտոնը համաձայնել է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում առաջնությունը կամովին Ռուսաստանին հանձնել: Այս եզրահանգմանը դժվար է վստահել, քանի որ այդ հանգամանքը իր հետ կարող է բերել մի շարք այլ զարգացումներ, որոնք Միացյալ Նահանգներին դժվար թե հաճելի լինեն:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանին թույլ տալով զբաղվել Ղարաբաղով, Նահանգները, ըստ էության թուլացող Ռուսաստանին հավելյալ խնդիր է առաջարկում լուծել, իսկ այդ ընթացքում իրենք հնարավորություն են ստանում զբաղվել իրենց համար առավել կարևոր հարցերով:

Իսկ ի՞նչ շահեց Հայաստանը Սոչիից: Տրված տեղեկատվությունից իմանում ենք, որ Սարգսյանը Պուտինի հետ խոսել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին: Հայաստանի նախագահն ասում է, որ շատ հնարավոր է` անդամակցությունը տեղի ունենա աշնանը: Սրան զուգահեռ` տեղեկատվություն է ստացվում, որ Իրանը խոսել է Եվրոպային գազ մատակարարող Նաբուկո ծրագրին իր մասնակցությոն մասին: Բայց այս անգամ արդեն Հայաստանի անունը չի շրջանառվել: Իրանը գազատարի անցկացման համար նշել է Թուրքիան, Սև ծովի տարածքը: Սա էլ հավանաբար նշանակում է, որ Իրանը կամ վերջնականապես հոգնել է Հայաստանի համար նպաստավոր առաջարկներ անելուց կամ էլ հաշվարկներն այլ բան են արդեն հուշում:

Հայաստանով գազատար անցկացնելու դեպքում կպահանջվեն միլիոնավոր դոլարներ և այն հնարավոր չի լինի կառուցել 2016 թվականից շուտ: Գրեթե նույն թվականին էլ կիրագործվի Միացյալ Նահանգներից խտացված գազի տեղափոխումը Եվրոպա: Իսկ այդ պարագայում Հայաստանով գազատարի կառուցման համար ծախսված միլիոնները դառնում են ավելորդ շքեղություն: Կամ` գազատարը կկորցնի տնտեսական նշանակությունը և նրանից կմնա միայն քաղաքականը: Սակայն այս ամենից զատ, վերջին սահմանային սրացումները մի ուրիշ կարևոր հստակություն մտցրեցին մեզանում: Որքան էլ ոմանց համար տհաճ, բայց այնուամենայնիվ հասարակության համար հստակեցվեց երկրի համար անչափ կարևոր շրջադարձերի ժամանակ երկրի ղեկին մոտ կանգնածների իրական կարողություններն ու ունակությունները: Այն օրերին, երբ սահմաններում, մեղմ ասած` անհանգիստ էր, երբ ամեն օրը սպառնում էր սահմանները պաշտպանող մեր զինվորներից որևէ մեկի կյանքի վերջին օրը լինել, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները միմյանց հետևից Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ հանդես էին գալիս Ադրբեջանի դիվերսիաները դատապարտող հայտարարություններով: Առանց ավելորդ քարոզչության էլ այդ օրերին հասարակության շրջանակներում բարձրացավ Պաշտպանության նախարարության, անձամբ նախարարի նկատմամբ վստահությունը. Մարդիկ սպասում էին իրենց նախարարի խոսքին: Եվ այդ խոսքը չուշացավ: Իհարկե, չի կարելի պատերազմական իրավիճակում պարզունակ թվաբանությամբ զբաղվել, թե մեր մի զինվորի դիմաց մերոնք 7-8 ադրբեջանցու ոչնչացրին. մեր զինվորը անհատ է: Սակայն այնուամենայնիվ, մեր Զինված ուժերը ռազմի դաշտում ապահովեցին մեր դիվանագիտական հաջողությունը: Մինչդեռ նույն ժամանակամիջոցում Արտաքին գործերի նախարարը հայտնի չէ, թե ինչով էր զբաղված, ո՞ր երկրի դիվանագետների հետ էր մամուլի հայտարարություններով հանդես գալիս... Ասում են` ժամանակն է ամենահզոր դատավորը. ուրեմն` թող նա դատի բոլորին ու բոլորի գործերը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ