«Գտել ենք մեր իրական հերոսներին»


«Ես հպարտ եմ ՀՀ ԶՈՒ-ով, հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն ինձ վրա է դրված: Բանակն արդեն քսան տարուց ավելի իր ստորաբաժանումներով կայացած ու թրծված կառույց է: Ոչ մի շքանշան, պատվավոր աստիճան չի կարող փոխարինել այն, որ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը կանգնած են մեր կողքին ու թիկունքում»:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

Երեկ-մյուսօրվա քոչվոր խաշնարածները նորից զոհասեղան են պատրաստել հայորդյաց համար: Բայց նորից նրանց զավակներն են խեղդվում իրենց իսկ սարքած արյան որոգայթում: Բայց հրահանգողներին ի˜՞նչ. ո´չ հոգի ունեն, որ ցավի, ոչ միտք ունեն, որ հաշվարկի, ոչ էլ ուղեղ, որ գոնե 20 տարի առաջ կրած սեփական պարտութ յունից դասեր քաղեն: 20 տարի առաջ իրենք էին գետնաքարշ` հրադադար մուրում, բայց տգետ իշխանավորին նույնիսկ իրենց Ալլահը հիշողություն չի տվել: Փոխարենը «բիզնեսմեն» որոշ պետություններ զե˜նք են վաճառել: Դե, նրանք էլ անխնա պարպում են այդ զենքը` «բոշի յուղի» հանգույն. շատությունից չգիտեն էլ ո՞ր տեղերին քսեն: Իսկ աշխարհը նորից իր «կույր ու խուլ» խաղն է խաղում. հեռվից նայում են, ագրեսորի ու ինքնապաշտպանության կռիվ մղողի միջև հավասարման նշան դնում և իրենց քաղաքական բազարները շարունակում:

Մինչ ելուզակային ոհմակի պարագլուխները փորձում են թվաբանական մատնոցախաղով սեփական ժողովրդից թաքցնել զոհերի թիվը և մեր զոհերի քանակն ուռճացնել, հայ զինվորները վերստին անօրինակ սխրանքներ են գործում: Ավա˜ղ, զոհերից խուսափել պարզապես անկարելի էր, բայց ՀՀ պաշտպանության նախարարությունը օրնիբուն ճշտում-ճշգրտում է իրավիճակը և իրազեկում հանրությանը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ընթացքում էլ նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ, հավատարիմ իր սկզբունքներին ու մարդկային նկարագրին, նույնքան զուսպ էր, անհարկի զգացմունքայնությունից զերծ ու նաև` ինքնավստահ: Ոչ թե իր անձը մեծարող ինքնավստահությամբ, այլ իրավիճակը գնահատող, իր զինվորի ոգին ճանաչող և հանրության հարգանքը վայելող զորահրամանատարի վայելչությամբ նա փաստում էր.

- Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն խմբերով մի քանի հարձակումներ իրականացրեց մարտական հերթապահություն իրականցող հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում է հայկական Զինված ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը` հայկական ուժերի և խաղաղ բնակիչների գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից:

Ցավով ունեցանք ողբերգական ելքով մարդկային կորուստներ: …Ոչ մի սփոփիչ խոսք չի կարող ամոքել զոհվածների ծնողների ու հարազատների ցավն ու կսկիծը: Հավասարության ոչ մի նշան չի կարող դրվել կարեկցանքի և անդառնալի վշտից հորդացող արցունքների միջև: Բայց հավատացեք` յուրաքանչյուր զինծառայող նաև բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը: Եվ այս դժվար պահին ինչպես դուք, այնպես էլ մենք միմյանց կարեկցանքի ու հատկապես հասարակության աջակցության կարիքն ունենք:

Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ արեց կրկին ստուգել հայի ոգու ամրությունը: Բայց նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր Զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում անկախ պետությունում ծնված հայորդիներին:

Ես պարզապես փաստեր չեմ արձանագրում, այլ ներկայացնում եմ մեր հրամանատարների, զինվորական ծառայություն իրականացնող բոլոր տղաների գործունեությունը, որի վկան եք դուք բոլորդ: …Այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի տղաները, ովքեր մարտնչում են բոլորիս խաղաղության համար: Իսկ այն զինվորներն ու սպաները, ովքեր քաջաբար զոհվեցին հանուն մեր հայրենիքի, մեր փառապանծ հաղթանակների պահապաններն են: Մենք նրանց չենք կորցրել, այլ ընդհակառակը, գտել ենք: Գտել ենք մեր հասարակության իրական հերոսներին, ում անունները պետք է հնչեն ամենուր` դպրոցներում, համալսարաններում, զանգվածային լրատվամիջոցներում: … Գտել ենք այն հերոսներին, ում գործողությունների շնորհիվ մենք կարողացանք նաև պահպանել հայի արժանապատվությունը, մեր ժողովրդի ձեռքբերումները: Նրանց ծառայության շնորհիվ է, որ մենք ոչ մի քայլ նահանջ չունեցանք մեր մարտական դիրքերից և ...այսօր հայ ժողովուրդն ու նրա բանակը համախմբված են, ցուցաբերում են իրենց միասնական արտաքին ագրեսիայի դեմ…

Հարցերը շատ էին, բայց Նախարարն իր սուղ ժամանակը հատկացնում է` բոլորին սպառիչ պատասխան տալու: Փորձառու զորավարը հրաշալի պատկերացնում է մեր ողջ ժողովրդի և հասարակության հետ կապի լավագույն միջոց հանդիսացող լրագրողների մտահոգությունը: Գիտե, որ չարագուշակ ասեկոսեները կարող են թևաթափ անել հանրությանը, որի որդիները քաջաբար մարտնչում են ելուզակի դեմ: Ի վերջո, տեղեկատվական պատերազմը չի կարելի երկրորդել:

Առժամանակ առաջ Սեյրան Օհանյանը արժանապատվորեն հրաժարվեց երրորդ ուժին ապավինելու առաջարկից.

- Արցախը գրեթե միակ հակամարտող գոտին է, որտեղ առանց երրորդ ուժի պահպանում ենք հարաբերական զինադադարի պայմանները: Խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա, մենք ինքներս մեր ուժերով կարող ենք լուծել բոլոր խնդիրները:

Նույն արժանապատվությամբ էլ նա ասում է.

- Եվ այս դժվար պահին ինչպես դուք, այնպես էլ մենք միմյանց կարեկցանքի ու հատկապես հասարակության աջակցության կարիքն ունենք:

Խոսելով Հայաստանում օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ իր բազմաթիվ հանդիպումների մասին, նախարարը կարևոր է համարում ընդգծել.

- Մեր դիրքորոշումը հստակորեն ներկայացրել ենք միջազգային համապատասխան ատյաններին: Հայկական Զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը` պաշտպանելով սեփական բնակչությանը և սահմանները: ...Ցավում եմ, որ մարդկային կյանքերի ու կորուստների գնով պետք է հակառակորդին ապացուցենք մեր խաղաղասիրությունն ու մարդասիրությունը: Ցավում եմ, որ նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Ըստ էության` և´ Հայաստանի Հանրապետության հայորդիների, և´ ադրբեջանցիների թափված արյան համար ամբողջ պատասխանատվությունը ընկած է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը փաստորեն դարձավ ինքն իր ստի զոհը: Մշտապես կեղծելով իրականութ յունը, իրենց բանակը ներկայացնելով ամենակարող և անպարտելի, հենց իրենց ժողովրդի աչքում հայտնվեցին փակուղային իրավիճակում:

Տաղանդավոր զորահրամանատարին վայել հեռատեսությամբ և հասարակությունից բանակ ներթափանցող արատավոր երևույթների զինուժից իսպառ վերացնելու նպատակով` նա 2014-ը Հայոց բանակում հայտարարել է Փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի: Ցանկալի արդյունքը երկար չսպասեցրեց, իսկ օգոստոսյան ազերիական հարձակումներին արժանի հարված տալու փաստը հիմնավորապես արձանագրեց մեր բանակում առկա բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը, հատկապես դժվարին պահերին համախումբ գործելու ունակությունը: Ու նաև` բանակ-հասարակություն ամուր կապն ու միասնականությունը:

- Հայրենապաշտական դաստիարակություն. ահա´ մեր փրկության խարիսխը,- ասում էր Նժդեհը:

Արդ, այդ դաստիարակությունը ստանում է հայ երիտասարդը` իր երկրի ու ժողովրդի պաշտպան Հայոց բանակում: