Ճոռոմախոսությամբ չեն երկիր պահում


Ելուզակները ասես մոռացել են, որ ճիշտ 20 տարի առաջ, հայ ազատամարտիկի բազկի ուժը ճանաչելուց հետո, իրենք անձնատուր եղան, հրադադար խնդրեցին: Առանց նենգության հաղթող ուժեղը նաև մեծահոգի է լինում, և իր անկախ պետության հիմնաքարը պատերազմի բոցերում թրծող Հայաստանը հրադադար նվիրեց չարանենգ դրկիցին: Եվ 20 տարի շարունակ այդ բիրտ ցեղախումբը պարբերաբար հիշեցրեց իր ստոր գոյությունը` դավադիր կրակոցներով, դիվերսիաներով: Հայի արյան ծարավ իր որկորը մերթընդմերթ հագեցրեց: Հետո զենք գնեց բիզնեսմեն որոշ պետություններից` զինելով իր բանակն ու հաճոյանալով արյան խրախճանքում անգամ բիզնե´սը կարևորող ուժեղներին:

Զենք գնեց ստահակն ու որպես մատաղացու ոչխար պահող իր զորքին հավատացրեց, թե իրենք հզո˜ր են, շա˜տ հզոր: Ու իրենից հզորների հրահանգով, թե՞ իսկապես ամնեզիայից տառապելով, հրամայեց ակտիվացնել հրադադարի խախտման փորձերը: Բայց ո´չ ամբարած միլիարդների արժողությամբ զենքն ու զինտեխնիկան, ոչ էլ պոռոտախոսությունը չէին կարող հաղթել իր եզերքի նվիրյալ Հայ Զինվորին: Դժբախտաբար թշնամու կույր գնդակը 7 անմեղ կյանքեր խոցեց: Այն անփորձ թվացող տղաները, ում բանակ ճանապարհելիս խաղաղ ծառայություն էինք մաղթել` անհանգստանալով յուրաքանչյուրի կյանքի համար, գերազանց հանձնեցին արիության քննությունը. ո´չ մի խուճապ` նույնիսկ այն պարագայում, երբ քստմնելի թշնամու բարձրագույն հրամանատարներն էին խուճապի մատնվել: Խաշնարած հարևանի դավադիր գնդակոծում ներից տնավեր դարձող սահմանամերձ մեր գյուղերի բնակիչներն ավելի հաստատուն մնացին իրենց հողին, մինչդեռ սահմանից անդին գտնվող գյուղերից զանգվածային փախուստ սկսվեց: Ասում են` այդ գյուղերից մեկի կանայք ցասումով հարձակվել են իրենց իսկ դիրքապահների վրա` պահանջելով դադարեցնել կրակոցները: Չէ˜, խաղաղասեր հայերի մասին չեն մտահոգվել, ոչ էլ արդարության ոգին է գլուխ բարձրացրել. իրենց «քյալլագյոզների» արկածախնդրության պատասխանին չեն դիմացել:

Ինչպես և սպասվում էր` եռակողմ բանակցությունից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվում է: Վերստին խոնարհվենք Հայ Զինվորի ոգու, հանձին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` Հայոց բանակի հրամանատարության հմուտ մարտավարության, առյուծածին հայ մայրերի և, իհարկե, նահատակ-ված զինվորների հիշատակի առջև: Նաև արձանագրենք դրական այն փոփոխությունը, որ կատարվեց մեր շուրջ. միաբանվեցի´նք: Ժողովուրդ-բանակ միասնականության ծնած ոգևորությունը տնետուն մտավ, դիրքեր բարձրացավ: Կարո՞ղ ենք պահպանել այս ոգին: Պարտավո´ր ենք, եթե իհարկե այս օրերին հրաշքով փափկած լինեն նաև մամոնայից չհագեցող սրտերը:

 

ՄԻՆՉ զինվորն ու հրամանատարը, սահմանապահ գյուղերը չլքող իրական երկրապահ բնակիչները աչալրջորեն հսկում էին, ուզում էին պահ առաջ կռահել ու նկատել, թե դավադիր բաշիբոզուկը դեպի ուր է ուղղում մահաբեր զենքը, տաքուկ անկյուններում ծվարած փողատերերն արդյո՞ք անազնիվ եկամտի նոր աղբյուրներ չէին թիրախավորում: Արդյո՞ք նրանցից մեկի մտքով անցավ` իր հարստանալու համար խաղաղ կյանք ապահովող ընչազուրկ դարձած սահմանամերձ գյուղերում անշահախնդրորեն մի բարի գործ կատարել: Անկեղծ ասած` դա ևս անշահախնդիր չէ, զի այդ կերպ նրանք նախ իրենց, իրենց զավակների անվտանգությունը կապահովեին: Գլխի՞ ընկան կուսակցությունները դատարկաբանելու ամբիոնի դարձրած քաղգործիչները, որ ճոռոմախոսությամբ երկիր չեն պահում: Մտածե՞ց օլիգարխներից որևէ մեկը, որ իսկապես ուխտագնացություն կազմակերպի դիպուկահարներին դիմակայող գյուղեր: Ուխտագնացություն` ոչ թե երգող-պարող խմբերով իր անունը պանծացնելու, այլ ավիրված տները նորոգելու, այրված խոտի դեզերի փոխարեն անասնակեր հասցնելու...

Երանի˜ մտածեին ու նաև հասկանային, որ բավական է հարստահարել ժողովրդին: Երանի˜ մի փոքրիկ թվաբանական հաշվարկ անեին ու համոզվեին, որ իրենց կուտակածը լիուլի կբավարարի մի քանի սերունդ: Երանի˜ հիշեին, որ այս աշխարհից ոչ ոք շքեղ ապարանքներ ու փողի տրցակներ չի տանում այն կյանք: Ու երանի գիտակցեին, որ բարի համբավ վաստակում են ոչ թե թալանվածին ողորմություն տալով, այլ` չթալանելով:

Կարո՞ղ ենք պահպանել մեր այս հաղթանակով կոփված միասնականությունը...

Երանի˜ կարողանանք: