ԿԱՍԿԱԾԵԼԻ գրական արժեքները` բեմի վրա Դառնապտուղ ծիրանենին կանգուն տոհմածա՞ռ..


Գնահատման չափանիշների խեղաթյուրման մեր ժամանակներում անհնար է անտարբեր մնալ վերջին տասնամյակներում լայն տարածում գտած մշակութային մի տենդենցի նկատմամբ` արդի հայ թատրոնի տարբեր բեմերում դասական մնայուն արժեքներին զուգահեռ ավելի հաճախ են ցուցադրվում դրամատուրգիական ցածրորակ հենքի վրա ստեղծված ներկայացումներ, որոնց բեմադրական հասուն վարպետությամբ հաղորդվում է վառ թատերայնություն և խորը իմաստ: Պատճառները տարբեր են: Հանիրավի է մեր աղքատ օրերում մեղադրել միայն անվանի բեմադրիչներին` գրական ասպարեզում անսպասելիորեն մեծ ճանաչում ձեռք բերած միջակությունների փառապսակի դափնիները բեմադրական նպատակասլաց ջանադրությամբ ավելացնելու մեջ: Բայցևայնպես: Կամա թե ակամա նրանք նպաստում են ընթերցանությունից սրընթաց հեռացած նոր սերունդներին թերարժեք հոգևոր սնունդ մատակարարելու վտանգավոր պրոցեսին` ներկայիս ոգու սովի պարագայում... Երբ առաջին անգամ նայեցի Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» վիպակի բեմականացումը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, տարվեցի ծանոթ դերասանների վարպետ կատարումներով և չփորձեցի խորամուխ լինել դրամատուրգիական նյութի գեղարվեստական համոզչականության շերտերում: ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի այս բեմադրությունը տպավորվեց որպես Մեծ եղեռնին ձոնված մի թատրոնական հուշակոթող, որ հնարամտորեն քանդակվում էր բեմական գործողությունների ծավալման ընթացքում մեր կիսաքանդ մեծ տան ավերակների ֆոնի վրա (բեմանկարիչ` ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սոֆրոնով) ազատ մնացած կիսաշրջանում: Անկախ առանձին կերպարների ամբողջացումը խաթարող ընդհանուր խաղաոճից, բեմի վրա խոշոր շտրիխներով կերպավորվում է ներկայիս գորշ կեցությունը` խոցոտված ոչ հեռավոր անցյալի ծանր հիշողությունների ժամանակ առ ժամանակ բացվող դռներից ներխուժող հսկա սայլի պատմական անիվների անկասելի ընթացքով: Գուցե իրավացի է բեմադրիչը` մենք չենք կարողանում նոր տուն կառուցել, որովհետև գիտակցաբար որպես բեռնաձի կառչած ենք մնում անցյալի ավերակների սայլից: Ինձ համար հուսադրող էր դերասանական վարպետության անսպասելի աճը, որ նկատեցի ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի (Խաթուն մայրիկ), առաջատար դերասանուհի Նելլի Խերանյանի (Զառե) և ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի խաղում: Անկեղծ ասած, չէի սպասում, որ երբևէ Խերանյան-Ներսիսյան զույգին կտեսնեմ դեպի անհատականացման կայացում տանող որակով` անմիջական վկան լինելով նրանց դերասանական գրեթե բոլոր վեհերոտ քայլերի: Բրավո, Շահվերդյան, կարողանում է նոր սերունդ ձևավորել, մանրակրկիտ հոգատարությամբ հետևողականորեն հղկել: Այս առումով որոշակի հետաքրքրություն էր ներկայացնում Սիրանուշ Եսայանի օրիորդ Անիչկան, չնայած դերասանուհու տեսակը անհարիր էր խաղացած կերպարի նկարագրին: «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացումը երկրորդ անգամ տեսնելուց հետո անհետաձգելի պահանջ ունեցա գրական նյութի հետ համադրելու: Համոզվեցի, որ բեմադրիչը եղած հիմքի վրա արել էր ավելին, քան հնարավոր էր ենթադրել: Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» վիպակը, որ լույս է տեսել 1989 թ.«Ապրելու օրենքը» ժողովածուում, ոչ մի կերպ չես կարող իր գրական-գաղափարախոսական հատկանիշներով դասել Մեծ եղեռնի թեմատիկայով գրեթե նույն ժամանակահատվածում հրապարակված Սևակի, Դաշտենցի, Գալշոյանի և մյուսների հանրածանոթ գրական հուշարձան ների շարքին: Նախ, այն անմիջապես չի առնչվում հայտնի ողբերգական իրադարձություններին: Ժամանակային խառնաշփոթ հենքի վրա (1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմ, 1918 թվականի Հայաստան, Մեծ Հայրենականի տարիներ...) հանդես են գալիս զուտ գրողական երևակայության ծնունդ, կենսական հիմքից կտրված ու մի արհեստական միջավայրում կուտակված հերոսներ, որոնց կենսագրության մեջ Եղեռնը որոշակի հետք է թողել: Իրենց վարքագծով, մտահորիզոնով նրանք որևէ հիմք չեն տալիս` ազգի հարատևության հոգևոր-բարոյական-կենսաբանական գործոնները հասկանալու, դրանցով խանդավառվելու ու կյանքում ուղղորդվելու: Որևէ բանի ընդունակ տղամարդիկ կամ արդեն նահատակվել են, կամ էլ դատապարտված են ոչ իմացյալ մահվան. միակ հարամնան Երանելի ծուռվիզ Վաղինակն է` հոգեկան անբուժելի բնածին խեղվածության պատճառով որևէ իմաստալից արարքի անընդունակ, շուրջը կատարվողի նկատմամբ անհաղորդ: Դեռ լավ է, որ Վ. Շահվերդյանն այսօրվա հեռվից վերաիմաստավորելով վիպական հերոսներին` Վաղինակին դարձրել է կենտրոնա կան հերոս` դրանով իսկ դատապարտելով մեր ազգային նկարագրի հաշմված կողմերի մշտակայուն գոյությունը` ներկայիս հաշմված կյանքի հիմքերի հիմքը: Եվ, կարծում եմ, բեմադրիչը հասել է իր նպատակին. Տիգրան Ներսիսյանի Վաղինակի բեմական վարքագիծը սարսռեցնում է ինտելեկտուալ հանդիսատեսին իր ենթատեքստային խարանող շեշտերով, ապազգային թմբիրից դուրս գալու անհրաժեշտության գիտակցություն արթնացնում: Ըստ Ալվարդ Պետրոսյանի, հայ տոհմածառը` ծիրանենին, ծաղկուն ու բերքառատ պահողը Զառեն է, որ ծնունդ է տալիս կորստյան դատապարտված տոհմերի սերունդներին: Կարելի էր համակերպվել, նույնիսկ ոգևորվել հերոսուհու` հայ կնոջ ապրեցնող խորհրդանշական գերխնդրի հետ, եթե վիճահարույց չլիներ նրա բարոյական նկարագիրը: Երբ անօթևան այս Մոխրոտիկը իրեն մի կտոր հացով աղախին դարձրած Շողակաթի տնից «հարս» է գնում Խաթունի միակ կենդանի ժառանգին` չծերացող ամլության դատապարտված Վաղինակին, ամենևին չես մեղադրում նրան զինագործ Հովհաննեսի հանդեպ տածած բուռն սիրո համար: Ծնվում է Զառեի առաջնեկը: Խաթունը ընդունում է Սիրուն Գեղամի ենթադրյալ շառավղի ինքնախաբեության ցանկալի խայծը: Մեջլումյանի և Խերանյանի խաղի վարակիչ անկեղծության տպավորության ազդեցությամբ հաշտվում ես նաև Խաչատուրից ծնած Մկրտիչ որդու տրամաբանական-կենսական գոյության հետ, բնականոն համարում Հովհաննեսի անհետանալուց հետո Զառեի սերը մեկ այլ տղամարդու նկատմամբ: Բայց երբ Զառեն գրողի` իրեն վերագրված առաքելությանը հավատարիմ, նետվում է Մեծ Հայրենականում զոհվելու դատապարտված («Առաջինները չեն վերադառնում...»: Ինչո՞ւ անպայմանորեն:) Թորգոմի գիրկը` մերժելով Խաչատուրին («Ես Թորգոմի կինն եմ, Խաչատուր,- ասաց,- վարժապետի համար Վարդան թոռ պիտի ծնեմ»), սկսում ես խորապես կասկածել ոչ միայն Զառեին վերագրված ազգապահպան ֆունկցիային, այլև իսկական, անդավաճան սիրով որևէ մեկին սիրելու ընդունակությանը: Տարօրինակ է, որ կին գրողն ինքը չի նկատել հայուհու ավանդական վսեմ նկարագրին իր հերոսուհու ծայրահեղ անհամապատասխանությունը: Մի՞թե այդ Զառեն է հայ տոհմածառի հարամնա կանգունության կենսական ակունքը: Դառնահամ են այս ծիրանենու պտուղները, իր վտիտ արմատներով անզոր է գրողական երևայակայության այս անհաջող ծնունդը դիմագրավելու հարատևության պայքարի ամեհի հողմերին: Դեռ լավ է, որ Շահվերդյանը նրբորեն խմբագրել է Զառեի կերպարը նսեմացնող վերջին էպիզոդը` ազատելով Խերանյանի հերոսուհուն բազմածնության մոլուցքի (այլ կերպ չես կարող մտածել) նոր դրսևորումներից: Խաչատուրը, ըստ ներկայացման, զոհվում է Մեծ Հայրենականում, իսկ «մատղաշ արագիլ» Թորգոմից երեխա ծնելու Խերանյանի հերոսուհու հայտարարությունը ի լուր ամենքի ընդունում ես որպես մարտահրավեր մահվանը: Եվ բեմական պատմության ընթացքում իր կերպարային ուրույն զգացողությամբ համակրանքդ շահած Նելլի Խերանյանը գրեթե չի արժեզրկում սիրո և բարության մարմնացում իր հերոսուհու մարդկային նկարագիրը: Այդուհանդերձ, Պետրոսյանի վիպակում անհնար է գտնել հուսադրող, ապրեցնող որևէ ռեալ հոգևոր-բարոյական խթան, որից կառչելով բեմադրիչը կարողանար իրապատում իմաստային նրբերանգներ հաղորդել այս անհավանական, հեղհեղուկ գրական հորինվածքին: Ափսոսում ես բեմադրական նպատակասլաց ջանադրությունը, որով Շահվերդյանը զգալիորեն մաքրել է բեմական միջավայրն ու հերոսներին նսեմացնող արատները, ամեն կերպ փորձելով արդարացնել վիպակի գլխավոր ասելիքի ենթատեքստային հույսերը, դրանք նորովի արժևորել: Ափսոսում ես դերասանախմբի կերպավորման ողջ ներուժը, որի շնորհիվ թատերական այս խաբկանքը աննախադեպ ներգործուն ազդեցություն է ձեռք բերել: Ավա¯ղ, Պետրոսյանի վիպակին մանրակրկիտ ծանոթանալուց հետո ազգային (չասեմ` համազգային) զարթոնքի իրական նախանշան չես կարողանում գտնել Զառեի կերպարի հորինված հեքիաթում: Ամենաազգասեր հանդիսատեսն անգամ, եթե նույնիսկ չի կարդացել վիպակը, ենթագիտակցաբար չի խանդավառվում այս ծիրանի ծառով այնպես, որ ձերբազատվի գաղթականի հոգեբանությունից, ինչը խանգարում է բարոյական լիցքեր ստանալ մեր ավերակվող մեծ տունը հետագա հավանական փլուզումներից պաշտպանելու, հիմնովին ամեն տեսակ հողմերից ապահովագրելու համար: Երբ մտաբերում ես Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» իմպրովիզը, որում իսպառ խեղաթյուրվել է Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» կենսապատումը, մտածում ես, որ Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» վիպակը որպես ինքնուրույն գործ միանգամայն իրավունք ունի թատրոնական գոյության, մանավանդ, որ բեմական տարբերակում անհամեմատ լավացել է: Եթե Ալվարդ Պետրոսյանի վիպակի գաղափարական միտումների հետ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել, ապա Աղասի Այվազյանի «իմպրովիզը» միանշանակ պետք է դատապարտել: Ուզում էր Այվազյանը 21-րդ դարասկզբի հեռվից վերագնահատել 1920-ականների չարենցյան տպավորությունները, թող ապավիներ միայն իր ստեղծագործական խոհանոցի ընձեռած հնարավորություններին: Ցավալի է, որ ոչ ոք հապարակավ չպախարակեց իմպրովիզի անվան տակ Չարենցի գրական երկի տենդենցիոզ շահարկումը: Բայց այս մասին` առանձին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ