.Ազատամարտի վետերանները կառուցողական դաշտում


Արդեն 6 տարի է` քաղաքական դաշտում աներեր ու վճռականորեն պետականամետ գործունեություն է ծավալում «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունը, որը մշտապես կառուցողական նպատակներ է հետապնդել` մերժելով քաղաքական ու հասարակական ցնցումները: ԱՎՄ-ն ստեղծվել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանի և գեներալ-մայոր Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի նախաձեռնությամբ ու ջանքերով: Ի դեպ, ինչպես և սպասելի էր, 14 հազար գրանցված անդամ ունեցող կազմակերպությունը (նախագահ` Հակոբ Գրիգորյան) մայիս ամսին շուքով ու հանդիսավորությամբ նշեց իր գոյության 6-րդ տարելիցը: Բազմաթիվ ԱՎՄ-ականներ արժանացան կառավարական խրախուսանքի, պարգևատրվեցին մեդալներով: Մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին, և «ԱՎՄ»-ն իբրև կայացած քաղաքական ուժ, լրջորեն նախապատրաստվում է մասնակցել դրանց: Կուսակցության պատվավոր նախագահ Համլետ ՀՈՎՍԵՓՅԱՆ նոր խորհրդարանում իրենց ներկայացվածության անհրաժեշտությունը հիմնավորում է ազատամար տիկների խնդիրներն օրենսդրորեն կարգավորելու մտահոգությամբ. - Ի տարբերություն պատերազմին մասնակցած մյուս կազմակերպությունների, մենք եկանք քաղաքական դաշտ, թեև ժամանակին գտնում էինք, թե քաղաքականությամբ զբաղվելը մեր խնդիրը չէ: Այսօր, սակայն, համոզված ենք, որ ազատամարտիկներին հուզող բազում խնդիրներ են կուտակվել, որոնցով էլ պայմանավորված է մեր մուտքը քաղաքականություն: Պետք է ընդգծեմ, որ ԱՎՄ-ն ստեղծման օրից մշտապես եղել է կառուցողական դաշտում և դեմ է պետության հիմքերը սասանող բոլոր ցնցումներին, աղմկահարույց սպանություններին: Մենք երկրի կայուն զարգացման կողմնակիցներ ենք: Ինչ խոսք, հասկանալի է, որ միանգամից ոչինչ չի ստեղծվում, և կայունացման ճանապարհին անխուսափելի են թերություններն ու դժվարությունները: Ցավոք, ինչ-որ տեղ օբյեկտիվ դժվարությունները հաճախ լուրջ բարդություն են դառնում, որովհետև եղածը գնահատելու կամ օրինաչափ զարգացումներին նպաստելու փոխարեն ոմանք ցեխ շպրտողի, հայհոյողի ու վիրավորողի դերն են ստանձնում, ինչը վայել չէ մեր կեցվածքին, անհամատեղելի է մեր նպատակներին: ԱՎՄ-ն անընդունելի է համարում նաև ինքնանպատակ քննադատությունը և կողմնակից է առողջ քննադատության: Գերխնդիր ենք համարում ժողովրդի հավատի վերականգնումն ու վստահության մթնոլորտի ձևավորումը: Ասում ենք` ընտրակաշառք են բաժանում և մատնացույց ենք անում իշխանություններին: Բայց մեղադրելուց առաջ պետք է հիշենք, որ իշխանությունները ժամանակավոր են, իսկ ժողովուրդն ավելի մնայուն արժեքներ ունի` ազգ ու պետություն, և մեր ոգեղեն պատմությունը պետք է կերտենք արժանապատվորեն: Ընտրության պետք է գնալ ոչ թե թշնամանք սերմանելով ու միմյանց սևացնելով, այլ բարեկիրթ, ցիվիլ կեցվածքով: Սա է ԱՎՄ-ականների հավատամքը: ժամանակն է ժողովրդի հոգեբանությունից արմատախիլ անել այն թյուր կարծիքը, թե ընտրությունները «նկարովի» են: Բնականաբար, իդեալական ընտրություններ ոչ մի երկրում էլ չկան, բայց ամեն ինչ չափի մեջ է` հավատը չսասանելու շրջանակներում: Սխալված չեմ լինի նաև, եթե նշեմ, որ փոքր-ինչ վաղ էր եվրոկառույցներին մեր ինտեգրվելը: Մենք խորհրդային համակարգից տեղափոխվեցինք մեկ այլ համակարգ և արագորեն ցանկանում ենք որդեգրել օտար սկզբունքները` մոռանալով մեր ազգային նկարագրի մասին: Իսկ բացասական ազդեցություն ներն արդեն ակնհայտ են: Դիցուք` աղմկահարույց սպանությունները և արտագաղթը: Վստահորեն հավաստիացնում եմ, որ դրա պատճառը ոչ միայն սոցիալական խնդիրներն են, այլև հանգամանքների բերումով հայրենիքը թողնելու ստիպմունքը և ապագան չտեսնելու հեռանկարը: Խոսելով մնայուն արժեքների` ազգի և պետության մասին, չպետք է մոռանալ մեր երկրի հաղթանակած զինվորին` ազատամարտիկին: Այսօր մի տեսակ անտեսված են ազատամարտիկների խնդիրները: Ցավոք, նրանց կերպարը մեր հասարակության մեջ երբեմն ընկալվում է իբրև կիսագրագետ, ոչ պրոֆեսիո նալ, անկիրթ անձանց նկարագիր: Սակայն իրականում մեր տղաների գերակշռող մասը հայրենանվիրումի գաղափարակիրներ էին: Նրանցից շատերն այսօր էլ կենդանի լեգենդներ են, և հարկ է, որ ոգեղեն պայքարի այդ առաջամարտիկների ուսանելի օրինակով կրթվեն և դաստիարակվեն ներկա ու գալիք սերունդները: Մինչդեռ նրանցից շատերն այսօր սոցիալական անմխիթար պայմաններում են հայտնվել: Մեր վեցամյա գոյության ընթացքում փորձել ենք ազատամարտիկների կենսապայմանների բարելավմանը միտված կազմակերպական ու ծրագրային զգալի խնդիրներ կենսակոչել: Մեր ազատամարտիկներից շատերը, ովքեր անձնուրացորեն պաշտպանել են հայրենիքը, մինչ օրս պատերազմի մասնակցի կարգավիճակ անգամ չունեն: ԱՎՄ-ն բազմաթիվ դիմումներ է հղել թե° Պաշտպանության, թե° Առողջապահության նախարարություններ` ազատամարտիկների խնդիրները հոգալու խնդրանքով: Բայց մենք ցանկանում ենք, որ այդ հարցերը կարգավորվեն օրենսդրորեն, և մարդիկ չինովնիկների դռներն անօգուտ թակելու փոխարեն արժանապատվորեն օգտվեն իրենց հասանելիք արտոնություններից: Այնպես որ ԱՎՄ-ն պատրաստվում է առաջադրել և պաշտպանել իր թեկնածուներին` առաջիկա ընտրություններում` ամրապնդելու դիրքերը քաղաքական դաշտում: Հ. Հովսեփյանի խոսքը շարունակելով, ԱՎՄ նախագահ Հ. Գրիգորյանը հավելում է. - Վերջին տարիներին կարծես թե նսեմացել է ազատամարտիկի հեղինակությունը: Ժամանակն ասես անտարբերության և մոռացության է մատնել նրա սխրանքները: Բայց հենց նույն ժամանակի հրամայականն է դարձել վերականգնել ազատամարտիկի բարի համբավը: Բոլոր բնագավառներում պետք է նոր խոսք ասել և դառնալ արդարության պաշտպանը` ի նպաստ ժողովրդի ոգու ամրապնդման, առանց որի հաջողություն և հաղթանակ հուսալն իզուր է: Համատեղենք մեր ջանքերը և շենացնենք մեր երկիրը միասին: Ձեռքներդ հեռու լրագրողներից «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցության վարչությունը դատապարտում է «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ իրականացված ահաբեկչությունը, համարելով, որ այն ուղղված է ողջ հասարակության դեմ: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ մեր հասարակական և քաղաքական ուժերը միասնական կլինեն ՀՀ-ում ժողովրդավարական պետության հաստատման և ազատ մամուլի կայացման նպատակով: ԱՎՄ կուսակցության վարչություն

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ