Խաղաղություն ամենեցուն...


Աշխատենք միասին խաղաղությամբ... (Սուրբ Էջմիածնում մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասսունի ելույթից) Աստվածաշնչյան բազում արտահայտությունների նմանություններ կարող ենք նկատել տարբեր կրոնների Սուրբ գրքերի գաղափարական հիմնարար դրույթներում: Որովհետև Արարիչը, ինչպես էլ կոչենք նրան, խաղաղություն, լույս, բարություն, հույս, հավատ ու սեր է ամենուր: Ուրեմն` կրոնական պատնեշները բախումների առիթ չպետք է դառնան, ու զուր են նաև բարեկամների միջև սահմանները: Սրա վկայությունը, թերևս, մահմեդական կրոնական առաջնորդի` Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասսունի ու նրա գլխավորած պատվիրակության այցն էր Հայաստան: Ինչ խոսք, մահմեդական կրոնապետի այցելությունը լավագույն օրինակ է` մեր երկրում կրոնների երկխոսության: Նմանատիպ հանդիպումները կնպաստեն նաև քաղաքակրթություն ների մերձեցմանն ու երկխոսությանը: Հանդիպումները քաղաքական գործիչների (ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյան, ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյան), Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր գործիչների հետ ամրապնդեցին հարգարժան հյուրի այն խոր համոզումը, որ հայ ժողովուրդը միշտ էլ ձգտել է խաղաղության ու քաղաքակրթությունների խաչմերուկում ազգային դիմագիծը պահպանելուն: Մահմեդական կրոնապետը նույնպես անմասն չմնաց իրենց ընդգրկունությամբ հայկականից միջազգայինի վերածված որոշ խնդիրների քննարկումներից: Դրանք վերաբերում էին հին, բայց ոչ հնացած Հայոց ցեղասպանությանն ու դրա ամոթալի հետևանքները քողարկելու քաղաքականությանը, Անիի եկեղեցու վերականգնման աշխատանքներին, Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և այլն: Նրա բոլոր մեկնաբանությունները վերջակետվում էին խաղաղության բարեմաղթանքներով, իսկ Ղարաբաղի առնչությամբ ադրբեջանական կրոնապետի` հայերին ջիհադ հայտարարելու արտահայտության իր մեկնաբանությունը (որ ջիհադը ունի նաև «կառուցում և կյանք» իմաստները) կարելի է համարել դիվանագիտական նուրբ փորձ` փոքր-ինչ սառեցնելու թեժացած իրավիճակն ու պաշտպանելու իր ադրբեջանցի կրոնակցին: Ինչևէ, Սիրիայի մուֆթիի խաղաղասիրական կոչերը և Հայոց Վեհափառին հանձնված հուշագիրը` Ղուրանի տողերով` «Աստված լույսն է և° երկնի, և° երկրի», ևս մեկ անգամ հիշեցում էր բոլորին, որ բոլորս Աստծո լույսի զորության առաջ հավասար ենք ու պիտի խաղաղությամբ ապրենք, կառուցենք...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ