ՈՍՏԱՆԸ` ԱԲՈՎՅԱՆ Անհատականություն, սեր, նվիրում


Երբ անմնացորդ է նվիրումդ և անխոնջ աշխատանքով ժողովրդիդ օգտակար լինելու ցանկությունը, երաշխավորված է նաև հաջողությունը ամենայն ձեռնարկման: Իսկ մեր օրերում, երբ այնքան պակասել է սրտացավությունը, ակամա զարմանում ես` հանդիպելով դիմացինի հոգսը քիչ թե շատ թեթևացնելու, նեղյալին սատարելու ազնիվ մղումը աշխատաոճ ու կենսակերպ դարձրած պաշտոնյայի: Այդ առումով իր շատ գործընկերներից արժանիորեն առանձնանում է Աբովյանի քաղաքապետ ԿԱՐՈ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ` իր համաքաղաքացիների, հարազատ քաղաքի և նրա վաղվա հանդեպ մտահոգությամբ: - Արդեն 7 տարի Աբովյանի քաղաքապետն եք: Դյուրի՞ն է արդյոք Ձեր աշխատանքը, հատկապես, որ վերջնալուծում չունենալու չափ դժվարին սոցիալական խնդիրները շարունակում են ճնշել ամբողջ հանրապետության ազգաբնակչությանը: - Ինձ համար ծնողի չափ անգնահատելի և զավակի նման թանկ է Աբովյանը: Իսկ դժվարություններ ունեցող ծնողին ու զավակին ոչ թե լքում, այլ հոգատարությամբ են շրջապատում արժանավոր որդին և հայրը: Մենք` բոլոր աբովյանցիներս, պարտավոր ենք արժանապատիվ զավակի ջանասիրությամբ խնամել մեր քաղաքը: Անկեղծ ասած` նախևառաջ մեր իսկ շահերից է բխում, մեր կենսակերպն է վայելուչ դարձնում: - Աբովյանը շահեկանորեն տարբերվում է հանրապետության մյուս քաղաքներից: Այս 7 տարիների ընթացքում ո՞ր ձեռնարկումը կամ արդյունքը կառանձնացնեիք` իբրև ամենամեծ ձեռքբերումը: - Ամենից ավելի գոհունակորեն կարևորում եմ քաղաքում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը: Ամեն կերպ պետք է վանել հիասթափությունը, վերականգնել ժողովրդի հավատը` ապագայի և հարգանքը` մարդու հանդեպ: Այս առումով խոսուն է այն իրողությունը, որ ոչ միայն աբովյանցիները չեն լքում իրենց քաղաքը, այլև մեծացել է Աբովյանում բնակվել ցանկացողների թիվը: Վկան բնակարանների գնաճն է` գրեթե տասն անգամ ավելի, քան պաշտոնավարմանս առաջին տարում էր: Նվաճումը համարում եմ կոնկրետ գործերով հավատ ներշնչելը: Ամենադժվարինը, սակայն, շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծման խնդիրը, թեև այս ուղղությամբ ևս դրական տեղաշարժեր արձանագրել ենք: Վստահաբար պնդում եմ` աշխատել ցանկացող յուրաքանչյուր ոք կարող է աշխատանք գտնել: Այլ խնդիր է, որ մարդիկ չեն համակերպվում ցանկացած գործի հետ: Սոցիալական, կրթական, մշակութային հիմնախնդիրները գերազանցապես լուծված կարելի է համարել մեր քաղաքում: Մեր կարևորագույն խնդիրներից առաջնայինը, բնականաբար, բնակտնտեսության պահպանումն ու անխափան շահագործումն է: Եվ քաղաքապետարանի միջոցներով հնարավո րինս վերականգնել ենք դժվարին ժամանակներում քայքայված շենքերն ու թալանված պետական գույք, վերելակային տնտեսությունը: Ի մասնավորի` ավերված 92 վերելակներից կրկին օգտագործելի է դարձել 84-ը: Վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքները և բարեկարգվել, կանաչապատվել են գրեթե բոլոր բակերը, չլուսավորվող փողոցներ Աբովյանում արդեն չկան: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 9 մանկապարտեզներում զգալիորեն բարձր է երեխաների հաճախելիությունը: Դա ևս խոսուն փաստ է ազգաբնակչության աճի ու նաև կենսապահության բարձրացման (թեկուզ մասնակի) մասին: Դպրոց հաճախող երեխաների թիվը ևս բավական մեծ է: Ու չնայած դպրոցները դուրս են քաղաքապետարանի իրավասությունից, սակայն անում ենք մեզանից կախված հնարավորինը` դպրոցի հիմնախնդիրները ևս լուծելու համար: Չէ՞ որ, ի վերջո, այնտեղ սովորում են մեր երեխաները` քաղաքի ու երկրի վաղվա տերերը: Մեր ուշադրության կենտրոնում է նաև գեղագիտական դաստիարակության խնդիրը, մեծացել է հետաքրքրությունը Գեղարվեստի նորաբաց կենտրոնի և երաժշտական դպրոցի հանդեպ, ուր հաճախում են համապատասխանաբար 330 և 400 երեխաներ: - Խոսենք մարզական կառույցների և ընդհանրապես սպորտի ակտիվացման մասին. այս ուղղությամբ ևս Աբովյանն ավանդույթներ ունի, անվանի շատ մարզիկներ են այստեղ կրթվել: - Մեր քաղաքը խորհրդային տարիներին առանձնացել է նաև իր մարզական հաջողություններով: Սակայն տխրահռչակ այն տարիներին ինչպես բոլոր բնագավառները, մարզական կյանքն էլ անկում ապրեց: Այս հարցում ևս աբովյանցիներին սատարեց ԱԺ պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իր ներդրումներով և պատվասիրություն արթնացնելով, նա խթանեց Աբովյանի մարզական կյանքի վերազարթոնքը: Նրա հովանավորությամբ և քաղաքապետարանի մասնակի աջակցությամբ հիմնովին վերանորոգվեց քաղաքի մարզադպրոցը, ուր այսօր հաճախում է մոտ 1000 երեխա: Այսինքն` այդքան մանուկ ու պատանի կոփում են իրենց առողջությունը և, ինչու չէ` պատրաստվում որպես օլիմպիական հերթափոխ: Այս առումով պետք է վկայակոչեմ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիգեի բարձր գնահատականն ու հիացական խոսքերը մեր մարզօջախի մասին: Ուսուցումը կրթօջախում, բնականաբար, առանց որևէ վճարի է: Ավելին, այս դպրոցին կից ստեղծվելիք մարզաբազայում իրենց մարզումները կանցկացնեն նաև հանրապետության հավաքական թիմերը: - Իսկապես, Աբովյանում մարզական կյանքն ակտիվացնելու ուղղությամբ ջանքերն առարկայանում են նոր ձեռնարկումների տեսքով: Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի և Ձեր համագործակցության արդյունքում մարզասերները մի հրաշալի նվեր ևս ստացան` շախմատի նորակառույց տունը: Գ. Ծառուկյանի հովանավորությամբ վերանորոգվել է նաև քաղաքի ստադիոնը, ինչը վստահեցնում է, որ աբովյանցի ֆուտբոլիստները ոչ հեռու ապագայում հաջողություններ կարձանագրեն: Դժվար չէ՞ համագործակցությունը ճանաչված անհատի հետ, թեկուզ առանձին հարցերում դա չի՞ կաշկանդում, չի՞ սահմանափակում Ձեր լիարժեք ինքնուրույնությունը: - Մեր համատեղ աշխատանքը հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Գագիկ Ծառուկյան անհատը երբևիցե չի փորձել թելադրել իր կամքը: Ֆինանսական օժանդակությունով և բարի խորհուրդներով նա մշտապես սատարել ու սատարում է Աբովյանին, աբովյանցիներին: Այդ ամենի փոխարեն նա ցանկանում է միայն հոգսաթափ տեսնել աբովյանցուն և ժպիտ` նրա դեմքին: - Հոգևոր դաստիարակության խնդիրները նույնպես առաջնահերթ են Ձեզ համար: Բոլորովին վերջերս քաղաքի բարձրադիր մի հատվածում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սբ. Հովհաննես եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, և բազմահազար տեղաբնակների ներկայությունը հուշում էր, որ այստեղ ճշմարիտ հավատի արժանի հետևորդներ ունի Հայ Առաքելական Եկեղեցին: - Հասունացել էր քաղաքում հավատի նոր տաճար ունենալու անհրաժեշտությունը: Դեռևս 90-ական թվականներից մենք միջոցներ էինք որոնում` այդ սուրբ գործի համար: Բարեսեր Գագիկ Ծառուկյանն այս հարցում նույնպես օգնության ձեռք մեկնեց: Մեծ սիրով և ճշմարիտ հավատացյալի հավատամքով ստանձնեց նոր եկեղեցու կառուցման ծախսերը: Ինչպես նշում եք, այո, վերջերս Վեհափառ Հայրապետի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ձեռամբ կատարվեց 24 X 33 մ տարածքով, 39 մ բարձրությամբ Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը: Անչափ կարևորում եմ հոգևոր այս օջախի հիմնադրումը, հատկապես, երբ վերջին տարիներին ակտիվացել են տարբեր աղանդները: - Պարոն Իսրայելյան, ինչպիսի՞ն է հավատը վերագտած աբովյանցու նկարագիրը: Հատկապես, երբ ամենատարբեր աղանդները կատարյալ պատուհաս են դարձել մեզ համար: - Հանգամանքների բերումով Աբովյանը մի տեսակ հավաքական քաղաք է եղել և կա: Նախկինում ձևավորված` ազնիվ, շիտակ, արդար քրտինքով վաստակող աբովյանցու նկարագիրն այսօր էլ պահպանվել է: Ավելին` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ազգանվեր գործունեությունը նպաստեց, որ աբովյանցին վերագտնի իր հավատը և արժանապատիվ կեցվածքով ու լուսավոր հայացքով նայի գալիքին: Շնորհակալ եմ նրան` բոլոր ձեռնարկումներում ինձ աջակցելու համար: Շնորհակալ եմ նրա վստահության, Աբովյանին ու աբովյանցիներին նվիրվածության համար: Հիրավի, լավատեղյակ լինելով Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ազգանպաստ գործունեությանը, անկարելի է վստահ չլինել, որ այսուհետ ևս հայ պաշտոնյայի և հայ գործարարի բարեկամական ձեռքսեղմումը կլինի առհավատչյա` միտված ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը: Հ. Գ. Անկախության 15-ամյա տարելիցի նախօրեն Աբովյանում նշանավորվեց մանկական խաղահրապարակի հանդիսավոր բացումով: Հրաշալի մի ժամանցավայր, ուր ոչ միայն փոքրերը կարող են օգտվել տարբեր խաղերից, այլ նաև նրանց ծնողներն իրենց ազատ ժամանակը գողտրիկ այս անկյունում անցկացնել: Իսկ ընդամենը 2-3 օր առաջ Աբովյան էր այցելել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիգեն, որը չթաքցրեց իր հիացմունքը եվրոպական բոլոր չափանիշներով հիմնանորոգված մարզահամալիրից: «Ավանգարդ»-ի հարցին, թե ո՞րն է լինելու աբովյանցիների համար նախատեսվող հաջորդ անակնկալը, ԱԺ պատգամավոր ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ պատասխանեց. - Աբովյանի երեխաներին ես խոստացել էի գեղեցիկ խաղահրապարակ նվիրել և կատարեցի խոստումս: Ընդհանրապես ինձ համար գերագույն հաճույք է անակնկալներ մատուցելը, որոնց մասին նախապես խոսել չեմ սիրում: Անակնկալը թող անակնկալ մատուցվի: Միայն կասեմ, որ իմ ժողովրդին, իմ քաղաքին շարունակաբար մատուցել եմ դրանք` հաճելին օգտակարի հետ մեկտեղելով:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ