Բանակը տղամարդու գործ է


Բարև, սիրելի հարազատներ. Նամակագրությունը վաղուց իր տեղը զիջել է համակարգչին, բջջային հեռախոսներով տրվող հաղորդագրություններին, բայց ես անպայման ցանկացա ձեռագրով գրել, ծրարով ուղարկել. սա ավելի ջերմ ձև է: Մա°մ ջան, ծառայությունս լավ է անցնում: Հայաստանի այս գողտրիկ անկյունը, ուր չքնաղ բնություն է, ուր Սևանա լճից զով քամի է փչում և ամառը դարձնում է ավելի զով, ինձ համար այսօր տուն է, քանի որ մոտ երկու տարի պիտի լինեմ այստեղ, սովորեմ ռազմական գործ, պիտի սովորեմ հաղթահարել դժվարություններ: Տղերքը շատ լավ են, կարծես երկար տարիների ընկերներ լինենք: Անկեղծորեն ասեմ, և մամ ջան հավատա`, սնունդը շատ լավ է, օդը մաքուր է, հրամանատարական կազմը` շատ կիրթ, հոգատար, խստապահանջ: Բանակում շատ բան ես սովորում, ամենակարևորը` սովորում ես զսպվածություն: Չեմ կարող չառանձնացնել մեր զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Առաքելյանին, նրա տեղակալ, մայոր Ս. Մարտիրոսյանին, փոխգնդապետ Խաչատրյանին: Մի խոսքով` հանգիստ եղեք. բանակը հանգստյան տուն չի, սակայն ասեմ նաև, որ դժոխք էլ չի, ինչպես նկարագրում ու պատկերացնում են շատերը: Բանակը տղամարդու գործ է, կամքի ուժ, պատիվ: Շատ եմ կարոտել համալսարանը և ընկերներիս, պիտի գամ ու շարունակեմ ուսումս: Մա°մ ջան, պա°պ ջան, իմ սիրելի քույրիկ Հասմիկ, նոր եմ հասկանում, թե ինչքան թանկ է մեր հայրենիքի ամեն մի թիզ հողը, իմ ծննդավայր Էջմիածինը, մեր տունը, մեր թթի ծառը: Հիմա եմ հասկանում, թե ինչ է կարոտը: Բոլորիդ շատ եմ կարոտել, նաև` իմ ընկերուհի Գոհարիկին, իմ սիրելի մորաքրոջը, Հայկին: Բարևներ բոլորին: Երանի ձեզ, որ ամեն օր տեսնում եք իրար: Համբուրում եմ` ձեր Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ