Որ Հայոց Եռագույնը փողփողա


Քեզ վստահված կամ ստանձնածդ ոլորտի առաջընթացը արժանապատվության ամենախոսուն վկայությունն է: Եվ այս սկզբունքը գործունեության չափանիշ է բոլոր նրանց համար, ովքեր պատասխանատվությունը չեն շփոթում թիկնաթոռի հետ: ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան ԶԱՔԱՐՅԱՆԻ համար այբբենական` յուրացված ճշմարտություն է այդ իրողությունը: Հավաստիքը իր անցած կենսուղին է, իսկ կարևորը` կարողացել է ինքն ընտրել դեպի նպատակակետ տանող միջոցները` մերժելով «ամեն գնով» ասվածը: Եվ այսօր էլ, ղեկավարելով պետության հեղինակության բաղկացուցիչը հանդիսացող այս ոլորտը, նա հաջողության գագաթնակետը տեսնում է այդ ճանապարհի սկզբում: Իմա. նախ բավարար պայմաններ ստեղծել սպորտի զարգացման համար` հընթացս նոր ծրագրեր կազմելով ֆիզկուլտուրայի և սպորտի զանգվածայնացման, մարզումների որակը բարձրացնելու համար: Ինչպես ասում են, «մի ոտքը» շինհրապարակներում է, մյուսը` մարզասրահներում: Ու երբ լրագրող Աշոտ Հակոբյանը պատմում էր, թե ինչպես է որդին զարմացել` Ծաղկաձորի մարզաբազայում փողկապավոր պաշտոնյայի փոխարեն շինարարների հետ ինչ-որ սարք նորոգող` սևագործ բանվոր հիշեցնող քեռի տեսնելով, Ի. Զաքարյանի գործընկեր, անվանի թենիսիստ Բագրատ Բուռնազյանը դա սովորական առօրյա անվանեց: Չարախինդ հոռետեսն անգամ չի կարող հերքել, որ մեծացել է հետաքրքրությունը սպորտի հանդեպ և ձգտումը` որևէ մարզաձևով գոնե առողջությունը կոփելու: Ազդակը խնամքով նորոգվող ու կահավորվող մարզասրահ-մարզաբազաներն են, որոնք վերջապես արժանացան իշխանությունների ուշադրությանը: Ավերվող շինությունները, բնականաբար, տարրական մարմնակրթության չէին տրամադրում, էլ ուր մնաց` բարձր արդյունքներ գրանցել մեծ սպորտում: Կատարված աշխատանքների և իրագործվելիք ծրագրերի, մարզական քաղաքականության մասին մեր զրույցը Իշխան Զաքարյանի հետ, կարծում ենք, կհետաքրքրի բազմաց: - Ուրախ եմ, որ արդեն նկատվում է պետական հոգածությունը սպորտի հանդեպ: Այո, վերջին տարիներին իսկապես հաստատուն է քաղաքականությու նը` թե բյուջետային մասհանումներով և թե համակողմանի ծրագրերով: Առաջնահերթ է դպրոցաշինությունը. ինչպե՞ս կարելի է խոսել մեծ սպորտի ու դրանից առաջ` սպորտի մասսայականացման մասին, եթե մարզումների տարրական պայմաններ չկան: Նախորդ հասարակարգում ստեղծվածն իր ֆիզիկական ու բարոյական մաշվածությամբ անօգտագործելի է արդեն: Ավելին, դպրոցներում 6-7 ամիս հարկադրաբար դադարեցվել են պարապմունքները` պայմանների բացակայության պատճառով: Արդյունքում` մարզիչները, ուսուցիչներն այլ աշխատանքներ սկսեցին որոնել, կտրուկ նվազեց երեխաների թիվը... Ներկայումս իրագործվող ծրագիրը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի նախաձեռնությունն է: 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերից հետո լուրջ քննարկումներ ունեցանք, և սպորտի զարգացման ծրագրի հիմքում ամրագրվեց դպրոցներում վիճակի շտկումը, դրանք մարզագույքով ապահովելը: Իհարկե, կանդրադառ նանք նաև մասնագետների խնդրին, որը պակաս մտահոգող չէ: Գաղտնիք չէ, որ մեր մասնագիտական բուհի շրջանավարտները գերադասում են եկամտաբեր այլ աշխատանքներ: Մինչդեռ լավ մարզիչը այլևս ֆինանսական բարդություններ չունի. լավագույն արդյունք ցուցաբերած իր յուրաքանչյուր սանի համար տարեկան մինչև 5-6 հազար դոլարին համարժեք դրամ է ստանում` հաճախ նաև հավելավճարով: Բնական չէ՞. մարզչի աշխատանքի արդյունավե տությունն իր սաների ցուցանիշներով է չափվում: Սկսնակների մասին էլ ենք մտածում: - Շատ մարզադպրոցներ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության են. դա նպաստո՞ւմ է սպորտի զարգացմանը: - ՀՀ-ում 161 մարզադպրոցներից 120-ը ՏԻՄ-երի համակարգում են. հիմնականում` քաղաքապետարանների: Եվ եթե ՏԻՄ ղեկավարները պետք է բավարարվեն մարզչին 10-15 հազար դրամ աշխատավարձ վճարելով` դա աղետ է: Եվ ոչ միայն այդ: Հիմա մենք վերանորոգում ենք դպրոցները. նրանք պետք է պահպանեն դրանք, ջեռուցմամբ ու ջրով ապահովեն, պետք է գործի սանհանգույցը և այլն: Ավելին, պետք է մտահոգվեն` երեխաներին մրցումների ուղարկել... Պետք է գիտակցել, որ սպորտը ճանաչում է բերում երկրին: Այլ առիթով էլ ասել եմ` միայն Գառնի գյուղը մեկ տարում Հայաստանում ավելի շատ մեդալ է բերել, քան 5-6 մարզեր միասին վերցրած: Մինչդեռ... Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերը ոչ միայն գեթ մեկ չեմպիոն էլ չեն պատրաստել, այլև մեր հավաքականի անդամներ չունեն: Բարձիթողության ավելի ցայտուն օրինակ կարո՞ղ է լինել: ՀՀ նախագահի հանձնարա րությամբ ի մի ենք բերում, վերլուծում փաստերը` այսօրինակ վիճակից դուրս գալու: Վերջին հաշվով` պետության ղեկավարի հանձնարարությամբ և Կառավարության որոշմամբ, պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում են մարզադպրոցները. այս փաստը պետք է սթափեցնի դրանք տնօրինողներին: - Հանրակրթական դպրոցներում ևս վիճակն անմխիթար է: - Մեր ծրագրի հիմնակետային երեք ուղղություններից մեկն էլ հենց հանրակրթական դպրոցներում և ազգաբնակչության շրջանում ֆիզդաստիարա կության կարևորությունն արմատավորելն է: Մինչև վերջին 1-2 տարին ֆիզկուլտուրան մեռյալ վիճակում էր: Ավելին, դասաժամերն անգամ հանվել էին դպրոցներից: Մեր կազմակերպած դպրոցականների սպարտակիադան, նախազինակոչային տարիքի պատանեկան մարզախաղերը և մի քանի այլ ձեռնարկումներ որոշ չափով աշխուժացրին թե° երեխաներին, թե° մանկավարժներին: Հետո բոլոր դպրոցներին 10 անուն մարզագույք տրամադրեցինք: Դա, սակայն, վերջնական լուծում չէ: Ինչպես գիտեք` ֆիզկուլտուրան քննական առարկա է արդեն: - Մի խոսքով, որոշակի հունը գցված է: Մնում է, որ տեղերում հետևողական լինեն` համալիր ծրագիրն իրագործելու: - Այո° դպրոցներում` տնօրենները, համայնքներում` ՏԻՄ-երի ղեկավարները: - Վերջնական նպատակն, իհարկե, մեծ սպորտում հաջողություններ նվաճելն է, պետության համբավը վերականգնելը: - Բնականաբար: Չնայած` պակաս կարևոր չէ և առողջ սերունդ աճեցնելը: - Ձեր ղեկավարած Պետական կոմիտեն, սակայն, ունի՞ լծակներ` մասնագիտական ցուցումներ տալու, վերահսկելու, թերացումները կանխելու: - Բոլորովի°ն: Բացարձակապես` ոչ: Մենք կարող ենք նպաստավոր որոշակի խնդիրներ առաջադրել, նորմատիվներ մշակել, մասնագիտական ծրագրեր հուշել, բայց այդ ամենը տեղերում պետք է իրագործվի, ինչը, ցավոք, չի արվում: Դրա համար եմ ասում` բոլորս պետք է նույն ուղղությամբ նայենք: Ավաղ: Դպրոցների ղեկավարները միշտ չէ, որ սրտացավ են: Եվ` ոչ միայն ֆիզկուլտուրայի հանդեպ...: - Ներող եղեք, բայց ուրեմն հարկավոր էր հենց դրանից սկսել երևի: Որքանո՞վ է ճիշտ, որ մասնագիտացված պետական կառույցը ստիպված է կողքից դիտողի կարգավիճակում հայտնվել: Առավել ևս` երբ ինքն է կառուցում: - Նկատառումը տեղին է, սակայն մեր իրավասությունները գերազանցել չենք կարող: - Մեծ սպորտում գոնե դրական փոփոխություններն զգալի են. մեր մարզիկները վերստին սկսել են արդարացնել իրենց հետ կապվող հույսերը: - Այդ առումով վիճակը համեմատաբար բարվոք է: Հաջողություն արձանագրած որևէ մարզիկ և նրա մարզիչները չեն կարող դժգոհել իրենց հանդեպ անտարբերությունից ու գնահատանքի պակասից: Հայաստանի օլիմպիական կոմիտեն միջոցներ չի խնայում` մարզումների արդյունավետությունը բարձրացնելու, հաջողությունները խրախուսելու` դրամական պարգևից մինչև բնակարան, ավտոմեքենա նվիրելը: ԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանն արդեն խոստացել է, որ Պեկինում օլիմպիական առաջին ոսկե մեդալ նվաճողը կարժանանա դրամական շատ մեծ պարգևի: Սա արդեն լուրջ խթան է: Ոչ թե սոսկ գումարը, այլ գնահատելն է շահագրգռում: Հիշո՞ւմ եք, Անկախության առաջին տարիներին մեր օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը վիրավորվել ու հեռացել էր Հայաստանից. մի կարգին չէին էլ դիմավորել: Իհարկե, հայրենիքից նեղացողներին չեմ արդարացնում, բաց պետությունն էլ, հանձին իշխանավորների, պետք է արժանին մատուցի Երկրի դրոշը բարձր պահողին: