Իրավիճակային սցենարների ժամանակը


Ստեղծվել է մի իրավիճակ, որին անխուսափելիորեն նվիրված քաղաքական ուժերը (ընդ որում` յուրաքանչյուրն իր ճաշակով) սկսել են գրել ապագայի սեփական սցենարը: Եվ այստեղ ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրն իր հերթին ոչ միայն հավատացած է սեփական հորինվածքի գերիրատեսական և անփոխարինելի լինելու հարցում, այլ նաև անտեսում է սցենար(ների) բախման անխուսափելիությունը: Նման մոտեցումը անվերապահորեն հանգեցնում է վաղահաս կոնֆլիկտների, ինչի ականատեսն ու վկան ենք դառնում ամեն օր ու ամեն ժամ: Ուշագրավ է նաև այն ընդգծվող միտումը, երբ յուրաքանչյուրին թվում է, թե հատկապես իրեն կհաջողվի բեկել իրավիճակը, խառնել բոլորի խաղաթղթերը և դառնալ առաջատար: Այս դեպքում հարկ է էլի մեկ անգամ շեշտել, որ հանցագործ աշխարհն այս ամենում ներգրավվում է նաև քաղաքական ուժերի դրդմամբ: Փոփոխությունների հասունությու նը, որի կարիքը հանրությունը շատ վաղուց է տեսնում, վերջին շրջանում սկսել է դուր գալ նաև վերափոխումների հակված քաղաքական ուժերին: Եվ քանի որ դրանք, ինչպես միշտ, իրարից խիստ տարբեր են, եթե չասենք` հակասական, ապա հեռակա հայացքն անգամ նկատել է տալիս առաջատարության սրված պայքարի անվիճելիությունը: Ինչպես պնդում է ոչ անհայտ Հրանտ Մարգարյանը` «Քաղաքական կամք է պետք, որ շատ վատ բաներ ճիշտ կարգի մեջ մտնեն, վերադասավորում ունենան: Եվ, ցավոք, դա ի վիճակի է անել միայն Դաշնակցությունը: Համենայն դեպս, կարող եմ վստահորեն պնդել միայն մեր մասին»: Նկատենք. որքան էլ քաղաքական ուժերին «տրված» դաշտը փոքր լինի, գործելու եղանակները` սահմանափակ, այնուամենայնիվ, գնալով ավելի անխուսափելի դարձող քաղաքական ճգնաժամը, գործունեության ներքին անհամաձայնությունները և իբրև դրանց հետևանք` շարունակական ինքնամաքրումները, քաղաքական ուժերի աճող ինքնավստահության և հավակնոտության լավագույն վկայությունն են: Ի վերջո, հայրենի կուսակցությունները նույնպես լավ են հասկանում, որ նախընտրական մեծ ճամփաբաժանում, բացի «մի քիչ» գումարից, կորցնելու ուրիշ ոչինչ չունեն: Եվ ողջ խառնափնթորությունը, որին մենք հայրենի քաղաքական դաշտ ենք սովորաբար կոչում, հանգամանքների բերումով չի բացառվում` մեկ էլ հանկարծ հաճելի անակնկալներ մատուցի: Սակայն, այսքան չհիմնավորված, եթե չասենք եթերային լավատեսությունը նպաստում է հատկապես թռչնագրիպի պես վարակիչ քաղաքական ամբիցիոզության աճին, ինչի բուժման լավագույն դեղատոմսը առայժմ միայն մամուլի էջերը հեղեղած կարծր քննադատությունն է: Քննադատությունը հայրենի քաղգործիչներին զսպում է, բայց ինչ-որ չափով միայն: Այլապես ինչպե՞ս հասկանալ, երբ համառ շշուկները, զարմացնելով հաստատում են, թե նույն այդ ՀՅԴ-ն, որի ղեկավարությունը, ինչպես հիշում ենք, քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով միայն կարողացավ ազատություն ստանալ, շարունակում են Գլխավոր դատախազի հրաժարականը պահանջել: Ինչպե՞ս հասկանալ, երբ իշխանության գլխավոր հենարաններից մեկը հանդիսացող այս կուսակցությունը հանկարծ հայտարարում է, թե Նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու տարբերակը իրենք արդեն բացառում են: «Բացառվում է, որ սատարենք ոչ նրան, ոչ էլ որևէ մեկին»,- տասնյակ ձայնագրիչների լուռ ներկայությամբ հայտարարում են Դաշնակցության ղեկավարները` հավանաբար հաստատապես որոշած լինելով այս անգամ իրականություն դարձնել իրենց մշտական նախընտրական «սպառնալիքը»` Նախագահի սեփական թեկնածուով ընտրություններին ներկայանալը: Հետաքրքիրն այն է, որ առանձնաշնորհյալի մոլուցքով առաջատար դառնալու ձգտումը և փոքր դաշինքներով նույն նպատակին հասնելու հավակնություններ ունեցողները, ովքեր համեմատաբար փոքրաքանակ ուժերն են, չափազանց քիչ են: Իսկ ապագա խորհրդարանում, որքան էլ այն թույլ ու կառավարելի միավորներից բաղկացած լինի, այսպես թե այնպես դուրս մղվողներն ավելի շատ են լինելու, զի ցանկացողների թիվը մեծ է տեղերի քանակից: Եվ պարզագույն այս իրողությունը հայրենի քաղգործիչները ոչ մի կերպ չեն ցանկանում հաշվի առնել: