Ժողովրդի մասին չեն մտածում, գոնե սեփական վարկանիշի մասին մտածեն


Անկախ փորձագետները վաղուց և բազմիցս են ահազանգել, որ դրամի աննախադեպ արժևորումը մեծ վնաս է հասցնում ներքին արտադրողին, կրճատում արտահանման ծավալները: Արտադրությամբ զբաղվելը դառնում է խիստ ռիսկային, անշահավետ և անհեռանկար: Դրան հակառակ ապրանք ներմուծող ձեռներեցները ստանում են գերշահույթներ: Մարդիկ ընդամենը 3 տոկոս գնաճի առասպելին չեն հավատացել և չեն հավատում: Խանութ մտնելիս կույր պետք է լինել` չնկատելու համար, որ առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների գները շեշտակի բարձրացել են: Օրինակ, առանց շաքարավազի նույնիսկ ամենաաղքատները յոլա գնալ չեն կարող, իսկ ընդամենը մեկ տարվա ընթացքում շաքարավազի գինը աճել է ոչ ավելի, ոչ պակաս` 36 տոկոսով: Երեք-չորս տարի առաջվա հետ համեմատած` գրեթե նույնքան թանկացել է հացը: Մսեղենի մասին դեռ չենք խոսում: Այսքանից հետո Կենտրոնական բանկի նախագահը հեռուստաէկրանից, առանց աչքն իսկ թարթելու, խոսում է 3 %-անոց գնաճի մասին և նույնիսկ այդ չեղած տոկոսը համարում է մեծ ձեռքբերում: Դոլարի անընդհատ գահավիժման, և դրամի հաղթական տրիումֆի փաստին փորձենք անդրադառնալ մեկ այլ տեսանկյունից: Բոլորին է հայտնի, որ Հայաստանի բնակչության 60-70 տոկոսը մի կերպ գոյատևում է արտերկրի հարազատների կողմից ուղարկված արտարժույթի հաշվին: Դժվար է պատկերաց նել, թե ինչ կլիներ գործազուրկների հոծ բանակի, թոշակառուների և բյուջետային խղճուկ աշխատավարձ ստացողների վիճակը, եթե ԱՄՆ և Ռուսաստան մեկնած մոտ մեկ միլիոն հայերը օգնություն չուղարկեին իրենց հարազատներին: Ի դեպ, պետք է ընդգծել, որ «խոպանչիների» բացարձակ մեծամասնությունը արտերկիր է գաղթել անօրինական ճանապարհներով և այնտեղ ապրում ու աշխատում է` փաստորեն չունենալով տվյալ երկրների թույլտվությունը: Նման պայմաններում նրանք լեգալ, ըստ այդմ` արժանապատիվ գործ գտնել չեն կարող: Հետևաբար կատարում են ամենանվաստացուցիչ աշխատանք ները` ամենաչնչին վարձատրությամբ: Արյուն-քրտինքով վաստակած այդ գումարից նրանք ստիպված են մաս հանել և° տան վարձի համար, և° դիմանալ տեղի թանկ գներին, և° միաժամանակ փող ուղարկել աղքատության ճիրաններում տառապող հայաստանաբնակ իրենց հարազատներին: Յուրաքանչյուր արտագաղթած իր հարազատներին ուղարկում է միջին հաշվով 300 դոլար: Ուղարկում է մեծ ճիգերի գնով, հաճախ կտրելով սեփական օրապահիկից: Իսկ հայրենի իշխանությունները, անտարբեր հետևելով դոլարի արժեզրկման շարունակական գործընթացին, չեն էլ ուզում նկատել, որ միայն վերջին երկու տարիներին վերոնշյալ 300 դոլարը արհեստականորեն դարձել է 200: Այլ կերպ ասած, մտնելով յուրաքանչյուր ընտանիքի «գրպանը», այնտեղից աճպարարի հմտությամբ հանվել է 100-ը: Իբր թե պայքարելով աղքատության նվազեցման համար, իշխանության թողտվությամբ ԿԲ-ն հակաժողովրդական իր քաղաքականությամբ հարյուր հազարավոր ընտանիքների գլորեց աղքատության ճիրանների մեջ: Ինչո՞ւ հատուկ ընդգծեցինք, որ մեր «խոպանչիները» հայտնի պատճառներով, ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում: Հասկացնելու համար իշխանություններին, որ սին են նրանց հույսերը, թե արտագաղթածները, հաշվի առնելով դոլարի արժեզրկումը, կավելացնեն իրենց հարազատներին ուղարկվելիք գումարի քանակը: Նրանք պարզապես այդ հնարավորությունը չունեն. իրենք էլ հազիվ են քարշ տալիս իրենց գոյությունը: Տարօրինակ մեկ հանգամանք ևս. այս ամենը կատարվում է հատկապես ընտրությունների նախաշեմին: Տիգրան Սարգսյանն այս քաղաքականությամբ հարվածում է իշխանությունների վարկանիշին: Արդյո՞ք միտումնավոր չէ դա:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ