Եվս մեկ տարբերություն 


 

Իրարից անանջատ, մեկը մյուսին փոխլրացնող կինն ու տղամարդը, պարզվում է` արտաքին ու ֆիզիոլոգիական տվյալներից բացի այլ տարբերություններ էլ ունեն: Ուսումնասի րողների պնդմամբ` նրանք աշխարհը տարբեր կերպ են տեսնում: Սկսենք թեկուզ ամենատարրական օրինակից. որպես կանոն` կանանց գրեթե միշտ զարմացնում է տղամարդկանց անկարողությունն` իրենք իրենց համար հագուստ ընտրելիս:

Ինչպես հիմնավորել է նոր հետազոտությունը` տղամարդու և կնոջ ուղեղները տարբեր ձևով են ընկալում գույնի ինֆորմացիան (գրել է բրիտանական DΖily MΖil-ը): Այսինքն, նույն նարինջը տղամարդկանց «ավելի կարմիր» է թվում, քան` կանանց: Նույն կերպ էլ` մարդկության ուժեղ կեսը խոտը փոքր-ինչ ավելի դեղին է տեսնում, գեղեցիկ կեսը` ավելի կանաչ:

Նյու Յորքի համալսարանի գիտնականների ուսումնասիրություններն ակներև են դարձրել, որ տղամարդիկ դժվարանում են տարբերակել դեղին, կանաչ և կապույտ գույների թույլ արտահայտված նրբերանգները: Դա, իհարկե, շատ լուրջ թերություն չէ, բայց հուշում է, որ ճիշտ կլինի, որպեսզի տան պատերի երանգն ընտրի կինը:

Գիտափորձի հեղինակները կանանց ու տղամարդկանց ցույց են տվել լույսի վայրկենական փայլատակումը և խնդրել են ասել, թե ինչ գույն տեսան: Ընդ որում, նախապես ստուգված է եղել փորձի բոլոր մասնակիցների տեսողությունը, և նրանցից ոչ մեկը դալտոնիզմով (գունագարություն) չի տառապել: Պրոֆեսոր Իսրայել Աբրամովի հավաստմամբ` նույն լույսի գույնը երկու սեռերի տարընկալումը բնավ պայմանավորված չէ նրանց աչքերի կառուցվածքով:

Տեսողականից զատ նաև լսողական ընկալումներն են տարբեր: Ինչպես նշել է Biology of Sex Differences հանդեսը` հետազոտություններն ապացուցել են, որ կանանց մոտ ավելի զարգացած է լսողությունը: Բացի այդ, նրանք ավելի լավ են տարբերակում հոտերն ու համերը: Իսկ ահա տղամարդիկ առավել արագ են նշմարում շարժվող օբյեկտների մանր մասնիկները: Մարդկության հեռավոր անցյալում այդ ունակությունը հավանաբար մեր նախնիներին օգնել է լավ որսորդներ լինել: