Օլիմպիական բրոնզակիրը 


 

Հռիփսիմե ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Ծանրությունների բարձրացման մրցումները հայտնի են հնագույն ժամանակներից, սակայն առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին: Ծանրամարտը, որպես առանձին մարզաձև, ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 1896-ից: 1912-ին ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան հաստատել է ծանրամարտի միջազգային մրցումների անցկացման կանոնադրությունը:

Հայաստանում ծանրամարտով սկսել են զբաղվել 1927-ից, երբ հանրապետական սպորտկոմիտեին կից սկսեց գործել ծանրամարտի խումբը: Մեկ տարի անց` 1928-ին, Երևանում անցկացվեց ծանրամարտի հանրապետական առաջին առաջնությունը: Հայ ծանրամարտիկները, սկսած 1928-ից, մասնակցել են Խորհրդային Միության, 1947-ից` Եվրոպայի առաջնություններին:

Լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի հետ զրույցն, անշուշտ կհետաքրքրի մարզասեր մեր ընթերցողներին:

- Խնդրում եմ մի քանի խոսքով պատմեք, թե ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ծանրամարտով:

- Որոշումս պատահական է ստացվել: Ծնողներս դեմ էին, որ ես զբաղվեմ հենց ծանրամարտով, քանի որ դա աղջկա սպորտաձև չէ: Միայն հորեղբայրս` Արմենն է կողմ եղել, որ ընտրեմ այս մարզաձևը:

Ասեմ, որ ես արմատներով մշեցի եմ` ապարանցի, ու իմ բնական ուժն եկել է գեներով:

- Եթե Ձեզ առաջարկեին մեկ այլ մասնագիտություն, կհրաժարվեի՞ք ծանրամարտից:

- Ծանրամարտն եղել է իմ կյանքը, որովհետև 11 տարեկանից զբաղվում եմ դրանով ու ինձ չի թվում, թե մեկ այլ մասնագիտության մեջ իմ ուրույն տեղը կգտնեմ:

- Ինչպիսի՞ կարգավիճակ ունի այսօրվա ծանրամարտը, և ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր այն զարգացնելու:

- Իմ կարծիքով Հայաստանում ծանրամարտը վերելք է ապրում: Կարելի է ասել` Հայաստանի առաջին սպորտաձևերից մեկն է` իր հաջողություններով: Իսկ զարգացնելու համար պետք է, որ մարզիկները լուրջ վերաբերմունք ցուցաբերեն ավանդական այս մարզաձևի հանդեպ: Կան մարզիկներ, ովքեր չեն կարողանում բոլոր դժվարությունները հաղթահարել և ստիպված` թողնում են սպորտը. այդ դեպքում բնականաբար ծանրամարտը չի զարգանա:

- Հիմնականում ովքե՞ր են աշխատում Ձեզ հետ:

- Իմ անձնական մարզիչ Արման Ղազարյանը:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Հաճախակի՞ եք մեկնում մրցումների:

- Այժմ հանգստանում եմ: Պատրաստվում եմ հոկտեմբեր ամսին ամուսնանալ: Մեկ տարի դադար կտամ, իսկ 2014 թ. կվերադառնամ մեծ սպորտ, որ իմ հաջողություններով ուրախացնեմ հայ ժողովրդիս: Տարվա ընթացքում մասնակցում եմ 2 մրցման` եվրոպայի և աշխարհի մեծահասակների առաջնություններին:

- Իսկ մեր անվանի ծանրամարտիկներից ո՞ւմ կերպարով եք առաջնորդվում` պահպանելու ծանրամարտի ավանդույթները:

- Աշխատում եմ ոչ ոքի չնմանվել: Ես խոնարհվում եմ մեր անվանի ծանրամարտիկների առաջ, բայց նախընտրում եմ իմ սեփական «ձեռագրով» ներկայանալ հանրությանը:

- Ձեր խոսքը կամ պատգամը` սկսնակ ծանրամարտիկներին:

- Խորհուրդ կտամ, որ երբեք չնահանջեն, միշտ պայքարեն ու ցույց տան իրենց բարձր կամային որակները: Այդ դեպքում հաղթանակն իրենցը կլինի: 

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ