Հայտնաբերվեց «Սիրո խարիսխ»-ում 


 

Հաճախ ամենատարբեր առիթներից սկիզբ առած վիճաբանությունները տխուր և անսպասելի վերջաբան են ունենում: Վերջերս մայրաքաղաքի Զեյթուն թաղամասում այդօրինակ վախճանի արժանացավ նաև տաքարյուն ու անզիջում երիտասարդների միջև չնչին առիթից առաջացած վեճը:

Գիշերը, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ մասում միանգամից երկու ահազանգ ստացվեց: «Էրեբունի» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններից ստացված հաղորդումները, ինչպես պարզվելու էր քիչ անց, առնչվում էին միևնույն դեպքին: Տարօրինակն այն էր, որ դանակահարված երիտասարդները հրաժարվում էին բուժհիմնարկներ մեկնած ոստիկաններին իրենց հետ պատահածի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` պատճառաբանելով, թե ոչինչ չեն հիշում: Սակայն քրեական հետախույզների արագ և հմուտ գործողությունների շնորհիվ շուտով ամբողջացավ տեղի ունեցածի պատկերը:

Տուժողները` Արամն ու Սահակը, այդ երեկո ընկերուհիների հետ սրճարան էին գնացել: Մի 15 րոպե անց, երբ դեռ չէին էլ հասցրել մի կարգին ուրախանալ, հարևան սեղանից հայհոյանքներ էին լսվել: Տղաները երկու անգամ դիտողություն էին արել, բայց` ապարդյուն: Հետո դուրս էին եկել փողոց` հարաբերություններ պարզելու: Կարապետ Ուլնեցու և Հասրաթյան փողոցների խաչմերուկի մոտ էլ տեղի էր ունեցել վիճաբանությունը, որի ընթացքում Արամն ու Սահակը դանակի հարվածներ էին ստացել:

Տեղի ունեցածից երկու օր անց ոստիկանության ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Երևանյան լճի ձախ մասում գտնվող «Սիրո խարիսխ» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արա Մ.-ին:

Հենց նա էլ վիճաբանության ժամանակ դանակահարել էր երիտասարդներին: