«ԵԹԵ ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ ԷԼ ՈՒՆԵՆԱՄ` ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆԸ ԿՆՎԻՐՎԵՄ» 


 

ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆՆ այն բացառիկ հայուհիներից է, ում անվանը ծանոթ են աշխարհի հայաբնակ բոլոր երկրներում, որտեղ հայեցին դարձել է հաց հանապազօրյայի նման կարևոր ու անհրաժեշտ: 1977-ից ասմունքող-դերասանուհին հայ գրողների ստեղծագործություններն է ներկայացնում` ինքն էլ ամեն անգամ իր համար բացահայտելով նոր ու հետաքրքիր զգացողություններ:

- Չեմ սիրում հարցազրույցը սկսել ավանդական հարցերից, բայց քո դեպքում պարտավոր եմ խախտել սկզբունքս: Ե՞րբ որոշեցիր, որ պիտի քեզ ասմունքին նվիրես:

- Այ, ես էլ չեմ սիրում զրույցը նման պատասխանով սկսել: Ասմունքող դառնալու մասին երբեք չեմ երազել ու չեմ մտածել: Ծնվել եմ Գյումրիում, ուր թատրոնը, գիտես` ամեն մի գյումրեցու համար մի աշխարհ է: Ուզում էի դերասանուհի դառնալ, այդ պատճառով էլ սկսեցի հաճախել պիոներ-պալատի թատերական խմբակ: Արտյուշա Գյոդակյանի սանն էի: Շատ լավ դերասան ու շատ լավ մարդ էր նա` փառահեղ մարմնով, բամբ ձայնով, բայց երեխայի պարզությամբ և անմիջականությամբ: Կինոյում շատ նկարվեց, թատրոնում շատ խաղաց... Երբ դպրոցն ավարտեցի` հենց Արտյուշայի խորհրդով էլ դիմեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին` պրոֆեսոր Արտաշես Հովսեփյանի արվեստանոց: Ընդունվեցի, սովորեցի: Գուցե հենց այդ տարիներին էլ իմ մեջ սեր արթնացավ ասմունքի հանդեպ, քանի որ մեր բեմական խոսքի դասախոսը Սիրվարդ Մեսրոպյանն էր` նշանավոր ասմունքող:

- Գիտեմ, որ դարձար Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, իսկ հետո ամբողջապես քեզ նվիրեցիր ասմունքին: Արդյո՞ք այսօր ասմունքն ունի ընդունելություն, արդյո՞ք մարդիկ պատրաստ են մեկ ժամից ավելի նստել ու բանաստեղծություն լսել:

- Բոլոր նրանք, ովքեր չեն սիրում բարձր արվեստ ու գրականություն, ովքեր արդեն վարժվել են ամեն տեսակի «օյինբազությունների»` ինքնահնար մի կոչ են ստեղծել, թե մեր օրերում ասմունքի ժանրը հնացել ու դուրս է մղվել: Այդպես չէ: Մարդը միշտ կարիք ունի բարձր գրականության, միշտ կարիք ունի բանաստեղծության: Առանց բանաստեղծության ապրող մարդու հոգին դատարկ է, նա զուրկ է երազանքներից:

- Բայց այսօր փոխվել են բանաստեղծության ձևերը, դասական բանաստեղծությունն իր տեղը զիջել է մոդեռնին, որը բեմից կարդալն այնքան էլ հետաքրքիր չէ:

- Լավ բանաստեղծությունը` լինի մոդեռն թե ավանդական, դասական` միշտ էլ լսվում է. ունկնդիրը միշտ էլ նրա մեջ փնտրում է սեփական մտածումների և հույզերի անդրադարձ ները: Ես, իհարկե, գլխավորապես կարդում եմ ինչպես դասական, այնպես էլ 20-րդ դարավերջի մեր մեծերին` Համո Սահյանից մինչև Վահագն Դավթյան: Ես այդ բանաստեղծների հետ եմ վարում իմ ներքին զրույցները, նրանց հետ եմ կիսվում, նրանց միջոցով եմ գնում դեպի աշխարհաճանաչողություն: Թող ուրիշներն էլ կարդան այսօրվա քո ասած մոդեռն բանաստեղծությունը: Ինձ համար բանաստեղծությունը հույզի ու բարձր գեղարվեստի միաձուլումն է: Եթե բացակայում են դրանք` չեմ կարդում: Չեմ կարդում այն արձակ ստեղծագործութ յունները, որոնց մեջ չկան փիլիսոփայություն, բնավորություններ, հայի տեսակի անդրադարձներ...

- Ինձ միշտ զարմացրել է այն, որ լինելով ընդգծված կրքերի դերասանուհի, արդեն շատ վաղուց հաղթահարած լինելով բեմում մենակ լինելու դժվարությունը, դու հանդես չես գալիս մենաներկայացումներով: Ինչո՞ւ:

- Այդ հարցի մասին ես էլ եմ մտածել: Գիտե՞ս, իմ մեջ այնքան շատ է նստած գրականությունը. այնքան շատ եմ սիրում բանաստեղծությունը, որ չեմ պատկերացնում լինել բեմում ու դեր խաղալ: Չնայած միշտ էլ գայթակղիչ առաջարկություններ եղել են: Եթե լինի մի շատ լավ մենապիես, անպայման կփորձեմ խաղալΚ

- Դու շատ հաճախ ես հանդես գալիս Սփյուռքում, դարձել ես Հայաստանն ու Սփյուռքը կապող օղակներից մեկը: Արդյո՞ք Սփյուռքում նույն հուզական ընկալմամբ են վերաբերվում հայ բանաստեղծությանը:

- Սփյուռքը մենք վատ գիտենք, չենք կարողանում ամբողջապես հասկանալ Սփյուռքին: Ասում են, որ սփյուռքագիտության ամբիոններ են ստեղծվում: Բայց Սփյուռքը շատ ավելի զգացական է, շատ ավելի` հոգեբանական: Սփյուռքում հայ բանաստեղծությունն ու հայ երգն այլ արժեք ունեն, այլ բովանդակություն: Երբեմն այնպիսի նախադասությունների համար են ծափահարում, որ ես զարմանում եմ ու դրանից հետո արդեն ձգտում եմ բանաստեղծության մեջ պեղել այն առանձնահատուկը, որը ունկնդիրը տեսավ ու ծափահարեց:

- Մենք քեզ գիտենք միայն բեմից, մինչդեռ բեմից դուրս գտնվող Սիլվա Յուզբաշյանը, կարծում եմ, նույնպես շատ հետաքրքիր է:

- Իմ ընկերներն ասում են, որ այո´, հետաքրքիր է… Գյումրեցի եմ, իսկ դա նշանակում է, որ կենցաղում սիրում եմ որոշակի ավանդականություն, սիրում եմ պատրաստել այն կերակուրները, որոնք մեր տանն էին պատրաստվում: Դրանց մեջ զարմանալի հայեցիություն կա: Ես միշտ ասում եմ, որ եթե երկու կյանք էլ ունենամ, դարձյալ կնվիրվեմ հայ բանաստեղծութ յանը: Ավելացնեմ, որ կնվիրվեմ նաև հայկական խոհանոցին:

- Կարելի՞ է ասել, որ շատ ես սիրում լինել խոհանոցում:

- Չէ, չէ, ինձանից պետք չէ դասական տանտիկնոջ կերպար ստեղծել: Ես մենակ եմ ապրում` չնայած միշտ հյուրեր ունեմ, պատրաստում եմ այն, ինչ հուշում է տրամադրությունս: Երբեմն չեմ էլ պատրաստում: Կերակուր պատրաստելը նույնպես ներշնչանք է, պիտի ստեղծագործես, ներշնչվես: Երբ բարձր տրամադրություն եմ ունենում` կերակուր պատրաստելիս կարդում եմ իմ սիրելի բանաստեղծների ստեղծագործությունները:

- Ասացիր, որ մենակ ես ապրում, իսկ արդյո՞ք մենակությունը չի հոգնեցնում:

- Մարդն այնքան հզոր ու ինքնակամ չէ, որ կարողանա իր ճակատագիրը տնօրինել այնպես, ինչպես ինքը կկամենար: Երբեմն մեծ ցնցումները, մեծ սիրո փլուզումներն ու կորուստներն իրենց սրբագրումներն են անում: Մարդը կարող է ապրել բազմանդամ ընտանիքում, շրջապատված լինել բազում մարդկանցով, բայց մենակ լինել: Իսկ ես մենակ եմ ֆիզիկապես, երբ իմ սենյակում նստում եմ իմ բազմոցին ու տեսնում, որ դիմացս ոչ ոք չկա: Մյուս դեպքերում ես մենակ չեմ... Կուզենայի ունենալ իմ ընտանքիը, իմ երեխաները, բայց...

- Այսինքն, քո երջանկությունն ամբողջական չէ՞:

- Նման հարցեր չեմ սիրում: Երջանկությունը չի կարող ամբողջական կամ ոչ ամբողջական լինել: Մարդը չի կարող ամբողջ կյանքում երջանիկ լինել, կամ` դժբախտ: Տարբեր պահերի պոռթկումներ են լինում, երջանկությամբ լցվում է հոգիդ: Հետո արդեն ամեն ինչ անում ես, որպեսզի երջանկության մի նոր հայտնություն լինի: Ու դա շատ լավ է: Երջանիկ լինելու համար պիտի կռվես, պայքարես: Սկուտեղի վրա ոչինչ չի մատուցվում: Նրանք, ովքեր հեքիաթներ են պատմում հավերժ երջանկության մասին` երբեք չեն կարող գնահատել երջանկությունը:

- Հատկապես երիտասարդներն այսօր քեզ ընդունում են որպես կյանքի իմաստնությունները ճանաչող անձնավորության, մեր արվեստի երևելի դեմքերից մեկի: Ի՞նչ կասես նրան:

- Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավանգարդ» թերթին` ինձ հաճախ հիշելու համար: Իսկ երիտասարդներին միայն մի բան կասեմ. բանաստեղծությո´ւն կարդացեք

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ