ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԿԱՊԱՎՈՐ 


 

Մասնագիտական տոնի կապակցությամբ մեր ամենաջերմ բարմաղթանքներն ենք հղում ՀՀ Զինված ուժերի բոլոր կապավորներին: Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ ու ավետաբեր լինեն:

Սեպտեմբերի 14-ը ՀՀ Զինված ուժերում ավանդաբար տոնվում է որպես կապավորի օր: Կապի գնդի ձևավորման արմատները ձգվում են մինչև Արցախյան ազատամարտ: Կենսական նշանաունեցող այս համակարգը ձևավորվել է պատերազմի ամենաթեժ օրերին, երբ դրա գոյությունն անհրաժեշտություն էր: Այսօր ունենք ժամանակին համընթաց կատարելագործվող կապի համակարգ:

Մեր զրուցակիցն է մայրաքաղաքի Կապի զորամասի հրամանատարի` Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արտյոմ ԵՂՈՅԱՆԸ:

-Կապի գունդը ձևավորվել է 1992-ի սեպտեմբերի 14-ին` Արցախյան գոյապայքարի տարիներին: Անհրաժեշտությունն իսկապես մեծ էր, քանի որ դրա հիմնական գործառույթը պատերազմի ժամանակ տարբեր ուղղություններով, տարբեր հատվածների, բոլոր ռազմաճակատների միջև կապի ապահովումն է: Կապի բացակայության դեպքում զորքի ղեկավարումն անհնար է: Հաջողության հասնելու հիմնական պայմաններից մեկը միմյանց միջև անհրաժեշտ տեղեկության փոխանցումն է` սկսած թիկունքային ապահովումից մինչև կոնկրետ մարտական գործողությունների սկիզբը և ավարտը: Խաղաղ պայմաններում մենք պատրաստում ենք կապի մասնագետներ և անձնակազմին միշտ պատրաստ ենք պահում: մանավանդ` մեր պարագայում, երբ պատերազմն ավարտված չէ: Երբ խաղաղությունը պայմանական է` անձնակազմը պետք է կազմ ու պատրաստ լինի ցանկացած փորձության: Պատրաստ լինի առաջին իսկ հրամանի դեպքում կատարել մարտական առաջադրանքները:

- Ժամանակի ընթացքում, բնականաբար, զարգացել է կապի համակարգը:

- Այո, միանշանակորեն. հսկայական փոփոխություններ են եղել: Կապի համակարգը կատարելագործվել է: Հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում` ամենադժվարին պայմաններում անգամ, ավելի դյուրին կլինի զորքի միջև կապի ապահովումը:

- Ի՞նչ հիմունքներով են ընտրվում կապավորները:

- Մեր անձնակազմի շուրջ 80 տոկոսը բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ են: Կապի համակարգը չափազանց բարդ է, և միայն գիտակից մարդն է ի վիճակի ճիշտ կազմակերպելու իր աշխատանքը: Ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով այդ սկզբունքը: Բացի դրանից, մենք ունենք կենտրոնական ենթակայության կապի ուսումնական զորամաս, որտեղ մեր ժամկետային զինծառայողներին ուղարկում ենք վերապատրաստվելու, ավելի կատարելագործվելու:

- Կամային ի՞նչ որակներով պետք է օժտված լինի կապավորը:

- Կապավորն առաջին հերթին պետք է լինի կիրթ, զարգացած, իր գործին նվիրված: Կարևորում եմ նաև հայրենասեր լինելու հանգամանքը: Եվ ամենակարևորը` լինի գաղտնապահ: Կարողանա այնպես կազմակերպել իր գործողությունները, որ հակառակորդը չկարողանա մեզ որսալ:

- Կապի զորամասերում ինչո՞վ է առանձնանում և տարբերվում ուսումնադաստիարակչական գործընթացը:

- Ամբողջ Զինված ուժերում, բոլոր զորամասերում ուսումնադաստիարակչական գործընթացը նույն ուղղությամբ է տարվում: Միայն կապի մասնագետը չէ, որ պիտի հաղթի պատերազմում: Բոլոր մասնագիտությունները չափազանց կարևոր են: Զինվորին հայրենասիրություն, հայրենիքի, պետության ու ժողովրդի հանդեպ նվիրվածություն ենք սերմանում: Իհարկե` մասնագիտական հմտություններին զուգահեռ:

- Մասնագիտական տոնի առթիվ Ձեր բարեմաղթանքը` ՀՀ Զինված ուժերի կապավորներին:

- Կցանկանայի բարեմաղթանքներ հղել ոչ միայն կապավորներին, այլև Զինված ուժերի ողջ անձնակազմին: Մեր միակ նպատակը հայրենիքի պաշտպանությունն է, սահմաններն անառիկ պահելը: Բոլորին ցանկանում եմ ամենակարևորը` անփորձանք ծառայություն, քաջ առողջություն, զգոնություն: Հաջողություններ եմ մաղթում նաև հետագա տարիներին: Քանի որ ցանկացած զինծառայող, ավարտելով ծառայությունն Ազգային բանակում, երբեք չի զորացրվում: Նա մնում է զինվոր` հայրենիքի զինվոր: Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, բոլորս ենք մասնակցելու գործողություններին: Մեր առաքելությունն ու ճանապարհն է` պաշտպանել Հայրենիքը: Բոլորս զինվոր ենք: Թող խաղաղություն լինի: Աստված պահապան մեր բոլոր զինվորներին: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ