Դիակի «վայրէջքն» ինքնաթիռից 


 

Լոնդոնի արևմտյան` Պորտման-Ավենյու պողոտայում կիրակի օրն անսպասելիորեն տղամարդու դիակ է հայտնվել: Ենթադրվում է, որ այն ընկել է դեպի Հիտրոու օդակայան վայրէջքի գնացող ինքնաթիռից (հաղորդել է FrΖnce-Presse գործակալությունը):

Ոստիկանների համոզմամբ` հանգուցյալը 20-30 տարեկան աֆրիկացի է: Ջինսե տաբատ և գլխանոցով վերնազգեստ հագած այդ տղամարդը ինքնաթիռի անձնակազմի անդամ չի եղել. ոչ էլ հաշվառված է ուղևորների ցուցակում: Նախնական վարկածով` նա ծպտյալ ուղևոր է, ով թաքնված է եղել ինքնաթիռի անիվների մեկուսախցում:

The Sun թերթը հստակեցրել է, որ անանուն դիակն ընկել է 600 մետր բարձրությունից: Վկայակոչելով փորձագետ-քրեագետներին, պարբերականը ենթադրում է, որ տղամարդը մահացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ մինչև ընկնելը: Խնդիրն այն է, որ բարձր թռիչքների ժամանակ անվախցում ջերմաստիճանը իջնում է մինչև -400:

Ծպտյալ ուղևոր լինելու և օդում սառչելու վարկածը պատահաբար չի ընտրված: Ընդամենը մեկ ամիս առաջ` օգոստոսին Քեյփթաունից Լոնդոն թռչող British AirwΖys-ի «Բոինգ-747»-ի անվախցում հայտնաբերվել էր տղամարդու դիակ: