«Ժառանգությունը» կունենա  ՀՀ նախագահի իր թեկնածուն 


 

 

Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս հայտնել էր պատգամավորությունից հրաժարվելու մասին: Հասկանալի է, որ դրա շարժառիթն առաջիկա նախագահական ընտրություններն են: Դրանցով պայմանավորված ներքաղաքական առկա իրավիճակի, հնարավոր զարգացումների և դրանց «Ժառանգության» մասնակցության մասին է զրույցը կուսակցության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

- Ներքաղաքական դաշտում, կարծում եմ, մյուս ամսվա սկզբին արդեն որոշակի հստակեցումներ կլինեն: Նախագահական ընտրությունների համատեքստում մինչև ամսվա վերջ կունենանք Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային խոսքը: Այս պահին էլ կարող եմ ասել, որ կուսակցությունն ունենալու է Հանրապետության նախագահի իր թեկնածուն, և կարծում եմ`այդ հրապարակային խոսքի ժամանակ կասվի, թե ով կլինի այդ թեկնածուն:

- Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև այժմ էլ ԿԸՀ-ից պատգամավորական իր մանդատը չի ստացել: Ինչո՞ւ:

- ԱԺ ընտրություններից հետո կուսակցության վարչությունը, ներքաղաքական իրավիճակից ելնելով, այդպիսի որոշում էր ընդունել: Այդ և այլ հարցերի պատասխանը հույս ունեմ` կգտնեք Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային խոսքում: Նա կտա և´ ներքաղաքական, և´ արտաքին քաղաքական իրավիճակի գնահատականը, կխոսի նաև սպասվելիք նախագահական ընտրություններից ունեցած ակնկալիքների մասին: Միանշանակ է, որ կներկայացնի նաև «Ժառանգության» և նրա թեկնածուի ծրագրերը` մեր երկրում արմատական բարեփոխումների առնչությամբ:

- Որքան հասկացա, արդեն այդ ժամանակ կներկայացվեն նախընտրական ծրագրային դրույթները :

- Այդպես էլ կարող ենք ասել, որովհետև նախընտրական ծրագիրը օդից չի ծնվում, այլ տվյալ քաղաքական ուժի և գործչի նախկին գործունեության հետագիծն է պարունակում: Բայց այնուամենայնիվ, դա առաջին հերթին տվյալ իրավիճակի համար նախատեսված ելույթ կլինի: Իսկ մեր թեկնածուի նախընտրական ծրագիրը միտված է լինելու բարեփոխումնե րին: Հատկապես սահմանադրական բարեփոխումներին, կառավարման համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին:

-Այդ նախընտրական ծրագիրը կարո՞ղ է անցած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ներկայացրած ծրագրի տարրեր պարունակել :

- Բնականաբար որոշակի ընդհանրություններ կարող են լինել, որովհետև «Ժառանգությունն» ունի իր ծրագիրը, և դա նրա շարունակությունը կարող է լինել: Այդ ծրագիրը պետք է ունենա հենք, պատմություն և ապագայի խնդիրների լուծմանը միտված բովանդակություն:

- Քաղաքական բոլոր ուժերի նախընտրական ծրագրերը նման դրույթներ են պարունակում: Բոլորն են ասում` մեր ծրագիրը ապագային է միտված: Այդ իմաստով, ձեր ծրագիրն ինչո՞վ է տարբերվելու մյուսներից:

- Ճիշտ եք նկատել: Իսկ տարբերությունը լինելու է մեր և մեր թեկնածուի անցած ճանապարհը: Կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում` արտգործնախարար եղած ժամանակ արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ նրա արտահայտած տեսակետները հետագայում փոխվե՞լ, թե՞ մնացել են նույնը, այն ժամանակ և հիմա նրա արած քայլերն իրար համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Իր թիմակիցներն իսկապե՞ս պետության մասին մտածողներ են եղել, թե՞ ոչ, նախկինում երկրի ունեցվածքի թալանով ու փոշիացմամբ զբաղվե՞լ են, թե՞ ոչ... Բոլորս կարող ենք ասել` պայծառ ապագա ենք կառուցելու: Բայց չէ՞ որ կան մարդիկ, ովքեր հնարավորություն ունեցել են այդ պայծառ ապագան կառուցել, բայց «կառուցել» են ճիշտ հակառակ ուղղությամբ: Այնպիսի կառավարման համակարգ և այնպիսի տնտեսության հիմք են ստեղծել, որի արդյունքում այսօր քաղաքացին արտագաղթում է:

- Իսկ ԼՂՀ անկախության ճանաչման խնդրում մեզանում կա՞ բանավեճ: Դուք դրա անհարաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

- Երրորդ անգամ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը պնդել ենք, երբ Ադրբեջանը բացահայտորեն ցույց տվեց, որ ինքը հայատյաց, ռասիզմի քաղաքականություն է վարում: Ամենաճիշտ քայլն այս պահին ԼՂՀ անկախության ճանաչումը կլիներ: Իսկ ընդհանրապես, ցանկացած հարցի շուրջ ես բանավեճը ողջունելու եմ, որովհետև բանավեճում փաստարկնե րի հիման վրա ծնվում է ճշմարտությունը: Հնարավոր է, որ քաղաքական դաշտի մի հատվածի համար որևէ տվյալ քայլ տեսանելի չլինի, բայց դա չի նշանակում, թե դա սխալ քայլ է:

- Որքանո՞վ եք վստահ, որ ձեր թեկնածուն կարող է ընդունելի լինել հանրության և քաղաքական մյուս ուժերի համար: Սա հարցնում եմ, որովհետև խոսքի մեջ ասացիք, թե ցանկալի կլիներ, որպեսզի ընդդիմությունը միասնական լիներ ընտրություններում:

 

- Հանրության համար, կարծում եմ` բավական ընդունելի է այն, ինչ ներկայացնում ենք մենք` և´ ազգային հարցերում, և´ տնտեսության ազատականացման առումով: Պարտադիր չէ, որ «Ժառանգության» գաղափարներն ու աշխատաոճն ընդունվեն բոլոր քաղուժերի կողմից: Բայց դա չի նշանակում, որ մենք դրանից պետք է հիասթափվենք: Միշտ մինչև վերջ պետք է պայքարես, որովհետև դա կարող է կառավարման համակարգում որոշակի դրական գործընթացներ գեներացնի և խթանի: 

Զրուցեց Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԸ