Կեղծ ձվեր


Չինացիները նմանակեղծումների մեծ վարպետ են: Աշխարհահռչակ արտադրողների հագուստներն ու զարդերը, ճարտարապետական կառույցներ ու ամբողջական քաղաքներ «պատճենելու» իրենց հարուստ փորձով հիմա էլ հավերի ձվերն են կեղծում: Իհարկե, արհեստական սննդի հարցում ևս անգերազանցելի էին մինչև հիմա էլ, բայց թվում էր` կեղծ ձու արտադրելն այնքան էլ հեշտ չէ:

Իսկական ձուն սննդարար բազմաթիվ բաղադրիչներ է պարունակում` ճարպեր, սպիտակուցներ, գլյուկոզա, ածխաջրեր, ֆերմենտներ, A, B, E, D վիտամիններ: Նաև` խոլեստերին, որը չի վտանգում մարդու առողջությունը: Եվ պատահական չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս օրական ուտել մեկ ձու, ինչն անփոխարինելի է` հատկապես երեխաների համար: Իսկ ահա չինական կեղծ ձվերը (որոնք տեսքով բոլորովին չեն տարբերվում իսկականից) բացարձակ «փուչիկ» են. սպիտակուցն ու դեղնուցը դոնդողի (ժելատին) և կալցիումի ալգինատի խառնուրդ են` գունանյութերի հավելմամբ:

Մի քանի անգամ այս ձվերն օգտագործելու հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել: Երկարատև օգտագործման դեպքում` դրանք ազդում են նյարդային համակարգի վրա. երեխաների մոտ կարող են ի հայտ գալ ավելորդ շարժումներ, մտավոր զարգացման արգելակումներ:

Չինաստանում հավի ձվերի կեղծումը վաղուց արդեն վերաճել է եկամտաբեր բիզնեսի. վաճառվում է սովորական ձվից էժան` գայթակղելով գնորդին: Իսկ արտադրողին, առավել ևս` արտահանող-ներկրողներին չի հուզում սպառողի առողջությունը:

Ինչպե՞ս տարբերակել կեղծ ձվերը. դրանց կճեպն ավելի փայլուն է: Սակայն դա ևս կարող է խաբուսիկ լինել: Հարկավոր է կոտրել ձուն և առժամանակ թողնել ափսեի մեջ. աստիճանաբար սպիտակուցն ու դեղնուցը միախառնվում են, որովհետև նույն նյութից են:

Ձվածեղ պատրաստելու դեպքում համային տարբերություն չի զգացվում, սակայն սառնարանում մի քանի ժամ թողնելով` դեղնուցն ավելի դոնդողանման է դառնում, իսկ սպիտակուցը թեթևակի դեղնում է և կարող է ճաքճքել կամ մասերի բաժանվել:

Ճիշտ է, սրանց վաճառքն արգելված է, սակայն փողատենչ գործարարները միշտ գտնում են արգելանքը շրջանցելու ձևերը: Այնպես որ, մնում է` սպառողը զգուշանա: (infoΗΖniyΖ.coΗ):