Ի պատիվ Օբամայի


Նախ, ի՞նչ պարտադիր էր մակաբույծ տափակ որդերի նոր տեսակին անպայման մարդու անուն տալ: Եվ ապա` ճանաչված ամեն անհատ կցանկանա՞ր, արդյոք, որ իր անունով դիմեին ինչ-որ մանր տափակորդերի: Ամերիկացի կենսաբան, Ինդինիայի նահանգի Սենթ-Մերի քոլեջի պրոֆեսոր Թոմաս Պլատը, սակայն իր հայտնագործած ճիճուներն անվանել է ի պատիվ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի:

Պրոֆեսորը համոզված է և հայտարարել է, որ դա պատիվ է ԱՄՆ-ի նախագահի համար, որ ոչ թե կշտամբանք կամ հեգնանք. չէ՞ որ ամեն օր չէ, որ քո անվամբ կկոչեն կենսաբանական նոր տեսակ (հաղորդել է «Ինտերֆաքս»-ը): Գիտնականը հավելել է նաև, որ շատերը հազարավոր դոլարներ են վճարում, որպեսզի իրենց պատվին իրենց անունով կենսաբանական նոր գոյեր կոչվեն:

Ի ԴԵՊ`Պլատը Նահանգների ներկա նախագահի հեռավոր ազգականն է: Ու, չգիտես ինչու, նա հայտարարել է, որ որդերի այս նոր տեսակը հաստատագրելուց և դրա անունն ընտրելուց հետո ինքը ցանկանում է ավարտել իր գործունեությունը: Իսկ մինչ այս նա հայտնագործել է կենսաբանական 30 նոր տեսակներ, որոնք անվանակոչել է ի պատիվ ընկերների ու գործընկերների:

Հիշեցնենք, որ արդեն իսկ Բարաք Օբամայի անունն են կրում սարդերի, ձկների նոր տեսակները, ինչպես նաև հնագույն մողեսը, որն արդեն սատկել է: