Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7, 8, 9-ում)

Մհերը բջջայինն ականջից հեռու չէր տանում: Արդեն մի քանի անգամ զանգել էր Տաթևին, բայց ապարդյուն` հեռախոսին չէին պատասխանում: Լուրը լսելուց րոպեներ անց` ինքը դեպքի վայրում էր: Ոստիկանները շրջափակել էին տարածքը ու իրեն հաջողվեց մտնել միայն ծանոթ ոստիկանների օգնությամբ:

Մհերը հույս ուներ գոնե այստեղ որևէ բան իմանալ Տաթևի մասին, բայց ոստիկանները ոչինչ չգիտեին: Նա նորից փորձեց զանգահարել ու հանկարծ լսեց իրեն ծանոթ հեռախոսազանգի ձայնը, որը գալիս էր մեքենայից: Արագ մոտեցավ մեքենային ու պատուհանից ներս նայեց: Տաթևի պայուսակը մեքենայի ներսում էր:

Մհերն իր մոտ կանչեց ծանոթ քրեագետներից մեկին:

- Մեքենայի ներսում իմ կնոջ պայուսակն է ու բջջայինը: Պետք է վերցնեմ:

- Մհեր, սպասիր կես ժամ, մեքենայի ներսը կնայենք, հետո…

Մհերը ոչինչ չպատասխանեց: Այս պահին ինքն այլևս աշխատակից չէր:

Անջատեց հեռախոսն ու դեռ չէր հասցրել դնել գրպանը, երբ էլեկտրոնային փոստով հաղորդագրություն եկավ:

Երբ բացեց հաղորդագրությունը, անմիջապես գլխի ընկավ, որ Տաթևն է ուղարկողը: Միայն Տաթևը կարող էր նման ծածկագրված նամակ ուղարկել: Թեպետ վերծանելն իր համար բարդ չէր, քանի որ ինքն ու Տաթևը հաճախ էին նման գաղտնագրերով նամակներ ուղարկում միմյանց, բայց նամակի առաջին տողն իր համար անհասկանալի էր: Ո՞ւմ նկատի ուներ խմբագիր ասելով: Մհերի ուղեղն աշխատում էր բոլոր ուղղություններով ու պատասխանը չուշացավ: Խոսքն այն խմբագրի մասին էր, ով առաջինն էր հասցրել օգնություն ցույց տալ: Խմբագրության հասցեն լավ ծանոթ էր իրեն, իսկ Տաթևը, հավանաբար, այնտեղ է, կամ եղել է:

«Տեսնենք ո՞րն է լինելու հաջորդ քայլը»:

***

Արտակն ու Գոհարը չէին հասցնում պատասխանել բոլոր հեռախոսազանգերին: Այդ պահին Սամվելը լրատվամիջոցների ու լրագրողների համար ամենափնտրվողն անձն էր: Ոստիկանությունից ևս զանգահարել էին ու շտապ բաժին հրավիրել, իսկ Սամվելին անգամ իրենք չէին կարողանում գտնել: Իրավիճակն ավելի էր բարդանում, քանի որ մամուլն արդեն գուժում էր փոխնախարարի մահը:

Մհերն առանց դուռը թակելու մտավ սենյակ: Գոհարը լսափողն ականջին, միաժամանակ համակարգչով նյութ էր հավաքում: Սենյակի մյուս անկյունից լսվում էր Արտակի նյարդային ձայնը.

- Չգիտեմ... չեմ կարող ասել` երբ կլինի: Անպայման կտեղեկացնեմ:

- Քննչական վարչություն,- ներկայացավ Մհերը, թեպետ քաջ գիտակցում էր, որ այս պահին նման կերպ ներկայանալը ճիշտ չէ:- Սամվելը տեղում չէ՞:

Արտակը միայն գլխով բացասական նշան արեց:

- Որտե՞ղ է նրա աշխատասենյակը:

Արտակը ցույց տվեց դիմացի դուռը:

Քննիչը բացեց դուռը, իսկ Արտակը շրջվեց դեպի Գոհարն ու ընդունեց դեմքի այն արտահայտությունը, որը հաճախ էր անում, երբ փորձում էր ասել` «Մենք մեռանք»:

Մհերը իր ետևից ծածկեց դուռն ու նայեց շուրջը: Կարծես թե նկարահանող սարքեր չկան: Նրա աչքից չվրիպեցին նոթատետրն ու մատիտը, որ սեղանին հակառակ էին դրված, իսկ նոթատետրի անկյունում նկարված էր փոքրիկ կակաչ: Այն հատուկ նշան էր` Տաթևի նշանը:

Մհերը ձեռքն առավ նոթատետրն ու սկսեց թերթել էջերը, սակայն ապարդյուն, ոչ մի գրառում չկար` բացի մի քանի հեռախոսահամարներից, որ գրվել էին վաղուց, ու Տաթևի ձեռագիրը չէր: Մհերը նկատեց, որ առջևի մի քանի էջերը պատռված են: Աչքին ընկավ մատիտը, որ դրված էր նոթատետրի կողքին: Տաթևն ամեն մանրուք հաշվի էր առել:

Մատիտի ծայրը թեքությամբ սահեցրեց թղթի վրա: Այդ կերպ հնարավոր է տեսանելի դարձնել նախորդ էջին գրվածը ու հեշտությամբ կարդալ: Տաթևի ուզածն էլ հենց այդ է եղել:

Մհերը մատիտը զգուշությամբ սկսեց շարժել թղթի վրա ու վայրկյաններ անց հնարավոր եղավ կարդալ հետևյալը.

«Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ:

Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ, որ խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդականց:

Վերցրեք կոստյումն ու հետևեք ինձ»:

Այնուհետև գրված էր հետևյալը, որը Տաթևը Սամվելին ցույց չէր տվել:

«Մ. Ս.» բանալին նրա մոտ է հայտնվել: Ստիպված եմ նրա օգնությանը դիմել, հուսով եմ` գլուխ կհանենք: Նրանք չեն հանգստանա, մինչև չոչնչացնեն բոլոր ապացույցները, իսկ այն մեկն է մնացել: Մենք կփորձենք ավելի շուտ գտնել, քան նրանք: Զգույշ եղիր, մեզ բոլորիս վտանգ է սպառնում: Դու գիտես ինչ անել: Ե. Ք. Ս.»:

«Մ. Ս»-ն իր անվան ու ազգանվան տառերն էին իսկ «Ե. Ք. Ս»-ն ` ես քեզ սիրում եմ…

Մհերը չէր ուզում հավատալ, որ այս ամենը իրականություն է, սակայն այս պահին Տաթևին մեծ վտանգ էր սպառնում:

Նա արագ դուրս եկավ սենյակից:

- Սա ես կվերցնեմ ինձ հետ, իսկ իմ այցելելու մասին ոչ մեկին ոչ մի խոսք:

Արտակն ու Գոհարը նայեցին մեկը մյուսին:

- Եղա՞վ,- հարցրեց Մհերը,- հանուն Սամվելի:

- Դուք ո՞վ եք, ներկայացե´ք,- առաջ եկավ Արտակը:

- Ես ձեզ կարո՞ղ եմ վստահել, թե՞ ոչ: Իմ կնոջն ու ձեր գործընկերոջը մահացու վտանգ է սպառնում: Եթե անգամ գիտեք, թե որտեղ է հիմա Սամվելը, չասեք և ոչ մեկի:

Արտակը չհասցրեց հաջորդ հարցը տալ: Մհերն արագ դուրս եկավ միջանք:

Շենքի մուտքից քիչ հեռու ոստիկաններ էին ու քայլում էին դեպի իր կողմ: Մհերն արագացրեց քայլերն ու շրջանցելով շենքը` մոտեցավ իր մեքենային: Ոստիկանները մտան շենք: Եթե մի փոքր էլ ուշ դուրս գար խմբագրությունից, ստիպված կլիներ ոստիկաններին բացատրել իր ով լինելը: Հեռախոսը ձեռքն առավ ու նորից կարդաց հաղորդագրությունը:

«Մեկ ժամը դեռ չի լրացել, պետք է սպասել»:

***

Սամվելին ամեն ինչ ծանոթ էր թվում: Ինքը, որպես լրագրող, հաճախ էր ուսումնասիրում մի շարք ընկերությունների գործունեությունն ու գիտեր, թե ինչպես են որոշ ընկերություններ կարողանում արագ հարստանալ: Այս դեպքը դրանցից մեկն էր: Մրցույթը շահած ընկերությունը, որի սեփականատերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյա էր, զբաղված էր ֆինանսական մեքենայություններով` սկսած օֆշորային գոտում ընկերությունների հաշվեհամարներին ուղարկված գումարների մի մասի վերադարձու մով, վերջացրած կեղծ հաշվետվություններով:

- Եթե մի կողմ դնենք ֆինանսական խարդախությունները,- շարունակեց Տաթևը,- ապա մեծ իմաստով մեր այս «Ագրոֆայն»-ը մեկ այլ, արդեն միջազգային ընկերության զոհն է:

- Այսի՞նքն…

- Տեղական այս կազմակերպությունը տվյալ կորպորացիայի հետ բավականին շահավետ պայմանագիր է կնքել, մի շարք մշակաբույսերի սերմերի ներկրման համար: Շահավետ է, քանի որ նախ շուկայականից կրկնակի էժան է, նաև, որ կառավարությունից հնարավոր էր մեծ գումար կորզել` բավականին քիչ ծախսելով: Պայմանագրի կնքումից մեկ շաբաթ առաջ Սեյշելյան կղզիներում ստեղծվում է մի կազմակերպություն, որի միջոցով պետք է կատարվեր ողջ ֆինանսական գործընթացը: Միջազգային «Յունիոն Ֆերմ»-ի համար նշանակություն չուներ թե ինչպես և որքան: Այս ընկերությանը պետք էր ամեն գնով վաճառել ապրանքը: Նորաստեղծ կազմակերպության հաշվեհամար ներին ուղարկված գումարներից միայն մի մասն է անցնում «ՅունիոնՖերմ»-ին, մեկ ամիս անց կազմակերպությունը լուծարվում է, և մնացյալ գումարը հաշվեհամարներից վերադառնում է տեղական «Ագրոֆայն»-ին: Սա` մեր տեղական կազմակերպության խարդախությունները, բայց տեսնենք, թե ինչ ավելի մեծ վտանգ կա թաքնված…

- Բայց ինչպե՞ս էր շուկայականից ավելի էժան գնում:

- Հենց հիմա կիմանաս,- շարունակեց Տաթևը:- Կառավարության գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորմանը ծանո՞թ ես:

Սամվելը գլխով արեց:

- Հենց այդ պատճառով կառավարությունը գնում է մշակաբույսերի սերմացուներ, և իհարկե, որքան մատչելի` այնքան լավ: Նույնիսկ այդքան մեքենայություններից հետո, գումարն ավելի քիչ էր կազմում, այդ պատճառով մրցույթում հաղթում է «ԱգրոՖայն»-ը: Իսկ հիմա հասկանանք, թե ինչի հաշվին է «ՅունիոնՖերմ»-ը նման մատչելի գներ ապահովում: Նրա հիմնական գնորդներն աֆրիկյան աղքատ երկրներն են: Շնորհիվ հատուկ լաբորատորիաներում ստեղծված մշակաբույսերի` սերմերն առանձնանում են մեծ բերքատվությամբ:

Սամվելը մի փոքր առաջ եկավ` ցույց տալու համար, որ Տաթևի վերջին բառերն իրեն ավելի հետաքրքրեցին:

- Գենոմոդիֆիկացված մշակաբույսե՞ր:

Տաթևը համաձայնության նշան արեց ու շարունակեց.

- Այո, հատուկ գենոմոդիֆիկացված: «ՅունիոնՖերմ»-ը միանշանակ հերքում էր մինչ այն պահը, երբ մի քանի ցանցահեններ հրապարակեցին ընկերության գաղտնի լաբորատորիաներում հետազոտությունների մասին փաստաթղթեր: Մի շարք երկրներ օրենքով արգելեցին նման սննդամթերքի ներմուծումն ու առավել ևս օգտագործումը գյուղատնտեսությունում:

Տաթևը խորը հոգոց հանեց ու շարունակեց.

- Հենց սկզբից էլ այս ամենն ինձ դուր չեկավ: Նախարարությունում լսել անգամ չէին ուզում այդ մասին: Ստիպված եղա, որպես ֆիզիկական անձ, սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն լաբորատոր փորձարկման ուղարկել ստացված մշակաբույսերի առաջին չափաբաժնից մի քանի կիլոգրամ: Տեսչությունն էլ իր հերթին Լոնդոնի լավագույն լաբորատորիայում ուսումնասիրություն անցկացրեց: Ընդամենը երկու օր առաջ ստացա պատասխանը:

Սամվելը սպասում էր խոսքի շարունակությանը, բայց Տաթևը լուռ էր:

- Հետո՞,-վերջապես հարցրեց Սամվելը:

- Հետոն ինքդ կհասկանաս, երբ կարդաս եզրակացությունը, հիմա գնանք, պետք է հանդիպենք Մհերին: Հուսով եմ` նա արդեն կարդացել է նամակը:

- Իսկ սպանությունը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ:

- Եզրակացությունը հատուկ մարմինների ձեռքում հայտնվելու դեպքում այս անգամ «ՅունիոնՖերմ»-ին ոչ միայն կտուգանեն, այլև պատասխանատվության կենթարկեն սեփական գենոմոդիֆիկացված մշակաբույսերի սերմերի արդյունավետությունը զարգացող երկրների ժողովուրդների վրա ապօրինաբար փորձարկելու համար…