Չի կարելի կրթությունը դարձնել բիզնես


Կրթության ոլորտի թերություններն ու բացերն իրենց անմիջական հետևանքներն են թողնում սերունդների վրա, որոնք վերացնելը շատ հաճախ հնարավոր չի լինում: Վատ կրթական համակարգի հետևանքով ձևավորվում է թերի զարգացած հասարակություն, որի արդյունքում ունենում ենք դեֆորմացված ազգային արժեհամակարգ ունեցող մարդկանց խմբեր` ապագայի հանդեպ անհասկանալի տեսլականներով: Ստացվում է, որ այս համակարգի բացերը մեծ խոռոչներ են առաջացնում ազգային պետություններում, ինչը հետագայում կարող է նույնիսկ սպառնալ ազգային անվտանգությանը: Հայաստանի անկախացումից մինչ օրս տարբեր փոփոխություններ են եղել կրթության ոլորտում, սակայն այդպես էլ չի հաջողվել համակարգը ոտքի կանգնեցնել: Ու թվում է, թե մոտ ապագայում նույնպես առանձնապես շատ բան հնարավոր չի լինի փոխել, քանի որ կրթության կարևորության մասին շատ հաճախ հիշվում է նոր ուսումնական տարվա սկզբին կամ աշակերտներին մեդալներ հանձնելիս:

Ոլորտի բացերի և դրանց վերացմանն ուղղված հրատապ քայլերի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը կրթության ոլորտի փորձագետ

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

- Երբ խոսվում է կրթության ոլորտի մասին, հայացքներս ուղղում ենք դպրոց ու տեսնում ենք, որ այն մի տեսակ վերածվել է ռոբոտների գործարանի: Եվ հարցերն այնքան շատ են, որ մեկ հոդվածով հնարավոր չէ բոլոր խնդիրներին անդրադառնալ: Այնուամենայնիվ, ո՞րն է այն առաջնային ամենահրատապ խնդիրը, որից պետք է սկսել կրթական ոլորտի առողջացումը:

- Առաջնային լուծման ենթակա հարցերը շատ-շատ են, բայց ամենակարևոր հարցն այն է, որ մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ, թե Հայաստանի կրթական համակարգն ինչ ուղղությամբ է զարգանում: Մեր կրթության զարգացման ծրագրերը, հայեցակարգերը տարբեր երկրների փորձերից վերցված տարբեր փաստաթղթերի համախումբ է, բայց աշխարհի յուրաքանչյուր երկիր, ելնելով իր կարիքներից, պետք է ունենա իր առանձնահատուկ մոտեցումը:

Այս տարիների ընթացքում տարբեր ծրագրեր են սկսվել, կառավարման մեթոդներ են վերանայվել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ մի բան մինչև վերջ չենք կարողացել ավարտին հասցնել:

Այսինքն, ոգևորված սկսում ենք որևէ ծրագիր իրականացնել, և որպես կանոն` այդ ծրագրերն ունենում են վարկային կամ դրամաշնորհային ֆինանսավորում: Ու երբ դրանց ֆինանսավորումն ավարտվում է, ծրագիրը մնում է կիսատ-պռատ: Այսինքն, ստացվում է, որ հասարակությունը դեռևս չհասցնելով տեսնել նախորդ քայլերի արդյունքը, նոր փոփոխության առջև է կանգնում:

- Փաստորեն մենք այս 20 տարիների ընթացքում ոչ միայն չենք կարողացել մեր կրթական համակարգը ստեղծել, այլև դեռևս չենք կարողանում կողմնորոշվել, թե ուր ենք գնում:

- Հասարակությունը ցանկանում է արդյունքներ տեսնել, որպեսզի սկսի վստահել կրթության ոլորտին: Մյուս խնդիրն այն է, որ մեծ ուշադրություն է դարձվում հայեցակարգեր, փաստաթղթեր մշակելուն, ինչը նորմալ է, բայց կրթական համակարգը Հայաստանում կզարգանա, եթե աշխատենք մարդկային ռեսուրսի զարգացման վրա: Այսինքն, պետք է ուսումնասիրվի, թե ովքեր են դառնում դպրոցների տնօրենններ, ուսուցիչներ, կամ դրանից հետո ինչպես ենք մենք նրանց հետ աշխատում և արդյո՞ք կարողանում ենք ուսուցչական կազմի մասնագիտական կարիքները բավարարել, նրանց զարգացնել, թե` ոչ: Վերապատրաստումներ կազմակերպելուց հետո գնո՞ւմ ենք տեսնելու, թե դրանից հետո ինչ է դպրոցներում փոխվել: Այս իմաստով ավելի շատ թուղթ ենք գրում, քան մարդկանց օգնում ենք կայանալ: Դրա հետևանքով էլ չի կայանում դպրոցը:

- Հայեցակարգեր մշակելու արդյունքում այսօր ուսուցիչներն ավելի շատ զբաղված են ձևական գործառույթներ իրականացնելով, քան բուն դասավանդման որակները բարձրացնելով: Դպրոցն իրականում չի կարողանում իր հիմնական առաքելությունն իրականացնել, չի կարողանում օգնել, որ երեխան ինքնուրույն զարգանա: Դրա հետևանքով տարրական դասարաններից սկսած ծնողները ստիպված են լինում առաջին դասարանից սկսած դիմել կրկնուսույցների, սա նորմա՞լ է:

- Այդ առումով ևս շատ-շատ լուրջ անելիք ունենք: Մեր ուսուցչական կազմը մի տեսակ հոգնած է, սպասելիք չունի, ոգևորությունը բավականին նվազել է: Եվ ճիշտ եք ասում, մեծ ջանքեր է դրվում կրկնուսույցների օգնությամբ առաջադրանքների կատարման համար, և դրա պահանջարկը իջել է մինչև տարրական դպրոց: Վճարունակ ընտանիքները կարող են ստանալ առավելություն, իսկ այն ընտանիքները, որոնք չունեն նման հնարավորություն, նրանց երեխաները դուրս են մնում կրթական պրոցեսներից: Այսինքն, դպրոցի շուրջ ձևավորվել է մի հսկայական վճարովի ինդուստրիա, որի արդյունքում հասարակության միջև առկա բևեռացումն արմատավորվել է նաև կրթական համակարգում: Եվ քանի որ դպրոցը չի զարգանում, դա հանգեցնում է ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդրին` անհամաչափությանը: Զարգացումն անհամաչափ է, ինչը բավական մեծ խնդիրների առջև է կանգնեցնում ողջ հասարակությանը:

- Անհամաչափություն կա նաև մայրաքաղաքի և համայնքների դպրոցների միջև: Մի տեղում դասարանները գերբեռնված են, մյուս տեղում` օրինակ հեռավոր մարզերում, աշակերտների թվաքանակը կարող է լինել մեկ-երկու: Դրա կողքին մեկ այլ պարադոքս էլ կա: Սնկի նման աճել են մասնավոր դպրոցները, և ծնողը չի կարողանում կողմնորոշվել, թե իր երեխային ինչպիսի դպրոց տանի, Սա ինչի՞ հետևանք է:

- Հայաստանն այսօր մեկ այլ խնդիր էլ ունի: Ստեղծում ենք մի քանի լավ դպրոց, որտեղ կենտրոնանում են լավ սովորող երեխաները, իսկ համակարգի զարգացմամբ ընդհանուր առմամբ չենք զբաղվում: Բայց հայտնի է, որ մի քանի դպրոցով համակարգը չի կարող զարգանալ: Իմ առաջարկն այն է, որ այս փուլում ավելի հարկավոր է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարները ոչ թե ուղղել այս կամ այն շինարարության ֆինանսավորմանը, այլ` կրթության համակարգի զարգացմանը: Դրանից բացի, եթե ստեղծվի հոգաբարձուների խորհուրդ, որտեղ կհամախմբվեն հայտնի, հեղինակավոր մարդիկ, ապա նրանց հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել մեր դպրոցները: Սա է դպրոցները զարգացնելու միակ տարբերակը: Եվ եթե մենք ազգային ծրագրերի, դասագրքերի և լավագույն մասնագետներին դպրոցներում ներգրավելու միջոցով դպրոցը չուժեղացնենք, դրանք չեն զարգանա, իսկ նման կերպ շարունակելու դեպքում կկորցնենք մեր կրթական պետական համակարգը:

- Դասագրքերի հարցը նույնպես խնդիր է, լեզուն մատչելի չէ, մյուս կողմից հայոց լեզուն մաքրելու կարիք ունենք թե´ դպրոցում, թե´ տանը և թե´ եթերում: Արդյո՞ք սրանք նույնպես փոխկապակցված խնդիրներ չեն, որոնք նույնպես կրթության որակի ցածր մակարդակի հետևանք են:

- Մի զավեշտալի բան կա: Հայաստանը մինչ օրս որևէ գումար չի ներդրել դասագրքերի հեղինակների մասնագիտական զարգացման վրա, ինչը լուրջ խնդիր է: Հայաստանի նման երկրում շատ դժվար է 37 հազար որակյալ ուսուցիչ գտնելը և դեպի դպրոց ուղղորդելը: Եվ եթե ունենանք լավ դասագրքեր, ապա գոնե կկարողանանք ապահով լինել, որ նույնիսկ ոչ այնքան որակյալ ուսուցչի դեպքում երեխան կկարողանա դասագրքի օգնությամբ իրեն անհրաժեշտ գիտելիքը ստանալ մաքուր և մատչելի մասնագիտական հայերենով:

- Ստացվում է, որ մենք ընդամենը դրվագային փոփոխություններ ենք արել. առանց տեղայնացնելու այլ երկրների փորձը` մեխանիկորեն բերել և ներդրել ենք Հայաստանում, որն ավելի է խճճել իրավիճակը: Ելքը ո՞րն է:

- Շատ կարևոր է, որ հայկական կրթական ծրագրերը մշակվեն հայկական փողերով, ոչ թե գրանտային ծրագրերի գումարներով: Պետք է հասկանալ, որ դոնոր կազմակերպություններն ունենում են իրենց որոշակի պահանջները, որոնք նաև կարող են կաշկանդել մասնագետներին: Անշուշտ կարևոր է միջազգային համագործակցությունը, բայց դասագրքեր գրելը չպետք է լինի մեխանիկական աշխատանք: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն պետք է ընտրվի ամենայն բծախնդրությամբ, որովհետև լավ տնօրեն ունենալով միայն կարող ենք շատ բան տեղից շարժել: Եթե այսօրվա տնօրենը ճանապարհ չի անցել, հեղինակություն չունի, նրա համար շատ դժվար կլինի ծնողների վստահությունը շահել: Ծնողները մեծ գումարներ են ծախսում իրենց երեխայի կրթության վրա` կրկնուսույցների ձևով, մասնավոր դպրոցներ հաճախելու ձևով, բայց մեզ պետք է, որ կրթությունը լինի պետական. այն չի կարելի դարձնել բիզնես, սեփականաշնորհել, և երկիրը տանել անկանխատեսելի ճանապարհով:

- Ի՞նչ ազատ մտածող ուսուցչի մասին կարող է խոսք լինել, եթե Կրթության նախարարությունը վերևից իջեցնում է ծրագիրը, իսկ դպրոցները պետք է այն անշեղորեն կատարեն: Լա՞վն էր այդ ծրագիրը, թե՞ ոչ` ոչ մեկին չի հետաքրքրում: Եվ շատ հաճախ դա իրականացվում է այնքանով, որքանով որ ի վիճակի են լինում: Եվ հասկանալի չէ` այս պայմաններում ուսուցիչն ինչպե՞ս կարող է ազատ և ինքնուրույն մտածելու կամ, այսպես ասած` պլանից դուրս մտածելու մասին երազել: Սա նույնպես պարադոքս չէ՞:

- Իհարկե պարադոքս է: Աշխարհում կա կրթության երկու մոդել` հաշվետվողականության և պատասխանատվության համակարգերը: Երկրորդ համակարգն ավելի լավն է, քանի որ այդ դեպքում կա գործելու ազատություն և կան պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ: Իսկ առաջինի վատն այն է, որ բոլոր ձախողումները կոտրվում են ներքևների վրա: Մենք չպետք է շատ ոգևորվենք առանձին դպրոցների և աշակերտների ձեռքբերումներով ու հաջողություններով: Մեզ պետք են ոչ թե գերազանցության կենտրոններ, այլ` գերազանցության համակարգ է պետք, որովհետև, եթե կրթության գերազանցության համակարգ չկարողանանք ստեղծել, ապա կենտրոնները մի քանի տարի հետո նույն համակարգի կողմից կոչնչանան: Դրա համար կարևոր է կրթության լավ «էկոլոգիական» համակարգի ստեղծումը, որի դեպքում անգամ ամենավատ դպրոցը կսկսի ծաղկել: Հակառակ պարագայում, եթե գնանք մի քանի դպրոց ուժեղացնելու ճանապարհով, ապա դրանք կսկսեն մյուսների արևն էլ, ջուրն էլ կտրել, և կունենանք ոչ միայն բևեռացված կրթական համակարգ, այլև հասարակություն: Ու եթե մենք չկարողանանք համերաշխ հասարակություն ունենալ, ապա շատ դժվար կլինի այս տարածաշրջանում առաջընթացի հասնելը: Դա պետք է դրսևորվի ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ առօրյայում նույնպես, և դրանով մենք կկարողնանք զարգացնել նաև պետությունը և բացառել մեզ վրա հարձակվել ցանկացողների ցանկությունները` ունենալով ուժեղ պետություն: Իմ կարծիքով` սա է երկիրը զարգացնելու առանցքային ուղին:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ