ՈՐ ՄԵ´Զ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆ

Կունենա՞նք զմիմյանս շնորհավորելու առիթ, պարոնայք նորանշանակներ

Էս ինչո՞ւ ենք էսպես իրար անցել, խառնվել, սևեռվել: Վարչապետը հրաժարական է տվել, նախարարները վայր են դրել լիազորությունները, կառավարության նոր ղեկավարի անունն արդեն հայտնի է: Առավել ևս` դեռ հուլիս ամսից խոսվում էր և´ հրաժարականի, և´ նոր եկողի մասին:…Ի՞նչ արտառոցություն կա այստեղ, որ մանանա գտած քաղցյալների պես շատերը վրա են պրծել ու քրքրում են, «ծամում», եռանդագին ասում-խոսում: Զարմանալին կատարված փաստը չէ, այլ դրա արհեստական ու հիմնականում մտացածին արձագանքները. ով` ում բարեկամն է, ում` ուր կտանեն, ով կտուժի, ով կշահի...

25 տարվա ընթացքում մեր երկրում 14-րդ կառավարությունն է կազմավորվում: Իհարկե, սա լավ օրից չէ: Իսկ ամենավատն այն է, որ նոր եկողների հանդեպ ի սկզբանե թերահավատություն է հնչում:

Կարեն Կարապետյանի պարագայում կարծես թե վերաբերմունքը մի փոքր այլ է. ոմանք նույնիսկ հրաշքներ են սպասում: Ի դեպ, նա մի մեծ առավելություն ունի` մեծահարուստ է, կայացած գործարար` եկամտի կայուն աղբյուրներով, և մեր աղքատիկ բյուջեն դժվար թե գայթակղի: Ամենակարևորը` մեր երկրում, ասել է թե` մեր ժողովրդի հաշվին չի հարստացել: Ի վերջո, այս պաշտոնը նրա համար պետք է որ նվեր չլինի, որովհետև օրավուր ավելի ու ավելի նվաղող պետության գործադիրի ղեկը փխրուն է այնքան, որ ամենաթեթև անզգուշությունն անգամ կործանարար կարող է լինել:

Հարկադիր պարապուրդի մատնված, ապրուստ հայթայթել չկարողացող ընչազուրկը, միշտ աչքն ուրիշի գրպանին` չարանում է: Չարանում է սեփական անզորությու նից: Ու հենց այդ պատճառով է ազգը հայրենիք լքում, ժողովուրդն ամբոխ է դառնում, ուսյալը` մուրացկան, գործարարը` կեղեքիչ: Հենց այս պատճառով է հողը խռովում գյուղացուց և ծաղկուն անդաստաններն անշմակ խոպան են դառնում:

Տնտեսական ոլորտում ինքնահաստատված անձը հրաշալի գիտե այս ամենը և վստահորեն ստանձնել է այդ ղեկը: Մեզ մնում է նորից ի մի հավաքել փշրված հույսի կտորտանքը, կորսված հավատի բեկորները, և մինչև օրս հնչած հետայսու հնչելիք բոլոր շնորհավորանք-մաղթանքներին հավելել.

- Մաղթում ենք, որ ՀՀ կառավարության ղեկը Ձեր ստանձնելուց կարճ ժամանակ անց մեկս մյուսին, և բոլորը մեր ժողովրդի´ն շնորհավորեն` պետության ճակատագրով մտահոգ, երկրի տնտեսությունը վերջնական կործանումից փրկող վարչապետ ունենալու համար: Վարչապետ, ով ժողովրդաշահ ձեռնարկումներով կթեթևացնի սոցիալական բեռը` արժանապատիվ կյանքի դուռ բացելով յուրաքանչյուրի առջև:

Կունենա՞նք զմիմյանս շնորհավորելու առիթ, պարոնայք նորանշանակներ: