Վարչապետի այցը շարունակվում է


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի հետ քննարկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնախնդիրը, նաեւ նավթի գների անկման միտումները եւ այս գործըթացների հնարավոր ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա: Կողմերը շոշափել են Երեւանում ԱՄՀ ներկայացուցչի գրասենյակ հիմնելու հեռանկարը: Վերջինս, ըստ կողմերի միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, կօժանդակի Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեմային` ընդգծելով, որ Հայաստանը չի առաջադրում նախապայմաններ Թուրքիայի Հանրապետությանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, իսկ Անկարան հանդես է գալիս մի շարք նախապայմաններով: *** ՀՀ վարչապետը և Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն անդրադարձել են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստա կան աշխատանքներին, որ սպասվում է հոկտեմբերի 27-28-ին Թբիլիսիում: Գործընկերները շոշափել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումների թեման: Համաշխարհային բանկի հոլանդական խմբի գործադիր տնօրեն Հերման Վայֆելսի հետ հանդիպման ընթացքում նաև Վրաստանի դեպքերին անդրադառնալով` ՀՀ վարչապետն ընդգծել է, որ կտրականապես դեմ է Վրաստանում իրավիճակի միակողմանի վերլուծություններին, քանի որ պատկերը խեղաթյուրված է լինում, երբ հաշվի չեն առնվում տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Նա վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է մասնակցություն ունենալ տարածաշրջանային ցանկացած ծրագրի: